«Հնարավորինս շատացնել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը բոլոր հնարավոր ոլորտներում։ Այդպես խնդիրներին ավելի մոտ կլինեն, և լուծումն էլ համաձայնեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձի հետ»,- Քրիստինե Փիրուզյանն այսպես է պատասխանում այն հարցին, թե ինչ փոփոխություն պետք է կատարի պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող մոտեցումներում, որպեսզի միջավայրն առավել ներառական դառնա։ Քրիստինեի խոսքով՝ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց համար խնդիրները բավականին շատ են ու նկատելի։
«Կարծում եմ՝ առաջնային խնդիրներից է դժվարամատչելիությունը, որովհետև, եթե որոշում ես ինչ-որ տեղ գնալ, նախապես պիտի մանրակրկիտ ուսումնասիրել տարածքը, հասկանալ՝ արդյոք հարմա՞ր է, օրինակ, անվասայլակ օգտագործող անձի համար, թե՞ ոչ։ Եվ սա չեմ ասում միայն մուտքում տեղադրված արհեստական թեքահարթակի համար, այլ ներսում հարմար պետքարանի համար, որը գրեթե բացակայում է կամ, լինելու դեպքում էլ, ծառայում է որպես պահեստ կամ գտնվում է ոչ սանիտարահիգիենիկ վիճակում։ Դպրոցում և բուհում վերը նշածս խնդիրը ևս կա»։
Խնդիրներ կան նաև աշխատաշուկայում, բայց ինքն այն երջանիկներից է, որ սիրելի աշխատանք ունի։ Քրիստինեն աշխատում է ԱԻՆ-ում՝ զանգերի օպերատոր, իր խոսքով՝ «Ունիսոն» ՀԿ-ի կողմից ստացել է առաջարկ ԱԻՆ-ում աշխատելու համար, ընդունել և մեծ սիրով անցել աշխատանքի։ Մինչ ԱԻՆ-ում աշխատելը որևէ կառույցում աշխատանքի անցնելու լուրջ փորձեր չի ունեցել։ Ինչպես Քրիստինեն է նշում, հիմա մարդկանց մոտեցումը փոխվել է դեպի ավելի լավը, այլևս շատ չկան վախեցած, խղճահարված հայացքները։ Օգնելու ցանկությունն է մեծացել։ Ինքը ամուսնացած է ու ունի մեկ դուստր: Այն հարցին, թե արդյոք ընտանիքի դերն ու մոտեցումը որքանով է կարևոր, Քրիստինեն պատասխանում է։
«Կարծում եմ՝ հաշմանդամություն ունեցող և չունեցող անձի համար ընտանիքի դերը շատ կարևոր է և առաջնային տեղում է։ Այստեղ կապ չունի մարդն ունի հաշմանդամություն, թե ոչ, նա ուղղակի մարդ է, վերջ։ Տարանջատելու կարիք բացարձակ չեմ տեսնում և, առհասարակ, իմ խորհուրդը հաշմանդամություն ունեցող անձանց՝ չկառչել հաշմանդամություն բառից, թույլ չտալ, որ իրենց խղճան, ապրել, զգալ, սիրել, երազել հնարավորինս այնպես, ինչպես դա կանեին, եթե չունենային հաշմանդամություն։ Չփորձել սահմանափակել եղած հնարավորությունները։ Լինել խնամված, գեղեցիկ և հաճախ ժպտալ»,-սա Քրիստինեի խորհուրդն է հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք երկմտում են կարծրատիպերի դեմ պայքարում։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան