Հաշմանդամություն ունեցողին ևս պետք է վերաբերվել՝ հավասարը-հավասարին, չառանձնացնել ոչ ոքից․ ահա սա է հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակության մեջ լիարժեք ներառվելու մղիչ գործոնը։ Դրանում համոզված է նաև 42-ամյա Ալեքսանդր Ժույկովը, ով ունի տեսողական խնդիր, սակայն դա նրան չի խանգարում ապրել բնականոն կյանքով։
Փոքր հասակից աստիճանաբար սկսել էր կորցնել տեսողությունը, 13 տարեկանում՝ ամբողջությամբ կորցրել է այն։ Երբևէ չի մտածել, որ կյանքն իրեն կտանի երաժշտական ոլորտ, որում՝ մինչ օրս է։ Ալեքսանդրը կատարում է դասական ոճի երգեր, աշխատում է երգչախմբում, մենակատար է, զուգահեռ դրան՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագակցության բաժնում ասիստենտ-իլյուստրատոր է։ Մասնակցել է տարբեր մենահամերգների, ծրագրերի, արժանացել մի շարք մրցանակների։
«Դպրոցն ավարտելուց հետո ընդհանուր ծանոթի խորհրդով դիմել եմ կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանին, որը տարիներ առաջ Կույրերի միության երգչախմբի ղեկավարն էր, նա իմ ձայնը լսեց, հավանեց և ընդունեց երգչախումբ։ Աշխատելու ընթացքում զգացի մասնագիտական հմտությունների պակաս, ուզում էի վոկալ սովորել, թանկ էր: Սկսեցի դաշնամուրից՝ դիմելով Քանաքեռի երաժշտական դպրոց»,- coalition.am- ին իր երաժշտական կարիերայի մեկնարկի մասին է պատմում Ալեքսանդրը։
Լուսանկարում Ալեքսանդրն է Шаг навстречу փառատոնի շրջանակներում
Երաժշտական դպրոցում բարձր գնահատեցին նրա կարողությունները և հաջողությամբ ընդունեցին։ Դասերը փորձում էին անցկացնել բրայիլյան նոտագրությամբ, ստացվում էր։ Թեև այս ամենին՝ Ալեքսանդրը շատ մեծ ցանկություն ուներ կոնսերվատորիա ընդունվելու, երազում էր վոկալիստ դառնալու մասին։ Նա երբևէ չէր մտածել, որ օրերից մի օր իրեն կտրվի կոնսերվատորիայում սովորելու հնարավորություն, իսկ այդ հարցում իրեն օգնում է կոնսերվատորիայի պրոֆեսորներից մեկը, ով հավանելով Ալեքսանդրի ձայնային տվյալները` նրա հետ շուրջ մեկ տարի անվճար պարապում է։
Ասում է՝ բախտը բերել է, որ իրեն հանդիպել են շատ լավ մարդիկ, որոնց ներդրումը մեծ է իր մասնագիտական հմտությունների զարգացման և երազանքների իրականացման հարցում, հակառակ դեպքում՝ չէր ունենա այն արդյունքն ու հաջողությունները, որոնք այսօր կան։
Հիշում է, երբ ուզում էր ընդունվել Երևանի Ա․ Բաբաջանյանի անվան պետական ուսումնարանի (ներկայումս՝ քոլեջ) վոկալի բաժին, տնօրենը մերժել էր և պատճառաբանել, որ մյուս աշակերտների հետ չի կարող սովորել։ Դա իրեն շատ էր հիասթափեցրել, սակայն ոչ մի րոպե չի մտածել կանգ առնելու մասին։
«Համալսարանում ևս ի ուրախություն ինձ՝ ինչպես բոլորից, ինձանից ևս պահանջում էին նույնը։ Պրոֆեսոր Ռ․ Հակոբյանցը, ով ինձ հետ շուրջ մեկ տարի պարապել էր, բոլորի հետ միասին ընդգրկում էր ինձ համերգային ծրագրերում․․․ Սա ոգևորիչ էր ինձ համար»,- պատմում է Ալեքսանդրը՝ հավելելով, որ դասախոսներն իրեն երբեք չեն խղճացել, առանձնահատուկ մոտեցում չեն ցուցաբերել։ Վստահ ընդգծում է՝ հաշմանդամություն ունեցող մարդուն խղճալն ամենամեծ սխալն է։ Նրա խոսքով՝ երաժշտական դպրոցում և կոնսերվատորիայում իր նկատմամբ խտրական վերաբերմունքի բացակայության շնորհիվ է ինքը կարողացել հաղթահարել բոլոր դժվարությունները, թեև ասում է՝ ոչ բոլոր խնդիրներն է հաջողվում շրջանցել։
«Քաղաքում ազատ տեղաշարժվելու խնդիրն այդպես էլ մնում է անլուծելի․․․ Ես այդքան լավ չեմ տիրապետում սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտություններին, իհարկե, դա իմ անձնական խնդիրն է, բայց այն անհարմար է ինձ համար, քանի որ ճանապարները և փողոցները շատ անկանոն են ու անմատչելի»,- նշում է մեր զրուցակիցը։
Ալեքսանդրը նաև հասարակության մեջ դեռևս նկատում է ինֆորմացիայի պակաս, ինչպես նաև լիարժեք չի համարում պետության կողմից մասնակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բարելավելու հարցում։ Ընգծում է՝ այդ բոլորը չի կարող անել միայն որևէ ՀԿ կամ մեկ անձ, դա պետության կողմից մշակված փոփոխությունների շարք պետք է լինի, որոնք շատ անգամ ինչ-որ մեծ ծախսեր չեն պահանջում, պահանջում են միայն ճիշտ մոտեցում։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մերի Մաթևոսյան