Մաշտոցի պողոտայի սկզբնամասում, Փակ շուկայի հարակից գետնանցումում վերելակն (ամբարձիչ հարթակ) արդեն տեղադրվել է և քաղաքացիները կարող են շահագործել․ օրեր առաջ քաղաքապետարանի կողմից արված այս հայտարարությունը լսելուց հետո հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր զրուցակիցը, որ նախընտրեց անունը չհրապարակել, երեկ տարածք էր այցելել ու զարմացել՝ վերելակը կար, բայց չէր աշխատում։
«Ես սովորաբար այդ տարածք այցելելուց խուսափում էի, որովհետև անցումը անհարմար էր, իսկ այդ հատվածով վերևի մասով փողոցն անցնելը շատ վտանգավոր էր։ Երբ իմացա, որ վերելակն արդեն տեղադրվել է, շատ ուրախացա։ Գնացի, Փակ շուկայից գնումներ արեցի ու երբ սեղմեցի վերելակի կոճակը, որևէ արձագանք չեղավ։ Վերելակը, պարզվեց չի աշխատում», — պատմում է զրուցակիցս, որ գնումներով տոպրակը ձեռքին մի քանի րոպե զուր ջանքերից հետո ստիպված է եղել վերևի խաչմերուկից փողոցն անցնել։
Փակ շուկայի հարակից գետնանցումը այս տարեսկզբին էր շահագործման հանձնվել առանց թեքահարթակի ու վերելակի։ Բարձրացված աղմուկից ու քննադատություններից հետո խոստացել էին վերելակ տեղադրել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժն ապահովելու համար։ Վերելակը, խոստացածի պես տեղադրվել է, օգոստոսի 16-ին էլ քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում իրազեկող տեսանյութ էր հրապպարակվել վերելակը շահագործելու վերաբերյալ, բայց, փաստորեն, վերելակը դեռ չի շահագործվում։
Պատճառն, ըստ վերելակը տեղադրած «Քայլտեք» ընկերության, այն չի շահագործվում, քանի որ վերելակին վնաս է հասցվել։ Վնասվել են պտուտակներն ու ազդանշանային տվիչները։
«Սարքավորման մի մասն արդեն վերականգնվել է, սակայն, կապված ազդանշանային տվիչների վերականգնման հետ, անվտանգ շահագործման համար մեր թիմից կպահանջվի հավելյալ, բայց կարճ ժամանակ։ Երևանի քաղաքապետարանի կողմից գործին տրվել է իրավական ընթացք։
Հավելենք նաև, որ վերելակը երբեք չի եղել անսարք վիճակում։ Բռնակները բարձրացված վիճակում վերելակը չի տեղաշարժվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, վերելակը հնարավոր չէ կանչել հարթակը փակ վիճակում, վերելակի կանչի կարգավորման նաև այլ տարբերակ կա, երբ վերելակը հնարավոր է կանչել միայն հարթակը փակ վիճակում։
Օգտագործողների հետ նախնական քննարկումների արդյունքում նպատակահարմար ենք գտել այս տարբերակը՝ հարմարավետության տեսանկյունից, սակայն սիրով կլսենք նաև մեր այլ քաղաքացիների կարծիքները, թե որ տարբերակն է նախընտրելի, և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կանենք», — ասում են ընկերությունից։
Երևանի քաղաքապետարանն էլ իր մեկնաբանությունն ունի, ասում են վերելակը չի շահագործվում, քանի որ փաստաթղթավորման հետ կապված խնդիրներ են եղել, որոնք արդեն կարգավորվել են, և վերելակը կշահագործվի օգոստոսի 23-ից, բայց արդեն 2 օր է վերելակը չի շահագործվում։
Ի դեպ՝ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ վերելակի բռնակն այնքան էլ ամուր չէ, և մտավախություն կա, որ կարող է կոտրվել։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան