Մարզպետարանները՝ մարզպետների որոշմամբ, իսկ համայնքապետարանները՝ համայնքների ավագանիների որոշմամբ, տարեկան ընդհանուր 10-30 միլիոն ՀՀ դրամ են հատկացնում սոցիալապես անապահով քաղաքացիներին։ Գումարների բաշխումն իրականացվում են սահմանված կարգերով։ Գումարների չափերը սոցիալական խմբերը հստակեցված են այդ կարգերով, որոնցով արտոնություն է սահմանված հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Դրամական աջակցություն հատկացնելիս՝ սոցիալական հանձնաժողովներն առաջնահերթություն տալիս են նրանց։ Հաշմանդամություն ունեցող անձինք, լինելով նաև սոցիալապես անապահով, իրավունք ունեն տարեկան երկու անգամ դրամական աջակցություն ստանալ մարզպետարաններից և համայնքապետարաններից։
Եթե նախորդ տարիներին այդ գումարները հաշմանդամություն ունեցող անձինք ստանում էին կանխիկ՝ առձեռն, ապա նախորդ տարվա հուլիսից այն հատկացվում է անկանխիկ եղանակով, որի հետևանքով դժվարություններ են ստեղծվել հատկապես հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար։
40-ամյա Գարիկը coalition-ի հետ զրույցում պատմում է, որ մարզպետարաններից մեկն իր դիմում-խնդրանքն ընդունել և մարզպետի որոշմամբ հատկացրել է 20 հազար դրամ։ Գումարը ստանալու է անկանխիկ՝ բանկային եղանակով, սակայն տեղաշարժվել չի կարողանում, իսկ բանկը գումարը կարող է հատկացնել միայն իրեն՝ անձնագրի ներկայացմամբ։ «Առաջ կինս էր գնում մարզպետարան և առձեռն տալիս էին իրեն, բայց հիմա բանկ գնալն ինձ համար շատ բարդ է»,-պատմում է նա։
Համայնքապետարանները և մարզպետարանները դրամական աջակցությունը հատկացնում են անկանխիկ եղանակով՝ հիմք ընդունելով 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով:
Դրամական աջակցության հատկացման ավագանու կամ մարզպետի որոշումներով հաստատված ընդհանուր գումարների չափը (շուրջ 80-100 անձի են հատկացնում մեկ որոշմամբ) միշտ գերազանցում է 300 հազար դրամը, հատկացված ընդհանուր գումարը համայնքապետարանը կամ մարզպետարանը փոխանցում են այդ բանկի հաշվեհամարին։ Բանկը գումարները հատկացնում է քաղաքացիներին՝ վերջիններիս անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, հետևաբար, հաշմանդամություն ունեցող անձինք ևս պարտավոր են ներկայանալ բանկ և ստանալ դրամական աջակցությունը։
Տարեսկզբին, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրեց, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում կենսաթոշակի և կենսաթոշակի կարգով տրամադրվող նպաստների վճարումը 2023 թվականի հունվար ամսվանից իրականացվում է անկանխիկ եղանակով, արտոնություն սահմանվեց հաշմանդամության 1-ին, 2-րդ կարգ ունեցող, նաև 75 տարեկանից բարձր անձանց համար։ Նրանք իրենց կենսաթոշակը կամ նպաստը շարունակում են ստանալ կանխիկ եղանակով՝ «Հայփոստ»-ի միջոցով։
Մինչդեռ, ինչպես նշվեց, մարզպետարաններից և համայնքապետարաններից փոխանցված դրամական աջակցություն ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձինք ստիպված են հասնել բանկեր։
Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը coalition-ի հետ զրույցում նշում է, որ մարզպետարաններում գումարների հատկացման միջնորդավճարներ չկան, որ կարողանան ինչ-որ օպերատորի փոխանցել այդ միջնորդավճարները, որպեսզի վերջինս էլ այցելի հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց՝ գումարը կանխիկ տրամադրելու նպատակով; Հետևաբար, բանկային տարբերակով են կատարում փոխանցումը, իսկ բանկը պահանջում է հաշմանդամություն ունեցող անձի ներկայությունը՝ անձը հաստատող փաստաթղթով։
Գյումրու համայնքապետարանից էլ coalition-ին փոխանցում են, որ հենաշարժական խնդիրներ ունեցող անձինք բանկ չհասնելու համար կարող են լիազորագրել ընտանիքի անդամին, վերջինս էլ իրավունք ունենա բանկից ստանալ դրամական աջակցությունը։
Ի դեպ, լիազորագրով գումար ստանալուն ոչ բոլոր բանկերն են համաձայնում։
Այսպիսով, միասնական մոտեցում չկա այս խնդրի կարգավորմանը․ հետևաբար, մասնավորապես տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց դրամական աջակցության (մարզպետարաններից և համայնքապետարաններից) հատկացման միասնական և ընդունելի մոտեցումներ են հարկավոր մշակել և առաջարկել ինչպես մարզպետարաններին, այնպես էլ համայնքապետարաններին։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Անի Մկրտչյան