Այս տեսանյութը լավ օրինակ է այն անարդարության, որին հաճախ բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք։ Սա մեկն է նմանօրինակ դեպքերից, բայց միակը չէ։ Պարբերաբար նման խնդիրների են բախվում ամենատարբեր ոլորտներում ու հաշմանդամության տարբեր տեսակներ ունեցող մարդիկ։
Արտաշես Հովհաննիսյանը լսողության խնդիր ունի և կյանքում ամենատարբեր դժվարությունների է բախվել, քանի որ տեղեկատվությունը նրա համար հաճախ հասանելի չի լինում, ասում է, ցանկացած իրավիճակում, երբ բանավոր կամ ձայնային հայտարարություն ու հաղորդագրություն է լինում, ինքը խնդրի առաջ է կանգնում։
«Անկախ նրանից դա պաշտոնական հաղորդագրություն է, թե ոչ, ես զրկվում եմ իմ՝ տեղեկացված լինելու իրավունքից։ Ես նաև զանգահարելու հնարավորություն չունեմ և եթե որևէ հարց եմ ուզում ճշտել թեժ գծերից, ստիպված եմ լինում հարազատներիցս մեկին խնդրել։ Սա արդար չէ կարծում եմ և ցանկացած անձ պետք է այդ տարրական բաներից օգտվելու հնարավորություն ունենա», — ասում է Արտաշեսը։
Արտաշեսը թեժ գծերին զանգելու փոխարեն հաճախ էլեկտրոնային փոստով է հարցն ուղղում, ինչը, սակայն, ժամանակատար է և երկար ժամանակ է պահանջվում հարցերի պատասխանները ստանալու համար։ Այս խնդրի վերացման համար չի դիմել պատկան մարմիններին, բայց առաջարկ ունի նրանց անելու։
«Պետական կառույցները, այդ կառույցների թեժ գծերը պետք է 2 հեռախոսահամար ունենան՝ ապահովելով նաև տեքստային և ժեստային թարգմանություն լսողության խնդիրներ ունեցող անձանց համար և զանգի դեպքում նրանք անմիջապես պետք է կապ հաստատեն համապատասխան անձի հետ և արագ արձագանքեն», — ասում է Արտաշեսը։
Մեր մյուս զրուցակիցը 30 տարեկան է, տեսողությունը կորցրել է 3 տարեկանում՝ գլաուկոմա հիվանդության պատճառով։ Ասում է գրեթե ոչ մի կայք, այդ թվում՝ պետական կառույցների կայքերը, հասաելի չեն տեսողության խնդիր ունեցող անձանց համար։
«Ես հատուկ ծրագրերի օգնությամբ կարողանում եմ օգտվել համացանցից ու տարբեր կայքերից, բայց շատերը պարզապես չեն տիրապետում այդ միջոցներին և կայքերի ու տեղեկության անհասանելիության պատճառով պարզապես զրկված են լինում այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից։ Մեկ այլ խնդիր էլ կնշեմ, պարբերաբար հաղորդագրություններ ենք ստանում, օրինակ, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության նախարարությունից ու այլ կառույցներից, որոնք իրազեկող, նախազգուշացնող բնույթի են, բայց կրկին շատերին պարզապես հասանելի չեն և եթե մարդը կողքին չունի մեկը, ով կկարդա իր համար, նշանակում է կրկին ինֆորմացիոն վաակումի մեջ է հայտնվում», — ասում է մեր զրուցակիցը, ով չցանկացավ ներկայանալ։
Աշխատանքի և սոցիալական հարցերիր նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ իրենց թեժ գծին լսողության խնդիր ունեցող անձանցից դժգոհություններ չեն ստացվել։ Նախարարությունը այս պահին չունի տեղեկատվության փոխանցման այլընտրանքային տարբերակ, անգամ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի ծառայություններին վերաբերող տեղեկատվության փոխանցման համար։ Այս պահին տեղեկության փոխանցման հիմնական աղբյուրը հանդիսանում է համացանցն ու նախարարության պաշտոնական կայքը, որը հիմա փոփոխման փուլում է։ Տարվում են աշխատանքներ այն բոլորի համար մատչելի դարձնելու ուղղությամբ, այդ թվում՝ տեսողության և լսողության խնդիրներ ունեցողների համար։ Բացի այդ, «e-Disability» տեղեկատվական համակարգը կիրարկված է beta տարբերակով և այժմ գտնվում է փորձարկման փուլում: Հարթակն ընդհանուր առմամբ համապատասխանում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներին` ապահովելով պետական ծառայությունների մատչելիությունը, թեպետ կան դրույթներ, որոնք լրացման անհրաժեշտություն ունեն ու կան որոշակի գործառույթներ, որոնք նախատեսված են իրականացնել հարթակի զարգացման հետագա փուլերում։
Դիտարկվել է միջազգային փորձը, միաժամանակ հետագա զարգացման շրջանակում նախատեսվում է մասնագիտական խմբերի ձևավորում, այդ թվում՝ նաև հաշմանդամություն ունեցող խմբերի ներառմամբ (առավել առարկայական քննարկումների իրականացման նպատակով)` հասկանալու, թե առկա տեխնիկական լուծումներից որոնք են ավելի ներառական և կիրառելի։
«e-Disability» տեղեկատվական համակարգի միջոցով հաշմանդամություն ունեցող, մասնավորապես՝ թույլ տեսողություն ունեցող, ինչպես նաև խուլ կամ լսողության խնդիրներ ունեցող անձինք կարող են ինքնուրույն կամ իրենց ներկայացուցչի միջով դիմում ներկայացնել, իսկ կույր անձանց դեպքում համակարգը նման հնարավորություն չի նախատեսում, սակայն վերջիններիս հնարավորություն է տրվում ներկայացուցչի միջոցով դիմում ներկայացնել կամ ՄՍԾ տարածքային կենտրոն դիմել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նաև տեղեկացնում են, որ հարթակների մատչելիության ապահովմանն առնչվող խնդիրների լուծման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներ իրականացվում են, քանի որ կա անհրաժեշտություն՝ տալ համապարփակ և համակարգային լուծումներ, մասնավորապես՝ աուդիո և վիդեո բովանդակության, բրալյան համակարգով բովանդակության ստեղծման, ներկայացման և տարածման առնչությամբ (այլ գերատեսչությունների հետ ևս տվյալ պահանջները քննարկվում են):
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան