Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը,
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի
շրջանակներում կազմակերպվեց տեղեկատվական էքսպո:
«Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը ողջույնի իր խոսքում կարեւորեց մեր երկրում
հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանումը եւ շեշտադրեց, որ
Կոալիցիան շարունակելու է իր աշխատանքները որոշում կայացնողների հետ, որպեսզի ընդունվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական քաղաքականություններ։
«Մեր միջոցառումը նշում ենք դեկտեմբերի 10-ին, որը համընդհանուր մարդու իրավունքների
միջազգային օրն է, մենք նշում ենք, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները մարդու հիմնարար իրավունքներ են, ուստի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է արտացոլվեն մարդու իրավունքներին առնչվող ցանկացած քաղաքականությունում»,-իր խոսքում նշեց Կարինե Գրիգորյանը։
«Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանն անդրադարձավ
հաշմանդամության իրավունքահեն մոտեցումներին և հաշմանդամություն ունեցող անձանց
առաջնորդությանն ու մասնակցությանը։
«Այսօր մենք ցանկացանք ի ցույց դնել, ոչ միայն մեր կազմակերպությունների աշխատանքները, որոնք մենք անում ենք մեր մարզերում, այլ նաև ցույց տալ, որ մենք կարող ենք ունենալ ներառականություն և մատչելիություն բոլոր բնագավառներում, ներառյալ սպորտ և մշակույթ, իրավական բարեփոխումներ և առաջնորդություն»,- ասաց Գայանե Գրիգորյանը։
Էքսպոյում ընթացքում կազմակերպվեց Բոչիա պարալիմպիկ սպորտաձևի ցուցադրական խաղ, հաշմանդամություն ունեցող անձինք հանդես եկան երաժշտական կատարումով, որը ուղեկցվեց ժեստերի լեզվի թարգմանությամբ։
Մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդները ոչ միայն լուսանկարեցին էքսպոյի ամբողջ ընթացքը, այլ նաև վարպետաց դաս անցկացրեցին, թե ինչպես է հնարավոր ստանալ անկեղծ ու որակյալ լուսանկար։
Էքսպոյում կարևոր մաս էր կազմում նաև ցուցադրվող աջակցող սարքերն ու կրթական զարգացնող վեբ֊հավելվածը։
Միավորված ազգերի կազմակերպության կողմից նշվող հաշմանդամություն ունեցող
անձանց միջազգային օրը 2022թ.-ին ընթանում էր «Փոխակերպող լուծումներ ներառական զարգացման համար. նորարարության դերը մատչելի եւ արդար աշխարհի ստեղծման գործում» խորագրի ներքո։
Ցուցադրությունը ևս մեկ անգամ հիշեցում էր նորագույն տեխնոլոգիաների մեծ դերի մասին։
Ներկայացված էին տարբեր սարքեր հաշմանդամություն ունեցող մայրիկների համար, որոնք հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող կանանց կյանքի կոչելու իրենց երազանքը, երեխա ունենալու ու երեխայի խնամքով զբաղվել սեփական ուժերով։
«Դեպի ներառական Հայաստան» ծրագիրն իրականացնում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: