Գյումրու «Էմիլի Արեգակ» կենտրոնն իր հարկի տակ ընդունում և դիմավորում է ոչ միայն երեխաներին, այլև 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած, հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին: Նրանք այստեղ ստանում են հոգեբանական և վերականգնողական աջակցություն՝ էլեկտրաստիմուլյացիաների, ռեֆլեքսոթերապիայի, մերսումների, բուժական ֆիզկուլտուրայի միջոցով (կինեզոթերապիա)։
Նախաձեռնությունն իրականացվում է Հայկական Կարիտասի «Դիմակայունություն COVID-19-ին Հայաստանում և Վրաստանում ու արձագանք Լեռնային Ղարաբաղի Հակամարտությանը» (CoNaKa) ծրագրի շրջանակներում:
Այս պահին ծրագրի շահառու է 44-օրյա պատերազմի մասնակից մոտ 50 զինվոր:
Ծրագրի համակարգող Վերգինե Գասպարյանն ասում է, այն ՀՀ բոլոր մարզերի համար է նախատեսված: Հոգեբանական աջակցությունը տրամադրվում է Լոռիում, Գեղարքունիքում և Գյումրիում, որովհետև այդ մարզերում Հայկական Կարիտասն ունի կենտրոններ, իսկ Երևանում, կամ մայրաքաղաքին մոտ գտնվողներին դիմելու դեպքում ուղղորդում են այլ կենտրոններ:
Ֆիզիոթերապիան միայն Գյումրիում է իրականացվում՝ «Էմիլի Արեգակ» կենտրոնում, տեղի մասնագետներն են աշխատում զինվորների հետ:
«Զինվորները հաճախում են այնքան, ինչքան կարիքը կա: Զինվոր կա 3 ամիս է այցելում, կա զինվոր՝ 6 ամիս: Լինում է, որ գալիս, ստանում է ֆիզիոթերապիան, հետո գնում է այլ բուժման, վիրահատության, այնուհետ վերադառնում է կենտրոն, շարունակում կուրսը: Աշխատում ենք ըստ բժշկական ցուցումի»,- ասում է Վերգինեն:
Բժշկական բաղադրիչին զուգահեռ զինվորները նաև այլ հմտություններ էլ են ձեռք բերում, ցանկության դեպքում մասնակցում ծրագրի փուլերին, ձեռք բերում մասնագիտություն, զարգացնում իրենց բիզնես հմտությունները:
Արդեն դրամաշնորհ ստացած զինվոր ունեն, սպասում են մյուսների մասնակցություններին:
«Մեր հիմնական նպատակը հետևյալն էր. սկզբում հումանիտար աջակցություն ենք տրամադրել, հետո դիմել են տնտեսականի համար: Չենք օգնել կարճաժամկետ, տվել ենք հնարավորություն, որ կայանան, ձեռք բերեն մասնագիտական գիտելիք ու եկամուտ գեներացնեն: Դրական արդյունքներ շատ ունենք, մեծ փոփոխություններ կան մեր զինվորների մոտ»,- ասում է ծրագրի համակարգողը:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Արմենուհի Մինասյան