Նելլան հաշմանդամությունը դատավճիռ չի համարել։ Շարունակել է ապրել ու պայքարել հաջողության հասնելու համար։ «Կյանքը ցավոտ հարվածներ հասցրեց, բայց ես ուժ գտա իմ մեջ ու ապրեցի, առաջ շարժվեցի, այդպիսով երջանկացնելով ինքս ինձ ու օրինակ ծառայելով մյուսներին»,-ասում է 50-ամյա Նելլա Չարչյանը։
Նա հաշմանդամություն ունի 14 տարեկանից՝ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով։ Այդ ժամանակ 8-րդ դասարան է եղել, բայց չի ընկճվել, պատմում է՝ պայքարել է ու դպրոցն ավարտել տնային ուսուցմամբ։
«Ցավոք բարձրագույն կրթություն չունեմ, քանի որ սովետական տարիներին բուհում սովորելն անհնարին էր, չկար որևէ հարմարություն։ Ես մնացի անուսում»,-ասում է նա։
Կինն իրեն հաջողակ է համարում։ Շեշտում է հատկապես, որ չնայած առկա դժվարություններին հնարավորություն է ունեցել մայրանալու՝ կոտրելով շրջապատում առկա կարծրատիպերը։ Նա 9-ամյա որդի ունի։ Թեև տղայի հայրը հեռացել է մինչ նրա ծնվելը, սակայն, Նելլան իրեն դժբախտ չի համարում։
« Ես 37 տարեկանում եմ ծանոթացել որդուս հոր հետ և չէի կարծում, որ կարող է խաբել։ Ծնողները թույլ չտվեցին, որ հաշմանդամություն ունեցող կնոջ հետ ապրի»,-ասում է նա ու շեշտում՝ իր մայրանալու որոշումը պետք է օրինակ լինի հաշմանդամություն ունեցող բոլոր կանանց համար։
Նելլան 2013 թվականից աշխատանքի է անցել ԱԻՆ 911 արագ արձագանքման կենտրոնում է, աշխատում է արդեն 10 տարի։ Աշխատանքին զուգահեռ «Փարոս» երգչախմբում է երգում։ 1993 թվականից գործող երգչախմբի շրջանակներում համերգների է մասնակցել Մեծ Բրիտանիայում, Բեյրութում, Ռուսաստանում և Ֆրանսիայում։ «Երեք համերգ ենք տվել Ֆրանսիայում»,-ասում է նա և հավելում՝ պատրաստվում են երգչախմբի հիմնադրման աշնանը կայանալիք համերգին։
Նելլա Չարչյանի նախասիրությունների թվում են գորգագործությունը, ձեռագործությունն ու խոհանոցը։
«Գորգագործությունը սովորեցի, բայց չեմ կարողանում զբաղվել, քանի որ այդ սարքավորումների համար տեղ չկա, երբ իմ տունն ունենամ, որպես հոբբի կզբաղվեմ։ Ես շատ-շատ սիրեցի գորգագործությունը, մի քանի ամսվա մեջ կարող եմ իմ համար մի գորգ ստեղծել, բայց դա չեմ կարող աշխատանք համարել ու եկամուտ ստանալ։ Զբաղվում եմ նաև ձեռնագործությամբ, ինչը կապված է ձեռքի աշխատանքի հետ ես ամեն ինչ սիրում եմ։ Սիրում եմ թխել, եփել»,-ասաց նա։
Վերջում կարևոր է համարում նշել՝ իրեն հաջողակ է համարում։
«Իմ հաջողությունն այն եմ համարում, որ իմ տղային լավ մարդ եմ մեծացնում, լավ սովորում է դպրոցում, ես սիրված եմ մարդկանց կողմից, շրջապատս ինձ լավ է վերաբերվում։ Ես համարում եմ, որ կնոջ հաջողություններից ու երջանկություններից մեկն էլ իր երեխան է»։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան