9-ամյա Արևիկն արդեն մեկ տարի է գիմնաստիկայի դասերի է հաճախում։ Աղջնակը հաջողությունների հասնելու մեծ պոտենցիալ ունի, կարծում է մարզիչը։ Այդ տաղանդը դստեր մոտ նաև մայրն էր նկատել դեռ փոքր տարիքում, բայց միայն մայրը՝ Արմինե Կարապետյանը գիտի, թե ինչերի միջով է անցել ու ինչ գնով է կարողացել երեխային գիմնաստիկայի խմբում ներառել։ Ամեն ինչ սկսվեց դեռ 3-4 տարի առաջ, երբ երեխայի մեջ տեսնելով ճկունություն ու համարձակություն, որոշեց երեխային գիմնաստիկայի դասերի տանել։
«Արևիկս աուտիզմ ունի, բայց դեռ փոքրուց ինքը շատ ճկուն էր, շատ զգույշ քայլում էր բարակ ձողի վրայով, շատ ճկուն շարժումներ էր անում, համարձակ էր, վախ չուներ։ Եվ այս ամենը տեսնելով որոշեցի իրեն մեզ մոտ տարածքում գտնվող գիմնաստիկայի խմբակի տանել ու հենց այստեղից էլ սկսվեց առաջին մեծ հիասթափությունս։ Ես երեխայիս ուր էլ տանում եմ, նախապես պատրաստում եմ դիմացինին, երկար խոսում եմ, բացատրում եմ, թե ինչ է աուտիզմը, երեխայի վարքի մասին եմ ասում, մոտեցման ճիշտ ձևն եմ բացատրում ու նոր տանում եմ, որ անակնկալի չգան։ Գտա մի խմբակ, խոսեցի մարզչի հետ, երիտասարդ աղջիկ էր,ասեցի, որ նույնիսկ «Իմ ուղու» մասնագետը պատրաստ է մեկ օր գալ, երեխային ներառել։ Մարզիչն ասաց խնդիր չկա, բերեք։ Գնացինք, պարապմունքի ժամ էր, երեխաները մարզվում էին։ Աղջիկս շատ շարժուն է ու հետաքրքրասեր, մտավ ներս ու սկսեց բոլոր վարժությունները երեխաների հետ անել, բայց մեկ-մեկ շարքից դուրս էր գալիս, գույքին ձեռք էր տալիս, հետո նորից վերադառնում էր շարք։ Ոչ գոռում էր, ոչ ձայն էր անում, ոչ խանգարում էր։ Մարզիչն ինձ ասաց, որ գույքին ձեռք ա տալիս և ինքը չի կարող պարապել։ Ի՞նչ էր անելու իրենց գույքին, մի հատ ձեռք էր տալու, նայեր ու վերջ։ Շատ վիրավորված ու հուսահատված դուրս եկա», — պատմում է Արմինեն։
Արմինեն, սակայն, չհանձնվեց։ Նոր խմբակներ սկսեց փնտրել, բայց նույն խնդիրն ամենուր էր։ Բոլոր տեղերում միայն առաջարկում էին անհատական պարապել, բայց մեծ գումարներ են պետք, բացի այդ՝ խմբակները երեխային պետք են նաև սոցիալականացման համար, քանի որ Արևիկը սիրում է շփվել երեխաների հետ, ասում է մայրը։ Հաջորդ անհաջող փորձն ու հիասթափությունը պարի դասերի հաճախելու ժամանակ եղավ։
Տարա երեխային «Բերդ» պարային համույթ և դռան հետևից նայում էի։ Երեխաս բոլորի նման նախավարժանքներն անում էր, դասին մասնակցում էր, բայց էլի երբեմն շարքից դուրս էր գալիս, վազում էր ու հետո նորից գալիս կանգնում էր իր տեղում։ Փաստորեն մեր բախտն այնքանով չբերեց, որ հենց այդ ժամանակ այցի եկավ գլխավոր տնօրենը՝ Կարեն Գևորգյանը ու երեխայիս տեսնելով թևից բռնեց ու դուրս հանեց սենյակից։ Հարցրեց, ու՞մ երեխան է, ասացի՝ իմ։ Ինձ կաբինետ հրավիրեց ու ասաց, որ նման երեխայի հետ չեն կարող պարապել, պատրաստ չեն։ Ծնողներ կային, ասացին, որ նույնիսկ եթե երեխայի մի քիչ քաշն ավելի է լինում, նրա հետ էլ չի պարապում։ Բայց ինչու՞, թույլ տուր, որ իմ երեխան էլ ներառվի, իմ երեխան էլ փորձի, ինչու՞ իմ երեխան իրավունք չունի մյուսների նման խմբակում պարելու ու ես էդտեղից էլ լացելով դուրս եկա», — հարց է բարձրացնում մայրը։
6-7 տարբեր խմբակներ է փորձել մայրը դիմել, բոլոր տեղերում մերժել են երեխային խմբակային դասընթացներում ներառել, առաջարկել են անհատական պարապմունքներ, որի հնարավորությունը երեխայի հաշմանդամության կենսաթոշակով ու նպաստով ապրող մայրը չունի։ Երեխային, որ նաև երաժշտական լավ տվյալներ ուներ, ինքնուրույն մուլտերի միջոցով նոտաներ էր սովորել, նաև երաժշտական դպրոց չընդունեցին։
«Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում, ինձ նույնիսկ տնօրենի աշխատասենյակ չհրավիրեցին, աշխատակիցները ճշտումներ արեցին ու էլի նույն պատասխանը, որ նման երեխայի հետ չեն կարող աշխատել։ Երեխայիս առանց լսելու, առանց երեխայի ընդունակություններին ծանոթանալու միանգամից մերժում են», — ընդգծում է Արմինեն։
Ներկայիս մարզիչին Արմինեն համացանցում հայտարարություն տալու միջոցով է գտել։ Միայն մեկ հոգի է արձագանքել, որ պատրաստ է պարապել իր երեխայի հետ՝ մյուս երեխաների հետ նույն խմբակում ու նույն պայմաններով։
«Գոնե ամեն համայնքում մեկ արվեստի ու մեկ սպորտի դպրոց լիներ, որտեղ հատուկ մասնագետներ կաշխատեին՝ երեխաներին ներառելու համար, քանի որ շատ ծնողներ կան, որ նույնիսկ վախենում են երազել իրենց երեխային խմբակներ տանելու մասին, բայց ինչու՞ պետք է այդպես լինի», — ասում է մայրը։
Մեր մյուս զրուցակիցը կրկին նույն խնդրին է բախվել։ Անանուն մնալու պայմանով մեզ պատմեց, որ ինքը երկու տղա ունի, երկուսի մոտ էլ աուտիզմ է ախտորոշվել ու կրկին երկար փորձերից ու հիասթափություններից հետո այդպես էլ չեն կարողացել որևէ խմբակում ներառել։ Կրկին անհատական պարապելու առաջարկներ են եղել անհասանելի բարձր արժեքներով։
«Փորձել ենք նկարչություն, լող, պար, ոչ մի տեղ չի ստացվել։ Տանում եմ ու թևաթափ հետ եմ գալիս։ Լողը առաջարկեցին 45ր-ն 5000 դրամով, բայց երեխային լող չէին սովորեցնելու, միայն պետք է մտներ լողավազան ու ջրի մեջ խաղար։ Առանց երեխային տեսնելու ու ճանաչելու ասում են ոչ մի բան չենք կարող սովորեցնել, եթե հարմար է օղակը հագցնենք ուղղակի ջրի մեջ մնա, բայց ինչի՞ համար։ Ես ուզում եմ, որ երեխան շփվի, մի բան սովորի, հաջողություն ունենա։ Նկարչություն էլ շատ են իրում, բայց 45 րոպեն 10 000 դր են ուզում, իսկ 2 երեխայի դեպքում՝ 7000 դրամ ամեն երեխայի համար», — ասում է մայրը ու խորը հիասթափությամբ հիշում, թե ինչ խնդիրների են բախվել նաև համայնքային արվեստի դպրոցում ու մանկապարտեզում։
Հիմա տղաներից մեկը հոգածության կենտրոն է հաճախում, բայց այնտեղ էլ երեխային ընդունել են մոր զգուշացումից հետո, որ չընդունելու և համապատասխան գրավոր պարզաբանում չտալու դեպքում դիմելու է քաղաքապետարան։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան