Րաֆֆին զրկված է ամեն օր դրսում զբոսնելու, մաքուր օդ շնչելու և ընկերներին բակում հանդիպելու հնարավորությունից։ Նա հաշմանդամություն ունի, ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, տանից դուրս է գալիս միայն հայրիկի օգնությամբ։
«Հայրիկը տանը եղավ դուրս կգան միասին , չեղավ՝ չի կարողանում դուրս գալ, որովհետև սայլակով իջացնելը դժվար է։ Հայրիկը երեկ գործից շուտ էր դուրս եկել, որ ինքը կարողանա դուրս գալ, նեղվում էր առավոտյան, որ չի կարողանում դուրս գալ»,-խնդիրը ներկայացրեց մայրը՝ Հասմիկ Հակոբյանը։
Րաֆֆին 16 տարեկան է, առողջական խնդիրներն ի ծնե են։ Նա ընտանիքի հետ բնակվում է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում։ Տունը գտնվում է 2-րդ հարկում, բնակելի շենքում չկան հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակներ։ Ուշագրավ է, որ բնակելի շենքը շահագործման է հանձնվել 2015 թվականին և թեքահարթակի առկայության մասին չեն մտածել։ Օր է լինում, որ Րաֆֆին զբոսնելու իր իրավունքը չի կարողացնում իրացնել։
«Մինչև անցած տարի ես կարողանում էի իջացնել սայլակը՝ տատիկի և եղբոր հետ, հիմա ծանրացել է միայն հայրն է օգնում, որ դուրս գա»,-ասաց մայրը՝ նշելով, որ ամուսինն ամեն օր աշխատանքի է և միշտ չէ, որ կաողանում է շուտ վերադառնալ տուն։
Գյուղական համայնքներում բնակվող հաշմանդամություն ունեցող անձինք գրեթե զրկված են տեղաշարժվելու համար նախատեսված ենթակառուցվածքներից։ Եթե Երևանում ու մյուս քաղաքներում քննադատություններն ուղղված են, օրինակ, կառուցված թեքահարթակի անհարմարավետությանը, ապա գյուղական բնակավայրերում դրանք բացակայում են, ինչպիսին, օրինակ, Ծաղկահովիտն է։
Ծաղկահովիտի կազմում 10 բնակավայր կա, բնակիչների ընդհանուր թիվը շուրջ 11 հազար է, ըստ համայնքի պաշտոնական կայքի, բնակիչներից 387-ը հաշմանդամություն ունի, սակայն, հստակեցված չէ, թե նրանցից քանիսն ունի հենաշարժկան խնդիրներ։
Ծաղկահովիտի բարձրահարկ շենքերում թեքահարթակների բացակայությունը պարբերաբար հայտնվում է քննարկումների կենտրոնում, սակայն, խնդրին լուծում չի տրվում։
«Նորակառույց շենք է, պետք է թույլտվություն վերցնեն, քանդեն, պատրաստեն։ Ծրագիր կար, որ տանից մինչև դպրոց թեքահարթակ կառուցեին, քանի որ դպրոցում էլ չկա, բայց հետո մասնագետ եկավ տնային ուսուցում կազմակերպվեց»,-ասաց Հասմիկ Հակոբյանը։
Ծաղկահովիտում առկա դպրոցներում և համայնքապետարանի շենքում ևս չկան թեքահարթակներ։ Րաֆֆին զրկված է եղել դպրոց գնալու հնարավորությունից, նրա համար կրթություն ստանալու պայմաններ են ստեղծել տանը։
Համայնքի տրանսպորտը ևս հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց։ Նրանց տեղաշարժը համայնքից դուրս հիմնականում կազմակերպում են անձնական ավտոմեքենաների միջոցով։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան