Գայանե Ավչյանին 10 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ հարևանները օրեր առաջ բակում տեսան։ Տիկին Գայանեն իր կյանքի վերջին 10 տարիները տանն է անցկացրել, որից 8 տարին անկողնում։
2013թ-ին Տիկին Գայանեն հանրային տրանսպորտի վատ արգելակման պատճառով հաշմանդամություն էր ձեռք բերել, զրկվել քայլելու կարողությունից։ Ծանր ապրումներից ու սթրեսից հետո 40 կգ քաշ էր կորցրել, մազերն էին սկսել թափվել, կինը կորցրել էր ապրելու ցանկությունը։
«Ես չէի ուզում ապրել, կորցրել էի ապրելու իմաստը, նույնիսկ քնել չէի կարողանում։ Հետո ճակատագիրը ինձ նոր հարված էր պատրաստել, որից հետո միայն սկսեցի արժեվորել կյանքը ու պայքարել։ Սկսեցի գործել, խաղալիքներ ու հագուստ գործել ու դրանից հետո կյանքս լիովին փոխվեց, նոր աչքերով սկսեցի նայել աշխարհին ու կյանքին։ Հիմա միայն զղջում եմ կորցրած տարիներիս համար, բայց և ուզում եմ ապրել ու նոր հրաշքներ գործել», — ասում է տիկին Գայանեն։
Նա բոլորովին վերջերս բարեգործական կազմակերպության կողմից էլեկտրական սայլակ է նվեր ստացել, մինչ այդ պետական հավաստագրով ստացել էր մեխանիկական սայլակ, սակայն իր ունեցած խնդրի պատճառով այն գործածել չէր կարողանում, իսկ նոր սայլակը նաև նոր հնարավորություններ է բացել։ Տիկին Գայանեն արդեն տնից դուրս է գալիս։ Առաջին շրջայցը բակում էր, ծանոթ խանութների մոտով անցավ, բայց ներս մտնել չի կարողացել, կա՛մ թեքահարթակ չկար կամ էլ կար, բայց պաղպաղակի սառնարաններով մուտքը փակված էր։ Տիկին Գայանեն ցավով է արձանագրում, 10 տարի ընդմիջումից հետո, չնայած իր անսահման մեծ ցանկությանն ու արդեն էլեկտրական սայլակի առկայությանը, տնից դուրս գալ հաճախ չի կարողանալում, որովհետև պայմաններ չկան։
«Մենք 2-րդ հարկում ենք ապրում, վերելակ չկա։ Ամեն անգամ տնից դուրս գալու համար պետք է ուժեղ տղամարդ լինի, որ կարողանա սայլակն իջեցնել, որը ծանր է և ինձ իջեցնել։ Ես մտածում էի պատուհանից վերելակի նման մի բան հավաքվեր, որով կկարողանայի ինքնուրույն իջնել ու բարձրանալ, բայց 2 մլն դրամ գումար ուզեցին։ Փորձում ենք տունը վաճառել ու սեփական տուն գնել, բայց տների գինը շատ է բարձրացել, դա էլ չի ստացվում։ Չգիտեմ, ինչպե՞ս հաղթահարեմ իմ առջև ծառացած հերթական դժվարությունը», — ասում է տիկին Գայանեն ու ցույց տալիս նաև բակում՝ դեպի շենքերի մուտքը եկող ճանապարհի վրա հարևանի տեղադրած երկաթե խողովակը։
«Ինձ համար հաճախ է շտապօգնություն գալիս, պատգարակով տանում են, բացի այդ այդ խողովակը դնելուց հետո ավտոկայանատեղի է դարձել, մեքենաները այնպես են կանգնում, որ սայլակն էլ չի անցնում։ Մեր հին հարևանն էր։ Խնդրեցի, ասեցի մուտքը մի փակեք, որ շտապօգնության մեքենան գոնե կարողանա մոտենալ, չլսեցին, տեղադրեցին ու ամբողջ գիշեր էլ նստեցին կողքը, որ հանող չլինի։ Համատիրություն դիմեցի, ասեցին մեր անելիքը չկա այդտեղ», — պատում է տիկին Գայանեն։
Coalition.am-ը ևս կապ հաստատեց համատիրության և քաղաքապեարանի հետ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ նման իրավիճակներում որոշումը կայացվում է բնակչության մեծամասնության կարծիքի հիման վրա և որ իրենք այդ մասով որևէ իրավասություն ու պարտավորություն չունեն, չկան այդպիսի իրավիճակները կարգավորող նորմեր, հետևաբար ստացվում է, որ բնակիչները իրար միջև պետք է հարցերը լուծեն՝ «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքով, ինչպես որ եղել է այս դեպքում։ Տիկին Գայանեն նշում է, որ հարևանների մեծ մասը դեմ է, բայց ոչ մեկը չի ուզում գլուխ դնել խողովակը դրած հարևանի հետ։ Պատրաստ է նույնիսկ ստորագրահավաք անել, հարևանները կստորագրեն, բայց միևնույնն է խնդրին լուծում տվող պատկան մարմին չի լինի։ Հերթական անգամ հաշմանդամություն ունեցող անձը մնում է միայնակ իր խնդրի հետ։
Մենք համատիրության նախագահ Սպարտակ Մաթևոսյանին առաջարկեցինք նաև թեքահարթակ կառուցել մուտքում մեր նախորդ նյութերից մեկում անդրադարձած թեքահարթակի սկզբունքով՝ պատի վրա փակվող երկաթե թեքահարթակը, ցույց տվեցինք նախադեպը, սակայն մեզ պատասխանեցին, որ եթե մենք կգտնենք նման թեքահարթակ սարքող մասնագետ և դրա ծախսը չի գերազանցի 20,000 դրամը, ապա պատրաստ են դա անել, հակառակ դեպքում՝ չեն կարող։ Ի դեպ, Գայանե Ավչյանը պարտաճանաչ վճարում է բնակվարձը, սակայն տնից դուրս գալու տարրական հարմարություն անգամ չունի։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան