Արթուր Գալստյանը ծնվել է Հայաստանի համար դժվարին ժամանակներում՝ 1991 թվականին։ Այդ ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց, ներառականության մասին խոսելը շատ խորթ էր։ Հասակակիցներից հետ չմնալու և հասարակություն ինտեգրվելու իր առաջին քայլերը բավականին դժվար էին. հիշում է Արթուրը։ 1998 թվականին, երբ նա փորձել է դպրոց գնալ, ներառական կրթության բացակայության պատճառով նա ստիպված է եղել տնային ուսուցման անցնել մինչև 8-րդ դասարան։
«Կարծրատիպերը այդ ժամանակ ավելի շատ էին, քան հիմա. չնայած այդպես պետք է լիներ հետխորհրդային երկրում՝ ինչպիսին Հայաստանն էր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձը չէր կարող համարվել հասարակության լիարժեք անդամ։ Այսինքն, երբ այդ ժամանակ տեսնում էին սայլակով շարժվող մարդ, իսկ ես այդ ժամանակ սայլակով էի, ուրեմն, անպայման մտածում էին, որ նա ունի նաև մտավոր խնդիրներ, չունի հնարավորություն՝ մյուսների հետ հավասար առաջ շարժվելու և զարգանալու»:
Արթուրի խոսքով՝ 2000 թվականին, որպես գաղափարախոսություն, ներառական կրթությունը կար Հայաստանում, բայց դա հեռու էր ներառականությունից, այսինքն՝ ստացվում էր այնպես, որ հաշմանդամություն ունեցող անձը ուղղակի մտնում էր դասարան, բայց չէր ներառվում դասընկերների շրջանում. պատճառը նաև շենքային պայմաններն ու մասնագետների պակասն են եղել այդ ժամանակ։
«Երբ 8-9-րդ դասարան փորձեցի կրթությունս շարունակել դպրոցում, հասակակիցներս ուսուցչին ուղիղ հարցրին՝ ինչո՞ւ պետք է սովորեն ինձ հետ և պարտավոր չեն ինձ հետ նստել նույն դասարանում։ Այդ դեպքից հետո ես փորձեցի գտնել մի նոր կրթական վայր, որը եղավ Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանը, որտեղ նոր հեռանկարներ բացվեցին ինձ համար։ Ընտանիքս էլ աջակցում էր ինձ, ու կարողացա ապացուցել, որ ես կարող եմ ավելին. կապ չունի՝ սայլակո՞վ եմ, թե՞ հենակով։ Հաշմանդամություն ունեցող անձի հնարավորությունները բացողն ու փակողը նաև իր ընտանիքն է, եթե ընտանիքն ընդունում է նրան որպես ընտանիքի լիիրավ անդամ, ուրեմն, հաշմանդամություն ունեցող անձը կունենա համարձակություն հասարակությունից պահանջելու, որ պետք է ու ինչ-որ տեղ նաև պարտավոր՝ ինձ ընդունեք ինչպես հավասարը հավասարին»:
Այս գաղափարախոսությամբ Արթուրը միջնակարգ կրթությունը ստանալուց հետո իրեն փորձում է նաև ոչ ֆորմալ կրթական, հասարակական ոլորտներում, որտեղից էլ տեղեկանում է, որ Հայաստանում գոյություն ունի հաշմանդամային սպորտ գաղափարախոսությունը՝պարալիմպիկ կոմիտեն ու հաշմանդամային մարզաձևեր, որով էլ կարող են ներկայանալ աշխարհին ու ներկայացնել իրենց ներուժը։
«Սկսեցի սիրողական մրցույթների մասնակցել հաշմանդամություն ունեցող իմ ընկերների ու հասակակիցների հետ, երկար ժամանակ բազկամարտով զբաղվեցի կրկին սիրողական մակարդակում։ Իսկ 2016 թվականից հետո ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը, որը ևս հաշմանդամություն ունի, գնաց Ռիոյի օլիմպիական խաղերին և հաղթանակով վերադարձավ, ես, տեսնելով իր հաջողությունները, ցանկություն հայտնեցի զբաղվել ծանրամարտով, և նա զբաղվեց իմ մարզումներով։ Այդ ընթացքում մասնակցեցի բազմաթիվ մրցույթների թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։ Չորս մրցույթ եմ ունեցել ՀՀ-ից դուրս, որոնցից երեքում գրավել եմ առաջին տեղը, մեկում՝ երկրորդ»:
Դրանցից մեկը 2021 թվականին Ուկրաինայի Օդեսա մարզում կայացած Ազովյան Ծովի Բաց առաջնության ծանրամարտի միջազգային մրցաշարն է, որում 56 կգ քաշային կարգի հաղթող ռեկորդակիր չեմպիոնը դառնում է Արթուրը։
«Դա հնարավորություն էր հայրենիքս պատվով ներկայացնելու։ Սպորտն ինձ համար զուտ հոբբի չէ. այն ապրելակերպ է, որն ինձ պատահած դժվարությունների հետ կոփեց ու դարձրեց այն, ինչ կամ»։
Չնայած սպորտում գրանցած հաջողություններին՝ Արթուրը նոր հաղթանակներ է խոստանում, բայց սպորտն իր միակ զբաղմունքը չէ։ ՇՊՀ հոգեբանություն ֆակուլտետում բարձրագույն կրթություն ստանալուց հետո հիմա ուսումը շարունակում է նույն բաժնում՝ մագիստրատուրայի առաջին կուրսում, նաև աշխատանք ունի։
«Հասարակությունը վերջապես ավելի ներառական է դառնում, վերաբերմունքի առումով հսկա փոփոխություն կա, ես հիմա աշխատում եմ ՀԿ ոլորտում . անիմատոր եմ ներառական մեծ ծրագրում, որն իրականացնում է «Հայկական Կարիտասը»։ Չափազանց մեծ է փոփոխությունը, վերանայված է նաև հասարակության մոտեցումը. մեզ չեն նայում այլմոլորակային տեսած աչքերով»։
Ետ նայելով՝ Արթուրը նշում է՝ եթե չլինեին մարդիկ, որոնք ասում են՝ դու չես կարող, միգուցե նա ծանրամարտի չեմպիոն չդառնար, չլիներ այնքան նպատակասլաց, որքան հիմա է։ Այնուամենայնիվ, չի ցանկանում, որ հաշմանդամություն ունեցող անձինք մոտիվացվեն պարտադիր այդ դժվարին ճանապարհով, և հույս է հայտնում, որ հավասարը հավասարին գաղափարախոսությունը չի մնա միայն թղթերի վրա, այլ նոր ավելի ներառական մթնոլորտ կստեղծի։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան