2020 թվականի մայիսի 6-ին ԱԺ-ի հաստատմամբ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարվեցին մի շարք փոփոխություններ։ Օրենքի առանձնահատկություններից է նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրումը, որը, համաձայն ՀՀ կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի, իրականացվելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։
Համընդհանուր ներառական կրթության շրջանակներում յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի իր համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունում ստանալ կրթություն և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ:
Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներն իրականացնում են նախադպրոցական տարիքի երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, որի հիման վրա երեխայի համար մշակվում է անհատական ուսուցման և զարգացման պլան:
Ներկայում Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը (ՏՄԱԿ) մարզի համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում կատարում է կարիքի գնահատում։ Այս մասին coalition-ի հետ զրույցում նշում է Գյումրու համայնքապետարանի կրթության բաժնի պետ Շողիկ Ալեքսանյանը։
«Մանկապարտեզները չունեն համապատասխան կադրեր և ՏՄԱԿ-ի մասնագետները դաստիարակի հետ կատարում են գնահատում։ Հունիսի մեկից հաստատվելու է աշխատանքի կազմակերպման կարգը։ Սեպտեմբերից է լինելու ֆինանսավորումը։ Պետությունը ֆինանսավորելու է համայնքներին ներառական ծրագրով սովորող երեխաների թվով։ Այդ գումարը ծախսվելու է մասնագետների վարձատրության, մանկապարտեզների միջավայրի հարմարեցման, դիդակտիկ պարագաների և նյութերի ձեռքբերման ուղղություններով»։
Շ․Ալեքսանյանն ասում է, որ կարիքի գնահատման արդյունքները կամփոփվեն գործընթացն ավարտվելուց հետո։ «Այդ ժամանակ կհստակեցվի, թե քանի հաշմանդամություն ունեցող երեխաներ կսովորեն մանկապարտեզներում և ինչպիսի դիդակտիկ պարագաներ անհրաժեշտ կլինեն, ինչպիսի հարմարեցում է հարկավոր մանկապարտեզներին։ Գնահատված երեխան անպայման ունենալու է վկայագիր։ Ամեն մի մանկապարտեզ ունենալու է հոգեբանի հաստիք, իսկ մյուս մասնագետների աշխատանքը կատարելու է ՏՄԱԿ-ը»,-ասում է համայնքապետարանի պատասխանատուն։
Coalition-ի հետ զրույցում Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Թագուհի Վարդանյանն ամփոփելով դեռևս կատարած կարիքի գնահատման մասնակի արդյունքները՝ նշում է, որ Շիրակի մարզի մանկապարտեզներում համընդհանուր ներառականության համակարգում հիմնականում ընդգրկված կլինեն ձայնի, խոսքի խնդիրներ ունեցող, անինքնվստահ, գերակտիվ երեխաներ, որոնց համար մանկապարտեզների պայմանները պետք է հարմարեցվեն։
Մանկապարտեզն առաջնահերթ կատարում է երեխայի առաջնային գնահատում, ապա դիմում ՏՄԱԿ-ի տարածքային մասնագետներին։ Մասնագետներն այցելում են մանկապարտեզ, դիտարկում երեխայի կարիքները, զրուցում ծնողի հետ։
«Մեր նպատակն է՝ մասնագիտական աջակցություն տրամադրել, նախ՝ գնահատման գործընթացի ճիշտ կազմակերպում, երեխայի կարիքի ճանաչում։ Մենք վերապատրաստումներ ենք կազմակերպում թե՛ դաստիարակների, թե՛ ծնողների համար։ Մանկապատեզները չունեն համապատասխան մասնագետներ, իսկ առաջնային աջակցությունը, մասնագիտական խորհրդատվությունը ստանում են ՏՄԱԿ-ից»,-եզրափակում է Թ․Վարդանյանը։
Մասնագետները դեռ 2021 թվականից էին բարձրաձայնում, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները, անցնելով համընդհանուր ներառականության համակարգի, կունենան բազմաթիվ խնդիրներ՝ ուսումնաօժանդակ նյութերի, պարագաների բացակայության, մասնագետների սակավության, միջավայրի անհարմարության պատճառով։ Իսկ թե հատկացված պետական միջոցները որքանով բավարար կլինեն թվարկված այս խնդիրների լուծման համար, դեռևս պարզ չէ։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Անի Մկրտչյան