34-ամյա Անդրանիկ Բաբայանը հաշմանդամությունը համարում է Աստծո կողմից իրեն ուղղված «մարտահրավեր», ինչն իր խոսքով՝ ինքն իրեն փորձելու, նպատակներին հասնելու և դժվարությունները հաղթահարելու համար է, իսկ դրանք քիչ չեն եղել։
Անդրանիկը դեռևս մանուկ հասակից ունի ողնաշարի թեքվածության խնդիր (սկոլիոզ), որի հետևանքով քայլելիս դժվարություններ են առաջանում։
Պատմում է՝ ամենադժվարն եղել է՝ առաջին մասնագիտությամբ՝ որպես ձեռնարկությունների տնտեսագետ-կառավարիչ աշխատանք փնտրելու ընթացքը, երբ շատ գործատուներ ասել են՝ կզանգահարեն, բայց ոչ մի զանգ՝ այդպես էլ չի ստացել։ Նման մի քանի փորձ անելուց հետո հասկացել է՝ սխալ ընտրություն է արել․․․ Լավատեսությամբ լցված որոշել է, ի վերջո, իրագործել մանկության երազանքը, դառնալ հոգեբան։ Ինչպես ասում է՝ հույսերն այս ոլորտի հետ կապված մեծ էին, իսկ երազանքները՝ շատ։
«Հուսահատության ֆոնի վրա որոշեցի՝ ընդունվել և երկրորդ անգամ ստանալ բարձրագույն կրթություն․․․ Հույս ունեի, որ հոգեբանի մասնագիտությամբ աշխատանք կգտնեմ և այդպես էլ եղավ․ 4-րդ կուրսում էի, երբ մեզ՝ 6 ուսանողների հրավիրեցին Կոշի մանկական վերականգնողական կենտրոն, որպեսզի մենք այնտեղ կամավոր աշխատենք և ձեռք բերենք փորձառություն․ այդպես սկսվեց իմ աշխատանքային կարիերան»,- coalition.am- ին պատմում է Անդրանիկը և ավելացնում՝ օր օրի համոզվում է, որ սա իր կայացրած որոշումներից ամենաճիշտն էր։ Մասնագիտության ընտրությունն իրեն օգնել է նաև՝ նպատակներն ու անելիքներն առավել լավ հասկանալու, ինչպես նաև՝ որպես անհատ կայանալու։
Անդրանիկը` որպես հոգեբան, մասնագիտացած է ներառականության ոլորտում, շուրջ 10 տարի է՝ աշխատում է հաշմանդամություն ունեցողունեցող երեխաների հետ։ Տարաբնույթ հարցերի բախվելով հասկացել է՝ պետք է անպայման մասնագիտանա հենց այդ ոլորտում։ Նշում է՝ նպատակը մեկն է` որքան հնարավոր է շատ երեխաների օգնել ներառվել հասարակությանը՝ հավատալով սեփական ուժերին:
Աշխատանքի մասին շատ մեծ ոգևորությամբ է խոսում, ասում է՝ անչափ պարտավորեցնող է երեխաների հետ աշխատելը, բայց և՝ շատ հաճելի։ Նա վստահ է՝ այն աշխատանքը, որն արվում է մեծ նվիրումով, արդյունքն առավել ակներև է։
«Երեխաների միջավայրում գտնվելիս մոռանում եմ, որ մեծահասակ եմ, իրենց հետ ինձ հրաշալի եմ զգում, ես իրենց եմ շատ լավ հասկանում, իրենք՝ ինձ»,- ասում է Անդրանիկը։ Նրա խոսքով՝ աշխատանքում դրական արդյունք ունենալու համար շատ կարևոր է երեխաների վստահությանն արժանանալը և նրանց հետ ճիշտ կոնտակտ ստեղծելը, առաջնահերթ պայմաններից է նաև՝ ծնողին հոգեբանական աջակցություն տրամադրելը։
«Աշխատել երեխայի հետ նախ և առաջ նշանակում է՝ աշխատել ընտանիքի հետ, որովհետև կան ծնողներ, որոնք ևս ունեն կարծրատիպ և մտածում են, եթե երեխան ունի հաշմանդամություն, ուրեմն չի կարող ինչ-որ բանի հասնել, մինչդեռ մենք՝ ինքներս պետք է կարողանանք բացահայտել նրանց կարողությունները և ճիշտ օգտագործենք իրենց ռեսուրսները»,- նկատում է նա և հավելում, որ դրանք շատ հաճախ անտեսվում են կամ թերագնահատվում։ Նման խնդիրների ինքը ևս բախվել է, սակայն սեփական ու պրակտիկ փորձով համոզվել, եթե մարդն ունի ինտելեկտ, ապա անկախ իր ֆիզիկական կարողություններից՝ կարող է պիտանի լինել և ունենալ հաջողություններ։
«Հենց այդ կարծրատիպերն են ինձ դրդել առաջ գնալու․․․ Միշտ մտածել եմ՝ չկա չեմ կարող, կա ուզում եմ և կա չեմ ուզում․ ուստի հուսահատվելը մշտապես ինձ համար եղել է ամենավատ տարբերակը»,- ասում է նա։
Ըստ Անդրանիկի՝ միայն արտաքին հարմարեցումներ ստեղծելու, թեքահարթակներ կառուցելու դեպքում հաշմանդամություն ունեցող անձն իրեն հասարակության մեջ լիարժեք չի զգա, դրա համար պետք է նրան օգնել նաև՝ ներքին հարմարություն զգալու հարցում։
Անդրանիկը լիահույս է՝ ի վերջո գալու է ժամանակ, երբ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների միջև այլևս տարբերակում չի դրվի։ Ասում է՝ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է՝ անկախ իր ֆիզիկական վիճակից։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մերի Մաթևոսյան