Երբ մեկ գաղափարի ու նպատակի շուրջ համախմբվում են տարբեր կազմակերպություններ ու անհատներ, հաջողությունն անխուսափելի է դառնում։
Դեռ 2021թ-ին էր, երբ «Ագաթ» հասարակական կազմակերպությունն ՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի մեկնարկեց «Դեպի ներառական Հայաստան» ծրագիրը:
Որ ծրագրի մեկնարկից 3 տարի անց Հայաստանն ավելի ներառական, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք ավելի իրավագիտակից ու սեփական իրավունքների հանդեպ պահանջատեր են դարձել, իրական փաստերն են վկայում։
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամների ու Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող բոլոր ուժերի ու կառույցների համախմբված ջատագովության առաջին ու ամենամեծ ձեռքբերումը 2021թ-ին Խորհրդարանի կողմից ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքն էր։
«Օրենքի ընդունումը իր հետևից բերում էր բազմաթիվ այլ գործողություններ, կային շատ-շատ օրենսդրական փոփոխություններ, որոնք սպասում էին մեր երկրում օրենքի ընդունումից հետո, և այս պարագայում կոալիցիայի դերը շատ մեծ էր, և կարող էր անչափ օգտակար լիներ մեր երկրի զարգացման և ներառականության ապահովման համար»,-նշում է «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը։
Ակնկալիքները գերազանցված էին։ Եթե ծրագրի շրջանակներում նախատեսվում էր շուրջ 30 իրավական առաջարկների ձևակերպում և ներկայացում, ապա այդ թիվը մի քանի անգամ գերազանցվեց։ Բարեփոխված իրավական ակտեր, հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների, համայքների ղեկավարների հետ: Սուբվենցիոն ծրագրերում մատչելիության ու ներառականության ապահովում, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ազգային հանձնաժողովի աշխատանքների ակտիվացում ու վարչապետի կողմից տրված հանձնարարականներ, որոնք մշտադիտարկվում են կոալիցիայի կողմից։
Ներառական դառնալու ճանապարհին որքանո՞վ է պետությունը կատարել իր պարտավորությունները։ Այս հարցի պատասխանն ունենալու համար Կոալիցիան Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ այլընտրանքային զեկույց պատրաստեց:
Երկրում ներառականության ապահովման կարևորությունը կոալիցիան ցույց տվեց ո՛չ թե խոսքերի, այլ գործերի միջոցով։ Բազմաթիվ հաջողության պատմություններ՝ իրականացված ամենատարբեր ծրագրերի միջոցով։ Մշակութային ու մարզական միջոցառումներ, տարբեր դասընթացներ՝ համայնքների հզորացման գործողությունների շրջանակում: Աշխատաժողովներ տեսողության, լսողության ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար։ Ավելին, մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար նաև «Արեգակ» կրթական զարգացնող վեբ-հավելվածը ստեղծվեց՝ թույլ տալով մտավոր խնդիրներ ունեցող անձանց դեռ դպրոցական նստարանից տեղեկանալ ու տեղեկացված լինել սեփական իրավունքներին։
Այս ամենին զուգահեռ, Կոալիցիան նաև հնարավորություն տվեց տեր կանգնել սեփական իրավունքներին ու, անհրաժեշտության դեպքում, դատական կարգով հասնել հաջողության։ Անվճար իրավախորհրդատվության հնարավորություն ստեղծեց, որից շուրջ 200 անձ օգտվեց։ Արդյունքում վերականգնված աշխատանքային իրավունքներ, գործունակության ճանաչումից մինչև հաշմանդամության կարգի սահմանում ու ծառայությունների մատչելիություն։
«Չեմ սխալվի եթե ասեմ, որ ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան դարձել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մեծ շարժիչ ուժ, որի ձայնը լսելի է և հաշվի է առնվում բոլոր շահակիրների և որոշում կայացնողների կողմից։
Կոալիցիայի անդամների համար հստակ էր՝ ծրագրի նպատակների հաջող իրագործման համար, բացի իրավական հենքից անհրաժեշտ էին նաև համայնքային հզոր շարժումներ, որոնք պետք է խթանեին հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը», — ասում է Գայանե Գրիգորյանը:
Գրանցած հաջողությունների, արված աշխատանքի, տրված հնարավորությունների ու ոլորտում դեռ առկա մի շարք խնդիրների մասին տեղեկությունները մեկտեղվեցին նորաստեղծ կայքում, որը հասանելի և մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար։
Արդյունքում հրապարակված 360 հոդված, ՄԱԿ-ի՝ հաշմանադամություն ունեցող անձանց մասին կոնվենցիայի հոդվածներին առնչվող 7 տեսանյութ, իրազեկվածության բարձրացման նյութեր՝ ուղեցույցներ, ստիկերներ, բրոշյուրներ, նաև հաշմանադամություն ունեցող անձանց մասնակցությամբ 50 փոդքաստ:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան