Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարեցումները շատ հաճախ սահմանափակվում են կառույցների մուտքերի եւ ելքերի մոտ առկա թեքահարթակներով, իսկ նույն կառույցի ներսում կամ հարկերում տեղաշարժվելը, ենթակառուցվածքներից օգտվելը անհարմար է, թեպետեւ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման, ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովման իրավական հիմքեր եւ մեխանիզմներ առկա են։
2010 թվականին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացմամբ՝ ՀՀ-ը ստանձնել է տարբեր պարտավորություններ։ Օրինակ, Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու եւ կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ, որպեսզի նրանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովեն ֆիզիկական միջավայրի, փոխադրամիջոցների, նաեւ այլ հարմարությունների ու ծառայությունների մատչելիությունը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը, ի թիվս այլ նորմերի, սահմանում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման մատչելիությունն ապահովող և այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, որոնց պահանջների կատարումը պարտադիր է քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար:
Coalition.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն ասում է, որ նախագծանախահաշվային փաստաթղթերում արդեն իսկ շինարարական կազմակերպության համար պարտադիր պայման է դառնում, որ ապահովելու է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման մատչելիությունը։
«Նախագծանախահաշվային փաստաթղթերում այս պարտադիր պայմանն ամրագրվում է եւ այդպես էլ կառուցվում է շինությունը»,-ասում է նա։ Խ․Խնձրցյանը միաժամանակ ավելացնում է՝ եթե շինարարության ավարտից հետո բացահայտվում է, որ տվյալ շինարարական կազմակերպությունը չի ապահովել պահանջը, այն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման մատչելիությունը, պատասխանը, իր իսկ խոսքով, լինում է «կոշտ»։
«Եթե նման բան է բացահայտվում, ապա նույն շինկազմակերպությունը պարտադիր թերությունը սահմանված ժամկետում շտկում է»,-եզրափակում է Խ․Խնձրցյանը։
Ինչպես նշվեց, ՀՀ-ում թեպետ առկա են իրավական մեխանիզմներ ու օրենսդրական պահանջներ, այնուհանդերձ, գործնականում հաճախ չի ապահովվում հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի մատչելիությունը։
25-ամյա Տաթեւիկը հենաշարժական խնդիրներ ձեռք է բերել 18 տարեկանում, երբ հազիվ փրկվել է ավտովթարից։ Պատմում է, որ Կոտայքի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սեմինարին մասնակցելիս, չի կարողացել բարձրանալ երրորդ հարկ, օգնության են հասել մարդիկ։ «Այդ շենքի մոտ կար թեքահարթակ, ես կարողացա հեշտությամբ մուտք գործել շենք, իսկ երրորդ հարկ բարձրանալու միակ տարբերակը աստիճաններն էին։ Ես մոլորվել էի, չէի կարողանում բարձրանալ։ Ստիպված մարդիկ ինձ գրկելով են բարձրացրել, ապա իջեցրել են»,-ասում է նա։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքներից տեղեկանում ենք, որ, այնուհանդերձ, շենքերում առկա հարմարեցումները նախատեսված չեն հաշմանդամության բոլոր տեսակների համար:
«Օրինակ՝ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված հարմարեցումները հազվադեպ են ապահովվում, որի պատճառով հաշմանդամություն ունեցող մարդիկ ստիպված են լինում դիմել օգնության, ինչը չի ապահովում ինքնուրույն իրավունքներն իրացնելու սկզբունքի իրացումը»,-հրապարակել է ՄԻՊ-ը եւ լուծում մատնանշել։ Օրինակ՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար անհրաժեշտ են այնպիսի հարմարություններ, ինչպես օրինակ՝ գոգավոր ծածկույթներով հատվածներ, որը կզգուշացնի մայթի մոտալուտ ավարտի վերաբերյալ, խաչմերուկներում ձայնային ազդանշաններով լուսացույցներ փողոց անցնելու համար և այլն:
«Խնդիրը նաև այն է, որ մի շարք կառույցների շինարարությունն իրականացվել է մինչև համապատասխան շինարարական նորմերի և կանոնների հաստատումը, ինչի արդյունքում բազմաթիվ շինություններ հարմարեցված չեն: Հաշմանդամություն ունեցող մարդկանց անխոչընդոտ տեղաշարժի հնարավորության Հաշմանդամություն ունեցող մարդկանց անխոչընդոտ տեղաշարժի հնարավորության սահմանափակումը համակարգային խնդիր է, որի հետևանքով սահմանափակվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց կրթություն ստանալու, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև առողջության պահպանման, մշակութային կյանքին մասնակցելու և այլ իրավունքների ինքնուրույն իրականացումը: Ավելին, մի շարք դեպքերում էլ հարմարեցումներն իրականացվում են շինարարական նորմերի խախտմամբ կամ տեղաշարժը սահմանափակվում է թեքահարթակների դիմաց մեքենաների կայանման արդյունքում: Սա նաև վկայում է այն համակարգային խնդրի մասին, որ շատերն իրազեկված չեն թեքահարթակների օգտագործման կարևորության մասին»,-արձանագրել է ՄԻՊ-ը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Անի Մկրտչյան