«8 ամսվա մեջ 8 անգամ ոստիկան են կանչել, որ երեխայիս լռեցնեն, առանց հասկանալու, որ աուտիզմ ունեցող երեխային չես կարող լռեցնել։ Ասում են՝ խանգարում եք։ Նույնիսկ ոստիկանները իրազեկված չէին, գալիս էին ու ասում պետք է պարտավորագիր ստորագրեք, որ երեխան այլևս չի աղմկի»,-coalition.am-ի հետ զրույցում պատմում է Գայանե Մարգարյանը, ում 14-ամյա որդին՝ Իգորը, աուտիզմ ունի։
Սիմոնյանների ընտանիքը Գորիսից է Երևան տեղափոխվել, ընտանիքի հայրը զինվորական է և ընտանիքը հաճախ է ստիպված լինում ամուսնու հետ բնակության վայրը փոխել, նոր հարևանների հետ «լեզու գտնել», բայց միշտ չէ, որ հասկանում են ու հանդուրժում։
«Մենք միշտ աշխատում ենք առաջին հարկում բնակարանը գտնել, որ տակի հարևանները չբողոքեն, բայց այս անգամ մեր կողքի հարևանի հարցում բախտներս չբերեց։ Տղաս խոսք չունի և երբեմն աղմկում է, ինչը նրանց դուր չէր գալիս, ասում էին մեզ խանգարում է ձեր աղմուկը։ Ընդ որում, այդ հարևանը իրավաբան էր, թվում էր, թե պետք է ավելի գիտակից լինի, բայց՝ ոչ։ Մի քանի անգամ ոստիկանություն են դիմել։ Ոստիկանները գալիս էին առանց հոգեբանի ու սոցաշխատողի, մինչդեռ անչափահասի հետ շփվելու համար պարտավոր էին ներկայանալ նրանց հետ։ Ես պարզապես բացատրում էի, որ երեխան աուտիզմ ունի և հնարավոր չէ նրան լռեցնել», — պատմում է մայրը։
Պատկից հարևանները, սակայն այդպես էլ չընդունեցին իրենց, բայց շատերն արդեն սկսել էին սիրել Իգորին, նրան կոնֆետ ու երբեմն լահմաջո էին հյուրսաիրում, որովհետև Իգորը լահմաջո էր շատ սիրում։
«Էդ հարևանը, որ մշտապես բողոքում էր, երեխայիս ձայները ձայնագրում և տանտիրոջն էր ուղարկում, որ մեզ հանի տնից։ Հոգեբանորեն նրան էլ էին ճնշում։ Նույնիսկ ստորագրահավաք էր սկսել, բայց մյուս հարևանները չէին ստորագրել», — ասում է Գայանեն։
Գայանեի ամուսինը զինվորական է, 2022թ-ի սեպտեմբերի 13-ին Իշխանասարում տեղի ունեցած հարձակման ժամանակ վիրավորվել էր։ Գայանեն երբեմն ստիպված էր լինում երեխաներին թողնել հարազատներից մեկի մոտ ու ամուսնու մոտ հիվանդանոց գնալ։ Այդ ժամանակ երեխան ավելի շատ էր աղմկում, իսկ հարևանը իր հանգստի մասին էր մտահոգվում։ Ի վերջո ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվել այլ բնակարան։
«Ուզում եմ մեր նկատմամբ խտրականությունները քիչ լինեն, առանց այդ էլ մեր օրը շատ դժվար է, կողքից ճնշումները թևաթափ են անում», — եզրափակում է խոսքը Գայանեն։
«Պատճառը իրազեկված չլինելն է»,-ասում է մեր մյուս զրուցակիցը, որ կրկին անհանդուրժողականության «զոհ» է դարձել։ Անանուն մնալու պայմանով մեզ պատմեց, որ իր երկու տղաներն էլ՝ 11 և 8 տարեկան, աուտիզմ ունեն։ Փոքր տղան խոսք չունի և հասարակությունը հաճախ չիմանալով աուտիզմի ու դրա դրսևորումների մասին նրանց վարքը անդաստիարակության, անշնորքության հետ է նույնականացնում։
«Եղել են դեպքեր, երբ խանութում ինչ-որ բան է վերցրել, միանգամից հարձակվել են վրան, «Վա՛յ չի կարելի տղա ջան, ի՞նչ ես անում»։ Ես ուղղակի բացատրել եմ մարդկանց, որ երեխան աուտիզմ ունի, չի խոսում և դրանից հետո զգացել եմ վերաբերմունքի փոփոխություն։ Նույնը տրանսպորտում, շրջապատում։ Այսինքն մարդիկ ունեն տեղեկացվածության պակաս», — ասում է երկու տղաների մայրը։
Նրանք նույնպես վարձով են բնակվում ու հարևանների հետ կապված նույն խնդրին բախվում։ Այս դեպքում էլ ներքևի հարևանն էր դժգոհում ու բողոքում։
«Այդ հարևանին էլ, մյուսներին էլ, բոլորին բացատրել ենք հենց սկզբից, թե ի՞նչ է աուտիզմը, բայց տակի հարևանն անադեկվատ մարդ էր, այդպես էլ չընդունեց։ Պարբերաբար գալիս էր վերև, բռունցքներով հարվածում դռանն ու նույնիսկ հայհոյանքներ տալիս», — պատմում է մեր զրուցակիցը ու հավելում, — Մենք այնքան դժվարություններ ենք տեսել կյանքում, որ բռունցքներից հաստատ չենք վախենա։
Մեր զրուցակիցը մանկավարժ է, դպրոցում է աշխատում ու արձանագրում, որ իր աշակերտները մեծ հանդուրժողականությամբ են վերաբերվում հաշմանդամություն ունեցողներին, ավելի դրական ու բարեհաճ վերաբերմունք ունեն, իսկ պատճառը դեռ դպրոցական նստարանից իրազեկված լինելն է։
Մեր այս զրուցակիցը ևս, ստիպված է եղել փոխել բնակարանը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան