Արևիկ Հովսեփյանի 8-ամյա որդու՝ Դավիթի մոտ աուտիզմ է ախտորոշված։ Ընտանիքը Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում է բնակվում։ Մայրն ասում է 2 տարի Երևանում են ապրել, որից հետո վերադարձել են գյուղ, որ տղան դպրոց հաճախի ու այդ երկու տարիները էլ ավելի են զգացնել տվել մայրաքաղաքի ու համայնքների միջև եղած բևեռացումը։
Գյուղ վերադառնալուց հետո ուղիղ մեկ տարի տղան որևէ ծառայություն չի ստացել, որովհետև գյուղում դրա հնարավորությունը չկա, իսկ հեռու տեղ տանելու հնարավորություն ընտանիքը չունի։ Մտածել են դպրոց հաճախելու արդյունքում որևէ փոփոխություն կլինի, տղայի հետ հատուկ մանկավարժ կաշխատի, բայց սպասելիքները չեն արդարացել։
«Տղաս խոսք չունի։ Տարանք դպրոց, բայց ինձ չէին թողնում, որ իր հետ նստեմ դասերին։ Դրսում սպասում էի։ Երեխան գոռացելա մի երկու անգամ ու արդեն ծնողներից բողոքներ են եկել, թե իրենց երեխաները վախենում են։ Ուսուցչուհին դուրս է հանել դասարանից, որ դասը չխանգարի։ Ես ուզում էի, որ գոնե մի 20 րոպե նստեր, պարապեին երեխու հետ։», — ասում է մայրը։
Արևիկ Հովսեփյանն ասում է իր երեխայի նկատմամբ հոգատարություն չի ցուցաբերվել, եթե փորձեն լեզու գտնել երեխայի հետ, ինչ-որ բան կփոխվի, բայց որևէ ջանք չի գործադրվում։ Ավելին, ծնողի խոսքով պարբերաբար դարձած դժգոհությունները, որ երեխան չի կարող ներառվել, պատճառ են դարձել, որ մայրը երեխային դպրոց չտանի։
«Պատի վրայից 200 դրամանոց ապլիկացիան էր պոկել տղաս ու դա սարքեցին պատմություն։ Ասում են դպրոցին, գույքին վնաս է հասցնում։ Դպրոցում նաև լոգոպեդ ու հոգեբան կա։ Տնօրենն ասում է, որ նրանք երեխայի հետ 20 րոպե պարապում են», — ասում է մայրը, նշելով, որ լոգոպեդի հետ աշխատանքը կարծես թե արդյունք տալիս է, բայց ընդհանուր վերաբերմունքն այդպես էլ չի փոխվում։
Ծնողի խոսքով երեխային չեն թույլ տալիս նաև նկարչության դասերին մասնակցել։ Ծնողը երեխային դպրոց էր տարել հույսով, որ գոնե տառերն ու թվերը կսովորի, մինչդեռ այս ընթացքում որևէ բան չի սովորել։
«Ես ասացի, որ հետը պետքա նստեմ։ Ես գնում եմ, նստում եմ երեխու հետ խաղում եմ, գալիս ենք տուն։ Ստացվում է, որ երեխային դպրոց են ընդունում միայն նրա համար,որ չեն կարող չընդունել, բայց ջանք չեն թափում, երեխայի հետ աշխատելու որևէ փորձ չի արվում։Ես տնօրենին ասացի, եթե իմ երեխայի հետ չեք պարապելու, գրավոր հրաժարվեք, որ ես էլ իմանամ ինչ եմ անում,ասաց իրավունք չունեմ հրաժարվելու։ Ես ասացի, որ իրավունք չունեք հրաժարվելու, ուրեմն պարապեք, հակառակ դեպքում բողոք կներկայացնեմ քաղաքապետարան, բայց էդ անտարբերության պատճառով այսօր իմ երեխան նույնիսկ չի էլ ուզում դպրոց գնալ», — ասում է մայրը։
Արևիկ Հովսեփյանը տեղյակ էլ չէր, որ տնային ուսուցում ստանալու իրավունք ունեն, թեպետ հնարավորության դեպքում նախընտրում է երեխային դպրոց տանել, որ շփվի հասակակիցների հետ ու ներառվի, բայց այս պահին, ասում է, այդ հնարավորությունը չի ընձեռնվում։ Ի՞նչ անի, չգիտի։
Նման դեպքեր հաճախ են հանդիպում, թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի դպրոցներում։ Coalition.am-ը տարբեր առիթներով գրել է այդ մասին։ Երբ դպրոցները համընդհանուր ներառման անցան, ծնողներից շատերը լիահույս էին, որ երեխաները կներառվեն հասարակության մեջ, սակայն այսօր առկա բազմաթիվ խնդիրները ծնողներից մեծ ուժ ու ջանքեր են պահանջում դժվարին շրջանը հաղթահարելու համար, իսկ խնդիրները բազմաթիվ են՝ ֆիզիկական միջավայրի անմատչելիությունից մինչև մանկավարժական կազմի անպատրաստ լինելը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան