«Ահա թե ինչ ա լինում, երբ մատչելիությանը նայում են որպես անհասկանալի պարտականություն ու բեռ, ոչ թե որպես հարմարություն». Օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում նման գրառում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանն ու կից հրապարակեց Վանաձորի փողոցներից մեկում կառուցված թեքահարթակի լուսանկարը։
Coalition.am-ը զրուցեց Վարդինե Գրիգորյանի հետ ու զրույցից պարզ դարձավ, որ թեքահարթակը չի համապատասխանում ստանդարտներին։
Վերանորոգվող Գարեգին Նժդեհ փողոցում նման մի քանի թեքահարթակ է կառուցվել, որոնք միայն անհարմարություն են ստեղծելու, ասում է Վարդինեն։
«Այդ թեքահարթակ կոչվածի եզրերը այդպես սուր մնացել են։ Գոնե այդ սուր անկյունները տաշեին կամ ասֆալտ լցնեին, թեքություն տային, չգիտեմ, մի բան կարող էին անել, բայց կապալառու ընկերությունը թեքահարթակ կառուցելու պատվեր է ստացել և կառուցել է ինչպես որ պատկերացրել է, այլ ոչ թե ինչպես որ պետք է», — ասում է Վարդինեն։
Նա փորձել է խոսել թեքահարթակը կառուցող շինարարների հետ, բայց պարզվում է արդեն ոչինչ փոխել հնարավոր չէ, ուշացել է։
«Իրենք մտածել են, որ ճիշտ ձևը դա է և եթե շուտ ասեի, կարող է ուրիշ ձև սարքեին, բայց արդեն սարքել են և ուշ է քանդելու համար։ Նման թեքահարթակը վտանգավոր է, շատ ուշադիր պետք է անցնես, հակառակ դեպքում փորձանքն անխուսափելի է։ Այդ թեքահարթակը անհարմար է բոլորի համար։ Անիմաստ վատնվում է անցումի ամենաբանուկ հատվածը, կողքից քայլող մարդիկ անդադար դժվարություն են զգալու։ Կան անվասայլակներ, որ հազիվ կտեղավորվեն, կան մեծ մանկասայլակներ, որ ընդհանրապես չեն տեղավորվի և այլն։ Եթե թեքությամբ ուղղակի ասֆալտ լցնեին, ավելի հարմար կլիներ», — նշում է Վարդինեն։
Վանաձորում եղած թեքահարթակներն այդքան էլ շատ չեն, եղածներն էլ անհարմար են։ Միակ թեքահարթակը, որ կառուցվել է ստանդարտներին համապատասխան, Սոցիալական ծառայությունների շենքինն է, ասում է Վարդինեն, իսկ Ազնավուրի անվան Մշակույթի պալատի մոտի թեքահարթակը քանդեցին, պատճառաբանելով, որ տեսքը փչացնում է։ Թեքահարթակ չկա նույնիսկ Հրապարակի կողքը, միան աստիճաններ են։
«Այդտեղ թեք քարեր են դրված, որ շատ վտանգավոր է ու նույնիսկ մանկասայլակով չես կարող անցնել դրա վրայով», — նկատում է զրուցակիցս։
Վանաձորում մեծածավալ ճանապարհաշինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է այս տարվա մայիսին։ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ 2023թ-ին Վանաձորում նախատեսված ճաննապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը 17,75 մլրդ դրամ է։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է նորոգել 5,93կմ ճանապարհ։ Այդ թվում նորոգվում է Գ․ Նժդեհի փողոցը։ Սուբվենցիոն ծրագրով նորոգվող այդ փողոցում նախատեսված են նաև թեքահարթակներ, coalition.am-ին տեղեկացրեցին Վանաձորի համայնքապետարանից։
«Բոլոր թեքահարթակները կառուցվում են միջազգային ստանդարտներին համապատասխան, 1մ լայնությունը պահպանված է, որոշ հատվածներում էլ թեքահարթակը ամբողջ մայթի երկայնքով է կառուցվում։ Բոլոր ծրագրերը հաստատված են Քաղաքաշինության կոմիտեի կողմից և աշխատանքները ավարտելուց հետո կստուգվեն, եթե ստանդարտներին համապատասխան չլինի, չենք ընդունի և կապալառու ընկերությունը պարտավոր կլինի թերությունները վերացնել»,-միայն այսքանը ասացին համայնքապետարանից։
«Երանի մի օր մարդիկ հասկանային, որ ստանդարտը նաև ընդհանուր հարմարությունը պետք է լինի»,-համայնքապետարանի պատասխանից հետո արձագանքեց Վարդինե Գրիգորյանը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան