Ֆուտբոլը կամքի, դժվարության ու պայքարի մասին է. ամեն ինչ ավելի է բարդանում, երբ խոսում ենք կույր ֆուտբոլի մասին (ֆուտբոլ՝ հարմարեցված տեսողության խնդիրներ ունեցող անձանց):
Մեր զրուցակից Ալլա Սահակյանը Հայաստանում կույր ֆուտբոլ մարզաձևի զարգացման ծրագրի համակարգողն է , թիմի ավագը, նաև տիֆլոմանկավարժ, ասում է՝ Հայաստանում այս մարզաձևը սկսեց զարգանալ միայն 2019-ին, ինքն էլ այդ ժամանակ ներգրավվեց թիմում, օգնեց նախաձեռնողներին, ու ամեն ինչ ստացվեց:
«Որ զանգում են գրանցվելու, հարցնում են՝բա ո՞նց ենք խաղալու, բա որ վնասվածք ստանամ. սպորտում ոչ ոք ապահովագրված չէ վնասվածքից, միայն թե պետք է պահպանել միջազգայնորեն սահմանված կանոններն ու վայելել ֆուտբոլը».սա Ալլայի պնդումն է:
Լուսանկարում Ալլա Սահակյանն է՝ կույր ֆուտբոլի ընթացքում
Ալլան համաձայնում է, որ հոգեբանորեն, ֆիզիկապես ևս շատ բարդ է, բայց վստահեցնում՝ հնարավոր, եթե կա ցանկություն ու երազանք:
«Ֆուտբոլը իմ երազանքների խաղն է եղել, ու հիմա ես ինձ երջանիկ եմ զգում, որ զբաղվում եմ ֆուտբոլով՝ ունենալով տեսողության խնդիրներ: Մինչև հիմա նույնիսկ բժիշկս է զարմանում, ինձ արգելված էր սպորտով զբաղվել. թռիչքներ, վարժություններ բժիշկս թույլ չէր տալիս, որովհետև իմ աչքի հիվանդությունն այդպիսին է։ Բժշկական տեսանկյունից գուցե ես համաձայն եմ իր հետ, բայց ես գնացել եմ իմ երազանքի հետևից, մարզումներս կազմակերպում եմ այնպես, որ ֆիզիկական ակտիվությունս համատեղելի լինի հիվանդությանս հետ»։
Ալլան պնդում է՝ հաղթահարել է ու շարունակում է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ․ դրանք բնականոն են, և հաշմանդամությունը երբեք խանգարող հանգամանք լինել չի կարող: Ասում է՝ ամենակարևորը մտքում հաղթանակ տանելն է, հետո ամեն բան հնարավոր կլինի:
«Ես ունեմ էդ ցանկությունը դժվարությունն անցնել, գնալ առաջ, Հայաստանում շատ են ասում՝ հերիք չի կույր ֆուտբոլ, մի հատ էլ կանայք են դրանով զբաղվում, մեզ այդպիսի մեկնաբանություններ շատ են գրում. դա հոգեպես ազդում է, բայց մենք դիպուկ հարվածներով առաջ ենք գնում»,-նշում է կիսապաշտպան Ալլա Սահականը:
Լուսանկարում Ալլա Սահակյանն է՝ ֆուտբոլի դաշտում, գնդակը ձեռքին
Ի դեպ, Ալլան նախընտրում է պաշտպանական դիրքում խաղալ:
Ինչ վերաբերում է սպիտակ ձեռնափայտին (դրանք օգտագործում են տեսողական որոշակի խնդիրներ ունեցող անձինք), ապա Ալլան ասում է՝ ժամանակն է, որպեսզի հասարակությունը ավելի ոչ կարծրատիպային մոտենա հաշմանդամություն ունեցող անձանց, վերջիններս՝ իրենք իրենց լիարժեք համարեն, և սրանով կլուծվեն մնացած բոլոր խնդիրները:
«Երբ ուզում են հաշմանդամություն ունեցող անձին օգնել, նախ պետք է հարցնել՝ պե՞տք է օգնություն, թե՞ ոչ: Երբեմն մարդիկ բարի կամք են դրսևորում, բայց չօգնելով, այլ երբեմն նույնիսկ խանգարելով, սակայն ամեն նման հանդիպմանը ես իմ սպիտակ ձեռնափայտով կրթում եմ մարդկանց, խոսում այն մասին, թե ինչպես պետք է մոտեցում ցուցաբերել, ինչպես շփվել հաշմանդամություն ունեցող անձի հետ, պատմում եմ սպիտակ ձեռնափայտի մասին, ասում, որ եթե մարդը տեսողության որոշակի խնդիրներ ունի, ապա նա կարող է շփվել և նրան խղճալու անհրաժեշտություն չկա»։
Լուսանկարում Ալլա Սահակյանն է՝ սպիտակ ձեռնափայտի գործնական դասի ընթացքում՝ փողոցում
Արդեն մեկ տարի տարածական կողմնորոշման դասընթացներ իրականացնող Ալլան այսկերպ՝ հավատով ու սիրով է մոտենում նաև այն մարդկանց, որոնց հետ վարում է դասընթացները: Իսկ տեսողության խնդիրներ ունեցող ու ֆուտբոլ սիրող մարդկանց հրավիրում է թիմ՝ խաղալու ֆուտբոլ փակ աչքերով, լսելով, զգալով և խոստանում ՝ գոլը չի ուշանա:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Լուսանկարները՝ Ալլա Սահակյանի ֆեյսբուքյան էջից
Տիգրանուհի Կուրղինյան