8 ամիս սպասելուց հետո Աննա Կարապետյանը պատահական «Արբես» առողջության կենտրոնում տեղեկանում է, որ պետպատվերով սպասարկվել այլևս չեն կարող։
Աննան 2 որդի ունի՝ 3,5 և 8 տարեկան, երկուսն էլ աուտիզմ ունեն։ Արբես կենտրոնի հոգեբույժին այցելելու համար Աննան պոլիկլինիկայից ուղեգիր է վերցրել ու մոտեցել կենտրոն, որտեղ էլ հոգեբույժն ասել է, որ պետպատվեր այլևս չկա։
«Ինձ հոգեբույժն ասաց, որ նույնիսկ իր մոտ այցի համար պետք է վճարեմ, որովհետև պետությունը դրա համար այլևս չի վճարում։ Պետությունը գնալով կրճատում է պետպատվերը վերականգնողական կենտրոններում», — ասում է Աննան։
Փոքր որդուն Աննան 1 տարեկանից գրանցել է տարբեր կենտրոններում, 2,5 տարվա ընթացքում, ասում է, ոչ մի տեղ հերթը չի հասել։ Միայն մեկ անգամ Քանաքեռի վերականգնողական կենտրոն ծառայությունների են կանչել և երկու ամիս էլ ՀՄԿ։
«Մեզ ասում են թոշակները կբարձացնեն, բայցինձ պետք է, որ երեխաս թերապիաները ստանա։ Ասում են առաջիկայում կարող է նորից լինել, մենք արդեն իսկ ուշացել ենք, ինձ այդ թերապիաները երեկ էին պետք, մեկ ամիս, մեկ տարի առաջ էր պետք, վաղը կարող է ուշ լինել, քանի որ որքան մեծանում են, այնքան արդյունավետությունը նվազում է, իսկ վճարովի ծառայությունները պարզապես շատերին հասանելի չեն, 30-40ր-ն 8-10 000 դրամ արժե», — ասում է Աննան։
«Արբես»կենտրոնում, որտեղ տարիներ շարունակ գործել է պետպատվեր, բազմաթիվ ծնողներ են իրենց երեխաներին հերթագրել ու սպասում են իրենց հերթին։ Նրանք դեռևս տեղեկացված չեն, որ հերթն այդպես էլ չի հասնի։
Գայանե Գևորգյանն էլ աուտիզմ ունեցող 5-ամյա որդուն 2 տարի առաջ է գրանցել «Արբեսում»ու դեռ սպասում է իր հերթին։
«Հայկս պետպատվերով հաճախել է «Իմ ուղի» վերականգնողական կենտրոն, հիմա հաճախում ենք Աբովյանի տարածքային ՏՄԱԿ և «Սոս մանկական գյուղեր», որտեղ ծառայություններ է ստանում։ Վճարովի թերապիաների տարել ենք այն ժամանակ, երբ ֆինանսապես կայուն էինք, բայց հիմա ֆինանսական խնդիրներ ունենք, ես էլ առողջական խնդիրներ ունեմ և չենք կարող վճարովի տանել։ Լավ կլիներ, որ կարողանայինք մեկ այլ վերականգնողական կենտրոն հաճախել, որոհետև այն կենտրոնները, որ հաճախում ենք, չկան բոլոր մասնագետները, չկան էգոթերապիստներ ու հատուկ մանկավարժներ, իսկ մեզ շատ է անհրաժեշտ։ Իրենց մոտ այցերից հետո երեխայի մոտ մեծ առաջընթաց է գրանցվում, իսկ հիմա անհույս սպասում ենք», — ասում է Գայանեն։
Coalition.am-ը պարզաբանում խնդրեց Առողջապահության նախարարությունից, ասացին հարցերին կպատասխանեն միայն գրավոր տարբերակով։ Մենք գրավոր հարցում ուղարկեցինք, ստանալուն պես պատասխանը կհրապարակենք։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան