18-ամյա Ավագի (անունը փոխված է) առօրյայի մեծ մասն անցնում է տանը կամ շենքի մուտքի մոտակայքում։ Գումար չունենալու պատճառով նա հաճախ տնից չի կարող դուրս գալ։ Մանկուց տեղաշարժվում է անվասայլակով։ Ավագի միակ խնամակալը մայրն է՝ Քրիստինե Վարդանյանը։ Դպրոցն ավարտելուց հետո շաբաթական երկու անգամ Ավագը հաճախում է խնամքի ցերեկային կենտրոն։ Մայրը գոհ է կենտրոնի մասնագետների աշխատանքից, ասում է՝ առաջընթաց նկատվում է։
«Ցերեկային կենտրոնում նրա հետ աշխատում են հոգեբանը, մանկավարժը, հատուկ մանկավարժը։ Կենտրոնում նա ֆիզիոթերապիայի վարժություններ է անում, խաղեր խաղում։ Ես դրական ազդեցություն նկատում եմ, սակայն կենտրոնում խնդիրներ են առաջացել։Եթե անցած տարիներին երեխաներին կարողանում էին տանել էքսկուրսիաների, ճամբարների, հիմա ֆինանսի պատճառով նման միջոցառումներ չկան»,-ասում է Քրիստինե Վարդանյանը։
Մայրն անկեղծանում է՝ խնամքի հաստատության հետ կապը շրջադարձային է եղել և՛ իր, և՛ որդու համար։
«Մասնագետներն ինձ շատ ուժ են տվել, առաջ հիասթափություններով էի ապրում։ Հիմա այդ հիասթափությունները չկան։ Հիմա երեխան չի ձանձրանում, երբ մոտենում է ցերեկային կենտրոն գնալու ժամանակը, անհամբեր սպասում է»։
Ավագի մոտ հաշմանդամություն ի հայտ է եկել ծնվելուց մեկ-երկու ամիս անց։ Նա ունի մանկական ուղեղային կաթված։ «Նա ծնվել է մեծ դժվարությամբ, կարծում եմ, որ այդ խնդիրը ծննդաբերության ժամանակ է սկսվել»,-ասում է մայրը։
Հասունացման շրջանում Ավագը ձեռք է բերել նաեւ էպիլեպսիա հիվանդությունը։
«Էպիլեպսիայից հետո մկանների լարվածություն կա, նույնիսկ հեծանվով են աշխատում, փորձում են որոշ չափով շարժել մկանները»,-ավելացնում է մայրը։
Դպրոցական տարիներին Ավագը սիրված է եղել շրջապատի, հասակակիցների կողմից, սակայն կրթությունն իրեն չի էլ հետաքրքրել։ 9-ամյա կրթությամբ ավարտել է դպրոցը։ Մանկավարժական կրթություն ունի մայրը, տանը փորձել է աշխատել Ավագի հետ, տառերը սովորեցնել, թվերը հաշվել և գույները տարբերել, սակայն ապարդյուն։
«Նա չի սիրում կրթությունը, երևի պատճառը իր թույլ հիշողությունն է։ Նա առօրյա կյանքով է ապրում։ Շատ է ուզում, որ ես իր հանդեպ ուշադիր լինեմ»,-ասում է Քրիստինե Վարդանյանը։
Ավագին մանկուց միայնակ է մեծացնում մայրը։ Ասում է՝ չի կարող աշխատել, քանի որ Ավագը միայնակ է մնում տանը։
Քրիստինեն ունի շաքարային դիաբետ։ Իր և որդու դեղորայքն անվճար ստանում է պոլիկլինիկայից։ Պատմում է․ «Գոհ եմ, տալիս են դեղերը, բայց լինում է, որ 5-6 օր ուշացնում են, ինչ անենք, ստիպված սպասում ենք»,-ասում է նա։
Ավագն արդեն երկու անգամ վիրահատվել է, շարունակում է տեղաշարժվել անվասայլակով։ Մայր ու որդի բնակվում են Գյումրու Մուշ-2 թաղամասի շենքերից մեկում։ Թաղամասը շահագործման է հանձնվել 2012 թվականին, սակայն շենքը չունի հարմարեցումներ հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար։
Մինչ չափահաս դառնալը, Ավագը մասնակցել է վերականգնողական դասընթացների։ Վերջին տարրիներին չի կարող, քանի որ հավելյալ ծախս է պահանջվում Երևան գնալու, բացի այդ, մայրը պնդում է՝ կուսերին հերթագրվածները շատ են։
«Նույնիսկ ես իրեն տնից դուրս չեմ կարող տանել ֆինանսի բացակայության պատճառով։ Ապրում ենք շատ սուղ պայմաններում»,-ավելացնում է Քրիստինեն։ Երբ ծախսում են Ավագի հաշմանդամության թոշակը՝ ամսական 31 հազար 600 դրամը, Քրիստինեին գումարով օգնում են ծնողները։
Մայրը պատմում է նաև, որ որդին բարդույթներ չունի, սիրում է մարդկանց հետ շփվել, հաղորդակցվել, սակայն սոցիալական ներառման խնդիրներ են առկա, նախ՝ գումար չկա նրան տեղաշարժելու համար, ապա՝ պայմաններ։
«Որդիս շփվել շատ է սիրում, ընկերասեր է, բարդույթներ չունի։ Նա մտածում է ապրելակերպի, առօրյայի, ապագայի մասին, նրան հետաքրքրում է առօրյան։ Նա խոշոր է իր տարիքի համեմատ, ես չեմ կարող նրան տեղաշարժել, իսկ կողքիս չկան օգնողներ, չկան հարմարեցված պայմաններ»,-դժգոհում է մայրը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Անի Մկրտչյան