Մանկական ուղեղային կաթված ունեցող 13-ամյա Ավետը Թեղուտի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում է սովորում։ Սիրով էր դպրոց հաճախում, բոլոր դասերին մասնակցում։ Հիմա, թեպետ սերն ուսման հանդեպ չի նվազել, բայց հայոց լեզվի ու գրականության դասերին միայն ֆիզիկապես է ներկա լինում՝ գրավորները չի անում, դասերին մասնակցություն չի ունենում։ Պատճառն ուսուցչի սխալ մոտեցումն էր երեխային, ցավով ասում է մայրը՝ Մարինե Վորխմազյանը։
«Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին՝ Կարինե Ամիրխանյանը, որը ատեստավորում անցած ուսուցչուհի է և համարվում է ներառական դպրոցի ուսուցչուհի, ոչ մի պատկերացում չունի հաշմանդամություն ունեցող երեխայի հետ շփվելու մասին։ Երեխային մեկուսացնում է, չի թողնում, որ երեխայի կողքը որևէ աշակերտ նստի, ասում է քո կողքը պետք է ներառականի ուսուցչուհին միայն նստի։ Բայց եթե ուսուցչուհին չկա, ինչու՞ չի կարող դասընկերը նստել կողքը։ Երեխա է, ուզում է, որ իր կողքն էլ ընկերները նստեն։ Ինքը բոլոր դասընկերների հետ լավ հարաբերություն ունի, բայց ուսուցիչը մի քանի անգամ կողքը նստած դասընկերոջը հանել է՝ երեխայիս հոգեբանական տրավմա պատճառելով», — պատմում է տիկին Մարինեն ու հիշում, թե ինչպես է որդին սրտնեղած տուն հասել ու դժգոհել ուսուցչուհու նման պահվածքից։
Երբ ծնողը դպրոց է այցելել ուսուցչի հետ պարզելու, թե ո՞րն է նման վերաբերմունքի պատճառը, ասում է, ուսուցչի կողմից ընդգծված ագրեսիվ վերաբերմունքին է արժանացել։
«Մենք գրադարանում էինք խոսում, իր ագրեսիան հենց սկզբից նկատելի էր ու ահավոր էր։ Ինքը ինձ ասեց էդ երեխեն իրավունք չունի քո երեխու կողքը նստելու, «Քո երեխու լեզուն սկի ես չեմ հասկանում, էդ երեխեն էլ քո երեխու թարգմանիչնա՞»։ Ես ահավոր նեղվեցի այդ արտահայտությունից ու ասեցի, որ դու պարտավոր ես իմ երեխայի լեզուն հասկանալու ու իմ երեխուն ընդունելու այնպիսին, ինչպիսին կա ու դուրս եկա, ինքը իմ հետևից դեռ գոռում էր ու վիրավորում։ Ես տնօրենի մոտ գնացի ու ասացի, որ հարցն այսպես չեմ թողնելու», — պատմում է Մարինեն։
Մայրը մեզ հետ զրույցում նշում է, որ վիրավորանքը շատ մեծ էր, բայց այդ ամենին գումարվեցին նաև հոգեբանական ճշումները։ Այդ ուսուցչուհու դուստրը դպրոցի գրադարանավարուհին է, տնօրենը մորաքրոջ աղջիկն է, իսկ քույրը՝ իր հետ մանկապարտեզում է աշխատում, որպես երաժիշտ։ ՈՒ բոլոր կողմերից ճնշում ու վատ վերաբերմունք է նկատել, գուցե, ասում է, ամեն ինչ այդքանով էլ սահմանափակվեր, երեխայի դպրոցը փոխեր ու այդքանով ամեն ինչ ավարտվեր, եթե չլիներ որդու արած արտահայտությունը․
«Իմ տղան տեսնելով իմ սթրեսային վիճակը, իսկ ես իսկապես շատ վատ էի, շատ էի նեղվել, ինձ ասաց «Մա՛մ, փաստորեն ոչ միայն ինձ չկարողացար պաշտպանել, այլ նաև քեզ»։ Իմ այդ վիճակը նրա վրա շատ էր ազդել և ես որոշեցի, որ այդ հարցն իրոք չպետք է այդպես մնա, որ տղաս պետք է տեսնի, որ մենք պաշտպանված ենք և դիմեցի իրավաբանական աջակցություն ստանալու համար», — նշում է ծնողը։
Մարիամը դիմել է «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիային», որն անվճար իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում՝ նաև աջակցություն է ցուցաբերում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամներին։ Իրավաբան Հասմիկ Կարապետյանը անձամբ է զբաղվել այդ հարցով, խոսել է թե՛ ուսուցչի, թե՛ դպրոցի տնօրենի հետ։ Ուսուցիչը չի ընդունել իրեն ուղղված մեղադրանքները, սակայն տնօրենը հանձն է առել, որ կվերահսկի և նման վերաբերմունք երեխայի նկատմամբ այլևս չի լինի։ Ծնողի ցանկությամբ գործն այսքանով առայժմ ավարտվել է։
«Տնօրենի հետ քննարկել ենք հարցը և եթե շարունակվի նման պահվածքը, կարող ենք նաև նախարարություն դիմել՝ վերահսկողություն իրականացնելու պահանջով, ընդհուպ մինչև ուսուցչին աշխատանքից հեռացնելու հարցը բարձրացնել, բայց առայժմ ծնողի ցանկությամբ սահմանափակվել ենք միայն նախազգուշացնելով», — ասում է Հասմիկ Կարապետյանը։
Անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցելու ծրագիրը կոալիցիան սկսել է այս տարվա հունվարից։ 200-ից ավելի զանգ է արդեն ստացվել։ Իրավաբանական խորհրդատվություն ու աջակցություն ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել զանգահարելով 077 04 30 42 հեռախոսահամարով կամ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի» ֆեյսբուքյան էջին գրելով։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան