Թե՛ պոլիկլինիկաների, թե՛ բուժհաստատությունների անմատչելիությունը պատճառ է դառնում, որ հաշմանդամություն ունեցող անձինք բուժկենտրոն այցելեն ուղեկցողի հետ։ Այդպես է մեծամասնության դեպքում։ Coalition.am- ը զրուցել է 25-ամյա Ալլա Սահակյանի հետ, ով տեսողության խնդիր ունի։
«Հիմնականում ընտանիքի անդամների հետ եմ այցելում բժիշկի, քանի որ պոլիկլինիկան իսկապես անմատչելի է։ Նախ կաբինետների տեղը չգիտես, կաբինետների մոտ տեղադրված գրությունների տառաչափերը փոքր են կամ շատ վերև են փացված ու եթե անգամ թույլ տեսողություն ունենաս, չես կարող կարդալ։ Աստիճանները ահարմար են, նշումներ չկան, հաճախ նաև կաբինետներում ինչ-որ թղթեր ստորագրելու կարիք է նաև առաջանում։ Բացի այդ երբեմն մեկ այցի ընթացքում մի քանի տարբեր կաբինետներով շրջելու անհրաժեշտությունը ևս միայնակ հաղթահարել հնարավոր չի լինում, — ասում է Ալլան։
Եթե առաջին հայացքից թվում է, թե ուղեկցողի առկայության դեպքում խնդիրը լուծվում է, ապա իրականում հաճախ հենց այստեղ է թաքնված լինում իրական խնդիրը։ Անձի առողջությանը վերաբերող անձնական տվյալները հասանելի են դառնում 3-րդ անձին։ Ստացվում է, որ գաղտնիությունը չի պահպանվում, մինչդեռ անձն ունի սեփական առողջությանը վերաբերող տվյալները գաղտնի պահելու իրավունք։ Եթե որոշ դեքերում այդ տեղեկությունը, որքան էլ որ անցանկալի է, հասանելի է դառնում ուղեկցող ընտանիքի անդամին, ապա հաճախ էլ այդ 3-րդ անձը ընտանիքի անդամ չի լինում, օրինակ ընկեր կամ ժեստերի թարգմանիչ է լինում։
Մեր մյուս զրուցակիցը, որ նախընտրեց գաղտնի մնալ, 22 տարեկան է, չլսող անձ է։ Վերջերս գինեկոլոգի մոտ այցելելու անհրաժեշտություն է ունեցել, պատմում է մայրը։ Նրան ժեստերի լեզվի թարգմանիչ ընկերուհին է ուղեկցելու տեղեկացել առողջական խնդիրների մասին։
«Տհաճ է նույնիսկ, երբ քո խնդիրների մասին, այն էլ գինեկոլոգիական, իմանում են նույնիսկ հարազատներդ ու պատկերացրեք, թե որքան տհաճ է, երբ այդ մասին իմանում է քեզ անծանոթ մեկը, բայց այլ տարբերակ չկա։ Աղջիկս թույլ, բայց լսողություն ունի։ Նա տուն էր եկել շատ նեղված, քանի որ բժիշկը իր հետ նույնիսկ հարկ չէր համարել խոսել, խոսել է միայն ուղեկցողի հետ՝ առանց նրա դեմքին անգամ նայելու», -պատմում է մայրը։
Նման դեպքերում չի բացառվում նաև բժշկական գաղտնիքի արտահոսք, իսկ այդպիսի դեպքեր եղել են, ասում է «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանը։
«Օրենսդրական կարգավորում չկա ուղեկցողի մասով, այն դեպքում երբ դա ուղղակի անհրաժեշտություն է։ 2020թ-ին բժշկական գաղտնիքը վերջապես սահմանվեց օրենսդրությամբ ու կարգավորումներն էլ բավականին ընդլայնվեցին, ընդհուպ քրեական պատասխանատվություն սահմանվեց այդ գաղտնիքը տարածելու համար, սակայն ընթացակարգային բացեր կան, որոնք օրենքի կիրառությունը թույլ չեն տալիս։ Օրինակ, մինչ այսօր ունեցել ենք ահազանգեր, սակայն չենք ունեցել որևէ դեպք, որով հնարավոր է եղել հետ գնալ ու բացահայտել, այսինքն դատական գործեր այդպես էլ չենք ունեցել, դա նշանակում է, որ խնդիր կա, վերջնակետին չենք հասնում, չկան պատասխանատվության ենթարկվողներ, հետևաբար հաջորդ դեպքերը կանխել չենք կարող», — ասում է Զոփունյանը։
Խնդիրները տարատեսակ են, օրինակ եթե ԲԿ-ն է տրամադրում ուղեկցող կամ ժեստերի լեզվի թարգմանիչ, արդյո՞ք այդ մարդը կպահպանի գաղտնիությունը կամ «Արմեդ» համակարգ տվյալները մուտք անող անձը ունի՞ ստորագրած պայմանագիր՝ գաղտնիությունը պահպանելու վերաբերյալ։ Սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են։ Այս խնդիրները բերում են խտրական վերաբերմունքի՝ արդյունքում մարդը զրկվում է բժշկական պատշաճ օգնություն ստանալու իրավունքից։
«Նման խնդիրներից խուսափելու համար կամ պետք է բուժհաստատությունները դառնան մատչելի կամ բուժհաստատությունները անհրաժեշտության դեպքում պետք է կարողանան իրենք տրամադրեն ուղեկցողի ծառայություն, բայց մենք գիտենք, որ երկուսի համար էլ չկա բավարար ֆինանսավորում, հետևաբար խնդիրներից խուսափել չենք կարող։ Այստեղ ունենք օրենքը բարելավելու և իրավակիրառ պրակտիկան փոխելու անհրաժեշտություն», — ասում է Զոփունյանը։
Ինչ վերաբերում է գործատուներին, ապա նրանց պարագայում չկա այդ գաղտնիքը բացահայտելու խնդիր, քանի որ անձի անաշխատունակության թերթիկի մեջ նշվում է, խնդիրն այստեղ այլ է և Առողջության համաշխարհային կազմակերպության կողմից հիմա առաջարկություն կա, որ հիվանդությունների դասակարգիչ սահմանվի, որպեսզի ամեն աշխատող, օրինակ, կադրերի բաժնի աշխատակիցը չիմանա անձի խնդրի մասին, հատկապես եթե դա այնպիսի հիվանդություն է, որը կարող է խտրական վերաբերմունք առաջ բերել։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան