Հիվանդանոցային պայմաններում երեխաների վերականգնողական բուժումը կախված հիվանդ երեխայի վիճակից և ախտորոշումից, կարող է իրականացվել ոչ ավելի քան 46 օր՝ մեկ տարվա ընթացքում: Այս մասին Coalition.am կայքի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Հիշեցնեմ, որ ծնողները դժգոհում էին հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող պետպատվերի քանակի կրճատումից։ Ըստ նրանց, եթե նախկինում տարեկան 3-4 անգամ էին սպասարկվում, ապա այժմ տարեկան միայն 2 անգամ կարող են բուժում անցնել վերականգնողական կենտրոններում, ինչը շատ քիչ է և դրա կարիքն ունեցող երեխաների մոտ հետընթաց է գրանցվում, առողջական խնդիրներ են ի հայտ գալիս։
Մենք Առողջապահության նախարարություն գրավոր հարցում էինք ուղարկել, հասկանալու համար, թե ո՞րն է եղել պետպատվերի կրճատման պատճառը և նախկինում քանի՞ այց էր նախատեսված։ Այս հարցերի պատասխանն, այնուամենայնիվ, չստացանք։ Ստորև ներկայացնում ենք նախարարությունից ստացված հարցման պատասխանն ամբողջությամբ։
«Առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 2-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով երեխաների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման եւ իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 34-Ն հրամանով սահմանված՝ հիվանդանոցային պայմաններում երեխաների վերականգնողական բուժումը կախված հիվանդ երեխայի վիճակից և ախտորոշումից, կարող է իրականացվել ոչ ավելի քան 46 օր՝ մեկ տարվա ընթացքում: Նույն հրամանի գլուխ 11-ի 57-րդ, 58-րդ եւ 59-րդ կետերի համաձայն՝ արտահիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժում տրամադրվում է մտավոր, հոգեկան, լսողական եւ զարգացման հապաղումների եւ խանգարումների հետեւանքով առաջացած հիվանդությունների եւ վիճակների դեպքում եւ բուժման առաջին տարվա ընթացքում նախատեսվում է ոչ ավելի, քան 70 այցելություն, իսկ հաջորդ բուժման կուրսը ոչ ավելի, քան 40 այցելություն: Ծրագրի շրջանակներում ամբուլատոր պայմաններում բուժման վերականգնողական առաջնահերթությունը տրվում է մինչեւ 5 տարեկան աուտիզմ եւ հոգեխոսքային զարգացման հապաղում ունեցող երեխաներին:
Բժշկական կազմակերպությունները հաշվի առնելով երեխաների արտահիվանդանոցային վերականգնողական բուժման համար հրամանով սահմանված այցելությունների անհրաժեշտ քանակը բժշկական օգնությունը պետք է կազմակերպի յուրաքանչյուր պացիենտի համար ամբողջական ծավալով: Դիմելիության բարձր ցուցանիշի դեպքում բուժօգնությունը պետք է իրականացել հերթագրման եղանակով՝ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Հերթագրված հիվանդների բուժման կամ հետազոտման ժամանակացույցը (հերթը) կարող է փոփոխվել միայն հիվանդի առողջական վիճակից ելնելով, եւ հիվանդին կարող է արտահերթ բժշկական օգնություն տրամադրվել համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, որի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից՝ անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ: Տեղեկացնում եմ նաեւ, որ վերականգնողական բժշկական օգնության ծառայություններ մատուցում են հետեւյալ բժշկական կազմակերպություններում՝ «Արաբկիր Բժշկական Համալիր» ԵԴԱԻ ՍՊԸ, «Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ, «Հանրապետական Վերականգնողական Կենտրոն» ՓԲԸ, «Արմենակ եւ Աննա Թադեոսեանների բժշկական կենտրոն» հիմնադրամ, «Հայ մայրեր բարեգործական» ՀԿ, «Զարիշատ/Արամ Մարտին Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ ՓԲԸ», «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Գուգարք ԿՊ» ՊՓԲԸ, «Սեւանի ԲԿ» ՓԲԸ, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Գյումրու Ա.Կուպերսթոքի անվան վերականգնողական կենտրոն», «Արարատ մոր ու մանկան առողջարան»:
Պետք է նշենք, որ 2022 թվականին մատուցվել է շուրջ 90172 վերականգնողական բժշկական օգնության ծառայություն, որի համար ՀՀ պետական բյուջեի «Առողջապահութուն» բաժնի համապատասխան ծրագրերով եւ միջոցառումներով 2022 թվականին տրամադրվել է շուրջ 629,831,000 ՀՀ դրամ:
Հավելում ենք նաեւ որ, վերականգնողական բժշկական օգնության ծառայությունների քանակի վերանայում ներկայումս չի նախատեսվում»։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան