Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները մենակ են մնում իրենց խնդիրների հետ, իսկ դրանք բազմաթիվ են։ Տրանսպորտի խնդրից մինչև երեխաների համար պահանջվող դեղորայք։ Coalition.am-ի հետ զրույցում ասում են ծնողները՝ ներկայացնելով իրենց դժվարությունները։
Սիրան Խաչատրյանի որդին, որ այս տարի 18 տարեկան է դարձել, մտավոր խնդիրներ ունի։ Տղայի միակ խնամակալն ինքն է, օգնող չունի ու ստիպված է կյանքի բոլոր դժվարությունների հետ մենակով պայքարել։
«Նախարարությունը ծրագիր էր իրականացնում, որ երեխաերը ընտանիքում մեծանան, բաց միևնույն ժամանակ թողնում են մենակ ծնողին, ով գոյատևելու համար ստիպված է լինում երեխային կտրել ընտանիքից ու հոգեկան առողջության կենտրոններ տանել», — դառը հոգոցով ասում է Սիրանը։
Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը պետության կողմից վճարվող հաշմանդամության թոշակն է եղել, որ 26 500-ից 39 500 է դարձել։ Սիրան Խաչատրյանը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որ որպես խնամակալ ճանաչվի իր երեխայի համար, սակայն միասնական սոցիալական ծառայությունից առաջարկել են դատարան դիմել։
«Ինձ ասացին ծնողն եք, հենա խնամակալ եք էլի, իսկ պաշտոնապես խնամակալ ճանաչվելու համար, ասացին, պետք է դիմեք դատարան, որի համար մոտ 200 000 դրամ է պահանջվում։ Այսինքն էլի պետք է ծնողը ծախսի ու դեռ հարց է դրանից հետո որպես խնամակալ գումար կստանա՞, թե՞ ոչ»։
Տիկին Սիրանը նաև խնամքի կենտրոնների հարցն է բարձրացնում։ Եթե լինեին տարածքային կենտրոններ, խնդիրն էլի կարելի էր մասնակիորեն լուծված համարել, բայց իրեն առաջարկել են երեխային տանել գործող կենտրոններից մեկը, որը հեռու է տնից։
«Ստացվում է պետքա տաքսիով տանեմ, բերեմ, աշխատեմ ու աշխատավարձս տամ տաքսիներին», — դառը հոգոցով նշում է մայրը։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Տրանսպորտի՝ հավերժական ու չլուծվող թվացող խնդիրն է առաջինը բարձրաձայնում նաև 43-ամյա Աստղիկ Բաբախանյանը։ Աստղիկը 13-ամյա դստերն այս տարի է կորցրել։ Մանկական ուղեղային կաթվածով ծնված դստեր սիրտը մեծացել էր, մահացել է ցավերի մեջ։
«Եթե մեքենա չունես, ուղղակի պետք է երեխային փակես տանը։ Խնդիրները բազմաթիվ են։ Պետք է խնամակալ ծնողի աշխատանքի հարցը լուծվի գոնե։ Ես 13 տարի ամբողջությամբ սպառվել եմ», — արցունքների միջից ասում է Աստղիկը։
Հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողը չի կարող աշխատանքի դուրս գալ, իսկ պետության տված թոշակով, այն էլ այս գնաճի պայմաններում ոչ մի խնդիր չի կարողանում լուծել։
«Ամսական 39000 դրամ են տալիս, բայց իմ երեխան 10 դեղ էր ստանում, որից միայն մեկն էր պետությունը տալիս, մնացածն առնում էի, գումարած տակդիրները», — պատմում է մայրը, ով ոչ միայն պետության կողմից չբավարարող աջակցության մասին է խոսում, այլև դպրոցներում մանկավարժների վատ վերաբերմունքի։
Աստղիկը դստերը թիվ 174 դպրոցն էր տանում, ինքն էլ հետը նստում դասերի, ասում է վերաբերմունքը, մեղմ ասած վատն էր։
«Մտնում էին դասարան, բոլոր երեխաների անունը հարցնում էին, իմ երեխայի անունը չէին հարցնում։ Շախմատի դասատուն երեխային դուրս էր հրավիրում դասից, իմ երեխային վատ տեսնող երեխա էր ու ամենավերջն էին նստացրել», — նեղվածությունից դողացող շուրթերով պատմում է մայրը։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Ամենամեծ խնդիրը, սակայն, որ շարունակում անհանգստացնել ծնողներին, թոշակն է, որով հոգալ երեխայի ու ընտանիքի մինիմալ ծախսերը, պարզապես հնարավոր չէ։ Աշխատել չկարողացող ծնողին ուրիշ ի՞նչ է մնում անել, գլուխը պատեպատ տալ ու խնդիրների լուծումը միայնակ գտնել, ասում է 39-ամյա Ջուլիետա Նակաշյանը, ով զույգ տղաների մայր է։
«Ես 4 որդի ունեմ, ամուսինս մահացած է։ Զույգ որդիներս ծնվել են մանկական ուղեղային կաթվածով։ Մասնագիտություն ունեմ, նաև վարսահարդարություն եմ սովորել, բայց չեմ կարողանում աշխատել, որովհետև տղաներիս խնամող չկա։ Միայն երբեմն, մեծ տղաներս կարճ ժամանակով նայում են զույգերին, ես գնում եմ տուն եմ մաքրում, որ գոնե կարողանամ նվազագույն ծախսերը հոգալ», — ասում է Ջուլիետան։
Ջուլիետան մեծ հույսեր է կապում նոր ներդրվող Անձնական օգնականի ծրագրի հետ, հիմա նոր դասընթացների է մասնակցում, որ ծրագրի գործելուց անմիջապես հետո աշխատանքի անցնի։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Կառավարության կողմից վերջերս հաստատվեցին անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգն ու պայմաները։ Ծրագիրը պիլոտային տարբերակով է ներդվում 2023 թվականից, իսկ վերջնական ուժի մեջ կմտնի արդեն 2024-ի հունվարից։ Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, որը կանցնի համապատասխան վերապատրաստում և կհավաստագրվի։ Անձնական օգնականի համար կսահմանվի 1050 դրամ վճար՝ մեկ ժամվա դիմաց։ Ծնողն էլ կարող է իր երեխայի համար որպես անձնական օգնական լինել, եթե օրական 10 և ավելի ժամ խնամքի կարիք ունի երեխան և եթե անցել է համապատասխան վերապատրաստում՝ անկախ կյանքի կենտրոններում։ Ծառայության ներդրմամբ ծնողներից շատերն աշխատելու հնարավորություն են ստանում, բայց բոլորը չէ, որ կկարողանան առայժմ օգտվել ծրագրից։ Առաջին փուլով ծառայությունից կկարողանան օգտվել միայն սոցիալական որոշակի խմբերի ներկայացուցիչները։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան