Երբ ֆուտբոլ են խաղում փակ աչքերով կամ բասկետբոլ՝ նստած։ Շատերի համար անհավանական թվացող այս սպորտաձևերը աշխարհին վաղուց են հայտնի, իսկ Հայաստանում վերջին տարիներին են սկսել զարգանալ։ Ադապտիվ, այլ կերպ ասած՝ հաշմանդամային այս սպորտաձևերին մասնակցում են հաշմանդամություն ունեցող անձինք։
«Սպորտ բոլորի համար»․ այսպես էր կոչվում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող այն միջոցառումը, որտեղ այսօր հաշմանդամություն ունեցող տասնյակ անձինք մրցեցին 3 տարբեր սպորտաձևերով՝ կույր ֆուտբոլ, բոչիա և անվասայլակով բասկետբոլ։
««Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում մենք տարբեր ծրագրեր ու միջոցառումներ ենք իրականացնում, այդ թվում՝ ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստող, հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների ու հմտությունների զարգացմանն ուղղված։ Նաև աշխատում ենք իրավական ոլորտում, որ Հայաստանը դարձնենք առավել ներառական օրենսդրական մակարդակում, բայց չենք մոռացել նաև բարձրացնել հասարակության իրազեկվածությունը և ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձինք ունեն և պե՛տք է ունենան նույն հավասար հնարավորությունները, ինչ բոլորը», — ասում է «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը։
Ծրագրի շրջանակներում պարբերաբար իրականացվել են տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ մշակութային ու սպորտային։ Հերթական սպորտային միջոցառումը, որ կրում էր «Սպորտ բոլորի համար» խորագիրը, գալիս է ապացուցելու, որ տարբեր ադապտիվ սպորտաձևեր, թեպետ մեր երկրում այդքան էլ զարգացած չեն, այդուհանդերձ ունեն պոտենցիալ զարգանալու։
«Մենք ուզում ենք այս կերպ բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը, այս սպորտաձևերի վրա հրավիրենք ինչպես հասարակության, այնպես էլ պետության ուշադրությունը, քանի որ հաշմանդամություն ունեցող անձինք ևս ունեն սպորտային կարողություններ, հմտություններ ու հնարավորություններ։ Բացի այդ, այս միջոցառումը նաև լավ հնարավորություն է հենց իրենց՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար, որ իրենք էլ տեսնեն, որ կարող են զբաղվել սպորտով և ունենալ առողջ ապրելակերպ», — ընդգծեց Գայանե Գրիգորյանը։
Սպորտը լավագույն հարթակն է անձի ֆիզիկական ու հուզական ներուժը կենտրոնացնելու համար՝ վստահ է «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը։ Այս խոսքերի իրավացիության մեջ կասկածի տեղիք չեն թողնում նաև մասնակիցների հույզերը։ Մեծից փոքր, հաշմանդամություն ունեցող ու չունեցող անձինք խաղում էին՝ գործադրելով ողջ եռանդը։ Բոլորն անհատապես ուզում էին ցույց տալ ու կարծես թե նաև ապացուցել, որ իրենք կարող են խաղալ, լինել լավագույնն ու հաղթել։
«Այս միջոցառումը լավ հարթակ է ներառական միջավայր ստեղծելու համար, հենց այդ նպատակով խաղերում ներգրավվել են նաև հաշմանդամություն չունեցող անձինք։ Մենք դեռ լուրջ քայլեր ունենք անելու ներառականության ուղղությամբ, քանի որ դեռևս մեծ անհավասարություն կա հաշմանդամային և ոչ հաշմանդամային սպորտաձևերի միջև։ Ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի, ավելի շատ ռեսուրսներ պետք է ներդրվեն հաշմանդամային սպորտի զարգացման համար և նմանատիպ միջոցառումները լավագույնս կարող են նպաստել այս խնդրի լուծմանը, հետևաբար պետք է շատ լինեն», — ասաց Սուրեն Մաղաքյանը։
Տարբեր դահլիճներից լսվող մարզիկների ոգևորող բացականչությունները, սուլիչների չդադարող ձայները, օդում տիրող անսովոր ջերմությունն ու ամեն անկյունում նկատվող ոգևորությունը ևս մեկ անգամ գալիս էր փաստելու ադապտիվ սպորտաձևերի զարգացման անհրաժեշտության մասին։
Օրվա ընթացքում մարզիկները նաև անակնկալ հյուր ունեցան։ Հյուրընկալվել էր Ֆուտբոլ ֆրիստայլեր Հայկ Աղաքարյանը, ով Տիկ-Տոկում մոտ 100,000 հետևորդ ունի։ Նա ևս մեկ սպորտաձևի հետ ծանոթացրեց ներկաներին։ Խոսքը Հայաստանում քիչ տարածված, բայց Հայկի միջոցով շատերի սիրտը գրաված ֆուտբոլ ֆրիսթայլի մասին է։
Օրվա ավարտին անվասայլակային բասկետբոլի և բոչիայի մրցող թիմերը նաև պարգևատրվեցին։ Բոչիա սպորտաձևում 1-ին տեղը զբաղեցրեց «Մենք կարող ենք» ՀԿ-ի 1-ին թիմը, 2-րդ տեղը «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ինն էր, իսկ 3-րդ տեղը «Մենք կարող ենք» ՀԿ-ի 2-րդ թիմը զբաղեցրեց։
Բասկետբոլի թիմերից առաջին տեղը գրավեց «Մոտուս վիտա», 2-րդ տեղը՝ «Վիլլ Ֆոքս», իսկ 3-րդ տեղը՝ «Նոր Բայազետ» թիմը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան