Օր-օրի սրվող ցավեր ու մեծացող անորոշություն։ 26-ամյա Յուրա Ավագյանը Մարտունիում է բնակվում, մոր հետ։ Կարճահասակ տղայի մոտ ոտքի փտախտ է ախտորոշվել, խիստ կարիք ունի բժշկական օգնության ու ստուգումների, բայց հնարավորություն չկա։
Ժամանակին ստուգումների համար Երևան էր գալիս, հիմա ոչ միայն Երևան, այլև Ստեփանակերտի հիվանդանոց հասնել չեն կարողանում։ Մեքենաների մեջ վառելիք չկա, ոտքով հասնելն էլ անիրական է։
«Միակ բանը, որ այս պահին հնարավոր է անել՝ դիմանալն է։ Հույսն օր-օրի փոքրանում է, բայց այլ տարբերակ չունենք, պետք է նստենք ու հուսանք, որ մի օր սովից կամ ցավից չենք մեռնի», — ասում է Յուրայի մայրը։
Յուրայի մայրը երբեմն կիսասոված է օրը լուսացնում՝ տղայի մոտ կուշտ ձևանալով։ Ես կդիմանամ, ասում է, կարևորը տղաս լավ լինի։
«Ես ամեն ինչի էլ կդիմանամ, ինձ համար չեմ մտածում, բայց տղաս ցավերի մեջ, ո՞նց կարող եմ սոված թողել։ Չնայած կուշտն էլ է հարաբերական, սնունդ չկա, մի քիչ մակարոնով մեզ խաբում ենք, թե սնվեցինք։ Քաղցրի մասին էլ չասեմ, երազանք է դարձել», — խորը հոգոց քաշելով ասում է մայրը։
Անորոշության սարսափը այսօր կախված է 120 000 արցախահայության գլխին, ներառյալ՝ շուրջ 30 000 երեխա, 20 000 տարեց, հաշմանդամություն ունեցող 9 000 անձ։ Արդեն մոտ 7 ամիս է, Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ հունիսի 15-ից ընդհանրապես առաջին անհրաժեշտության ապրանք չի մտնում։ Արցախը գոյատևում է ներքին ռեսուրսների հաշվին։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան