Ֆուտբոլ խաղալ ոչ թե տեսնելով, այլ լսելով։ Գնդակի մեջ տեղադրված հատուկ ձայնարկիչները հնարավորություն են տալիս մարզիկներին լսել գնդակի ձայնն ու հետևելով դրան խաղալ ֆուտբոլ։ Կույր ֆուտբոլ․ այսպես են Հայաստանում անվանում տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցված ֆուտբոլը, որը պարալիմպիկ սպորտաձև է։
Հայաստանում կույր ֆուտբոլ փորձել են առաջին անգամ ներդնել 2017թ-ին, բայց շարունակություն չի ունեցել։ Ավելի ուշ՝ 2019-ից, վերսկսել են մարզումներն ու այսօր արդեն ունենք կույր ֆուտբոլի հավաքական։ Թեպետ հետաքրքրությունը խաղի նկատմամբ գնալով աճում է, բայց առայժմ մասնակիցների թիվը մեծ չէ։ 10 հոգուց է բաղկացած, ընդ որում տարբեր տարիքի ու սեռի մարզիկներ են ընդգրկված։ Զարգացման հեռանկարներ կան, ասում է հավաքականի մարզիչը՝ Արփինե Արզումանյանը, ով արդեն 4 տարի է ջանք չի խնայում մարզաձևը Հայաստանում զարգացնելու համար։
«Առաջին տարին բոլորիս համար էր դժվարությունները, քանի որ մարդիկ դեռ չէին պատկերացնում, թե ինչով են զբաղվելու, բայց մեկը մյուսին ոգևորելով փորձեցին ներգրավել մարդկանց, ու այսօր արդեն ունենք կույր ֆուտբոլ», — ասում է մարզիչը։
Որ կույր ֆուտբոլը Հայաստանում զարգացման հեռանկարներ ունի, մարզիչը կասկածի տակ չի դնում։ Հայաստանը Կույրերի միջազգային սպորտի ֆեդերացիայի անդամ է, ինչը հնարավորություն է տալիս միջազգային մրցաշարերի մասնակցել: Առաջինն այս ամռանն էր՝ Euro Challenge Cup 2022-ը: Հայաստանը մրցել է Շվեդիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի թիմերի հետ: Այս տարի նաև մասնակցել են Ծաղկաձորում տեղի ունեցած Վրաստանի և Ռուսաստանի հետ ընկերական հանդիպումներին։
«Ամենամեծ խնդիրն այն է, որ թիմը կազմված է աղջիկներից ու տղաներից, քանի որ մասնակիցների թիվը փոքր է։ Երբ միասին են խաղում, տղամարդիկ ֆիզիկապես ավելի ուժեղ են ու կոպիտ, կանանց համար դժվար է լինում։ Ամեն ինչ անում ենք հետաքրքրությունը մեծացնելու համար, քանի որ լուրջ միջազգային մրցաշարերի մասնակցելիս պահանջելու են առանձին թիմերով մասնակցել։ Պետք է նաև փաստենք, որ հետաքրքրությունը գնալով մեծանում է, մեզ անգամ ծնողներն են զանգահարում, ուզում են, որ իրենց երեխաներն էլ ներգրավվեն», — նշում է մարզիչը։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Կույր ֆուտբոլը հաշմանդամություն ունեցող անձանց համար առաջնային առողջ ապրելակերպ է ապահովում։ Կարևոր է նաև հոգեբանական տեսանկյունից, ասում է Արփինե Արզումանյանը, քանի որ մարզիկները փորձում են պայաքարել, իրենց մեջ հաղթահարում են վախերն ու բնավորության նոր գծեր են բացահայտում։
Կույր ֆուտբոլ խաղում են ավելի փոքր դաշտում, որի եզրերին սովորաբար պատնեշներ են դրվում՝ տարածքում կողմնորոշվելու նպատակով: Մարզիկների աչքերը փակվում են աչքակապերով՝ չտեսնողների ու թույլ տեսողություն ունեցողների միջև հավասարություն ապահովելու նպատակով։ Մասնակիցները խաղում են ձեռքերն առաջ պարզած ու գնդակին հասնելիս գոռում են «վոյ», որ նշանակում է գալիս եմ։ Դա խաղընկերոջը հուշելու համար է, որ գնդակը քեզ մոտ է նաև վնասվածքներից ու բախումներից խուսափելու համար է։ Խաղացողները հիմնական հույսը դնում են լսողության վրա։ Մրցակցի դարպասի հետևում թիմերից յուրաքանչյուրը մի տեսնող օգնական ունի, ով անկյունային, տուգանային կամ 11 մետրանոց հարվածների ժամանակ երկաթով խփում է դարպասի ձողերին՝ մարզիկին ուղղությունը հուշելու համար։
Թիմի ավագը՝ 25-ամյա Ալլա Սահակյանը, որ կույր ֆուտբոլի առաջին մարզիկներից է ու նաև թիմի աշխատանքներն է համակարգում, ասում է ջանք չի խնայում Հայաստանում այս սպորտաձևը զարգացնելու համար, քանի որ ինքը ֆուտբոլի մեծ սիրահար է, բայց նաև խոստովանում է՝ դժվար է շատ։
«Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից մասնակցության հայտերը քիչ են, ունեն տարբեր վախեր ու մտահոգություններ, բայց ֆուտբոլ սիրող մարզիկները սիրով են զբաղվում ու իրենց դուր է գալիս։ Իսկ ովքեր ունեն վախեր, պետք է պարզապես փորձեն։ Մեկ անգամ խաղալուց հետո կհամոզվեն, որ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է», — ասում է Ալլան։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Հնչում է սուլիչի ձայնը, սկսվում է խաղը։ Դաշտում, քար լռության մեջ, միայն գնդակի ձայնն է լսվում ու խաղացողների «վոյ» բացականչությունները։ Մարզիկները ողջ ուշադդրությունը կենտրոնացրած գնում են դեպի նպատակակետ։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան