Օրեր առաջ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց զբաղվածության խթանման մի
միջոցառում, որը վերաբերում է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց։ Կառավարության հաստատած զբաղվածության խթանման այս միջոցառման նպատակն է մեծացնել ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները: Միջոցառման շրջանակներում հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձին առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին տրամադրվում է սահմանված լրացուցիչ
աջակցություն։
Հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձի աշխատանքի ընդունելիս գործատուին պետական աջակցության գումարը կազմում է՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի 100 %, բայց ոչ ավելի, քան ամսական 50 հազար դրամ եւ խելամիտ հարմարեցման համար կատարված ծախսերի միանվագ փոխհատուցում՝ առավելագույնը 500 հազար դրամի չափով։
Coalition-ը տարբեր կառույցների գործատուներից փորձել է հետաքրքրվել, թե ինչպիսի կարծիք ունեն զբաղվածության այս ծրագրի վերաբերյալ, արդյոք տեսնում են ռիսկեր։ Կախված կառույցի տեսակից, կարծիքները տարբեր են։ Պետական եւ համայնքային կառույցներում պատրաստակամ են ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց, պետական աջակցությամբ նրանց համար պայմաններ ստեղծել, սակայն իրավիճակն այլ է մասնավոր, հատկապես, սպասարկման ոլորտում։ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Սյուզաննա Վարդանյանն ասում է, որ համայնքապետարանը մշտապես պատրաստ է աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց համար համապատասխան միջավայր ստեղծել։ Անկեղծանում է՝ թեպետ աշխատանքի ընդունելիս անձամբ չի հանդիպել հաշմանդամությունը խտրականություն դիտելու երեւույթի, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում նման խնդիր առկա չէ։
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը եւս տեղին է համարում կառավարության հաստատած զբաղվածության այս միջոցառումը, թեպետեւ ծրագիրը իրավաբաննների հետ քննարկելու է։
«Իհարկե, հաշմանդամություն ունեցող անձանց համար էլ պետք է ստեղծվեն բոլոր պայմանները։ Կարող է հաշմանդամություն ունեցող անձը ֆիզիկական խնդիրներ ունենա, բայց կարող է շատ լավ մասնագետ լինի։ Այս ծրագիրը հաստատվել է հօգուտ բոլորիս։ Հաշմանդամություն ունեցող անձը պիտի հնարավորություն ունենա իր ներուժն օգտագործելու»,-ասում է Ե.Սերոբյանը։
Հանրախանութի համասեփականատերերից տիկին Սուսաննան եւս ծանոթ է կառավարության այս ծրագրին, բայց խոստովանում է, սպասարկման ոլորտում, այս ծրագիրը հնարավոր չէ իրագործել։
«Մի քանի ամիս առաջ ինձ տեղաշարժման խնդիրներ ունեցող մի կին դիմեց՝ խանութում վաճառող աշխատելու խնդրանքով։ Ես դեմ չեղա, բայց գիտեի, որ չի կարողանա անվասայլակով կատարել գնորդների պահանջները։ 2 շաբաթ աշխատեց, ապա ինքնակամ հեռացավ։ Իհարկե, թեթեւ խնդիրներ ունեցող մարդիկ եւս դիմել են ինձ, ես ընդառաջել եմ, սակայն սպասարկման ոլորտում մենք ունենք պահանջկոտ եւ կարծրատիպերով շարժվող գնորդներ, հաճախորդներ, իսկ նրանց պահանջները ես պիտի բավարարեմ, որ լինեմ մրցունակ»,-եզրափակում է նա։
Ծրագրի միջոցառման շրջանակներում գործատու է համարվում Հայաստանի Հանրապետության
տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձը կամ անհատ
ձեռնարկատերը, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական
կառավարման համակարգի մարմին, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել է
առնվազն 10 վարձու աշխատող:
Միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում այն գործատուին, որն աշխատանքային պայմանագիր է կնքում այն գործազուրկի կամ հաշմանդամություն ունեցող անձի հետ, որը մինչեւ սույն միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին երեք ամսվա ընթացքում չի հանդիսացել հարկ վճարող աշխատող եւ վերջին վեց ամսվա ընթացքում չի եղել աշխատանքային հարաբերությունների մեջ տվյալ գործատուի հետ։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական
բարեփոխումների կոալիցիան, եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության
տեսակետները:
Անի Մկրտչյան