ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի թիվ 98-Ն որոշմամբ ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով։ Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավաաար հնարավորությունների ապահովմանն աջակցելն է: Չնայած, որ գործում է պետական նման հանձնաժողով, միաժամանակ ուշագրավ է, որ պետական գերատեսչություններում հաշմանդամություն ունեցող անձիք չեն աշխատում։
Ուսումնասիրել են ՀՀ կառավարության, ՀՀ նախագահի, Երևանի քաղաքապետարանի, Գլխավոր դատախազության և ՀՀ ԱԺ աշխատակազմերը՝ պարզելու համար, թե արդյո՞ք կան հենաշարժողական խնդիրներ ունեցող աշխատակիցներ։ Նպատակն է ցույց տալ՝ արդյո՞ք նրանց համար ապահովվում է հավասար հնարավորություններ։
Վարչապետի աշխատակազմից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ չունեն։
Երևանի քաղաքապետարանից էլ փոխանցեցին, որ աշխատակազմի գլխավոր և երկրորդ մասնաշենքերում աշխատում է հենաշարժողական խնդիր ունեցող մեկ աշխատակից:
ՀՀ նախագահի աշխատակազմից էլ փոխանցում են, որ չունեն տեղեկություններ այն մասին, թե արդյո՞ք նախագահականում հենաշարժողական խնդիրներ ունեցող աշխատակիցներ կան։ Նախագահի աշխատակազմն այս պատասխանը հիմնավորում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածով, ըստ որի, հստակ սահմանված են աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերը։ «Հաշվի առնելով վերը նշված օրենսդրական պահանջը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմ աշխատանքի ընդունվող քաղաքացիներից ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված այլ տեղեկատվություն չի պահանջվում ու չի հավաքագրվում:»,-նշել են գերատեսչությունից՝ շեշտելով, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի իրականացրած «Հայրենիքի պաշտպան» նախագահական նախաձեռնության շրջանակներում 2018 և 2019 թվականներին աշխատանքի են ընդունվել և մինչև օրս աշխատում են զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած 2 անձ:
ՀՀ գլխավոր դատախազությունից ևս հայտնում են, որ չունեն տեղեկություն աշխատակազմում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձիք ընդգրկված են, թե՝ ոչ։ ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ունեն հաշմանդամություն ունեցող երեք աշխատակից, որոնցից երկուսը հենաշարժողական խնդիրներ ունեն, իսկ մեկը՝ տեսողական։
Նշենք, որ ՀՀ կառավարության կազմում եղել են նախարարներ, որոնք հենաշարժողական խնդիրներ են ունեցել, մասնավորապես, Զարուհի Բաթոյանը և Արտակ Զեյնալյանը։ Նրանք համապատասխանաբար զբաղեցնում էին աշխատանքի և սոցալական հարցերի ու արդարադատության նախարարների պաշտոնները։ Բաթոյանն այժմ ԱԺ պատգամավոր է, Զեյնալյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան