Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը պաշտոնապես մեկնարկել է նոր նախագիծ՝ «Ներառական փոքր ու միջին ձեռնարկություններ+Արևելք» ծրագիրը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում է Գերմանիայի կառավարման և տեխնոլոգիայի միջազգային ակադեմիա (INTAMT) հասարակական կազմակերպության (Գերմանիա), «Անիկա» վրացական ասոցացիայի և «Ագաթ» ՀԿ կողմից:
Այն նախատեսում է ավելացնել փոքր ու միջին ձեռնարկություների թիվը, որոնք տեղյակ լինելով հաշմանդամություն ունեցող աձանց ներուժի և հնարավորությունների մասին գործուն քայլեր կձեռնարկեն աշխատանքի ընդունելու հաշմանդամություն ունեցող անձանց։
«Եվրոպայում 15-64 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց միայն 47%-ն է աշխատում՝ հաշմանդամություն չունեցող անձանց 67%-ի համեմատ, իսկ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց միայն 8% է աշխատում։ Սա շատ մտահոգիչ է այն պարագայում, երբ Աշխատանքի իրավունքն ամրագրված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 27-րդ հոդվածում, ՀՀ Սահմանադրությամբ։ Ի տարբերություն խոշոր ընկերությունների, փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ) ավելի քիչ են աշխատում հաշմանդամություն ունեցող մարդիկ, պատճառը այն է, որ ձեռնարկատերերը տեղյակ չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների մասին: Մենք բոլորս պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում ներառելու համար։»,- մեզ հետ զրույցում ասաց ծրագրի ղեկավար Կարինե Գրիգորյանը։
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու հարցում տատանվելու պատճառները շատ դեպքերում լավ օրինակների բացակայությունն է, ինչպես նաև թափանցիկ և հեշտ հասանելի տեղեկատվության բացակայությունն այն մասին, թե ինչպես հեշտացնել հավաքագրումը, կազմակերպել ուսուցում և միջավայրը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Խնդիրը լուծելու համար ծրագրի շրջանակներում պլանավորվում է իրականացնել մի շարք գործողություններ, որոնց մասին խոսեց ծրագրի համակարգող Գայանե Գրիգորյանը։
«Մենք պատրաստելու ենք վավերագրական մինի-տեսահոլովակների շարք, որոնք կներկայացնեն յուրաքանչյուր երկրի լավագույն փորձը և այն գործատուներին, ովքեր աշխատանքի են ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց»,-ասաց Գայանե Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավում, որոնց հետ ակտիվ աշխատանքներ են տարվելու, հանդիպումներ են կազմակերպվելու և տրամադրվելու ուղեցույցներ հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցվելու և աշխատանքում ներառելու համար։