«Արցախյան 44-օրյա պատերազմում պայթյունից ստացած վիրավորումս անհնար դարձրեց պայքարս առաջնագծում, հետո արդեն հիվանդանոցում պայքարում էի քայլելուս ունակությունը վերականգնելու համար»,-պատմում է մեզ 44-օրյա պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողներից մեկը, որը ծնունդով Շիրակի մարզից է, իր խնդրանքով՝ պահում ենք անձի գաղտնիությունը։ Իր խոսքով՝ վերականգնողական կուրսերի ընթացքում ու դրանից հետո ստացել է հաշմանդամության երկրորդ կարգի համար հատկացվող թոշակը, հետո որոշ ժամանակ անց փոխում են կարգը՝ դարձնելով 3-րդ, իսկ ավելի ուշ, երբ արդեն ինքը քայլել կարողանում է, բայց ոչ առաջվա նման, հատկացվող պետական թոշակը այլևս ստանալու իրավունքից զրկվում է։ Երբ դիմում է, վերականգնելու համար պատասխանում են՝ դու արդեն սովորել ես այդ կարգավիճակին ու դա քեզ չի խանգարի քաղաքացիական կյանքում, չնայած իրականությունն այդպես չէ, բայց հիասթափությունը այլևս թույլ չի տալիս կարգի վերականգնման համար դիմել պատկան մարմիններին։ Ինչպես հետո իրավաբանի հետ հարցազրույցում պարզ դարձավ սա միակ դեպքը չէ մեր երկրում, այս խնդրին բախվում են ոչ միայն զինհաշմանդամություն ստացած անձինք։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները վերջերս հաճախ է կարիք լինում պաշտպանել դատարանների միջոցով»,- նշում է իրավաբան Ռիմա Կոշտոյանը։ Ռիմայի խոսքով՝ պատերազմից հետո հաշմանդամություն ունեցող զինծառայողների թիվը ավելացել է, այդ ֆոնին ավելացել է նաև իրավաբաններին դիմող այն անձանց թիվը, որոնք զրկվել են հաշմանդամության թոշակից, իսկ պատճառը օրենքի բացն է։
«Խնդիրը պետական ապարատից է գալիս։ Պատերազմից հետո չեղավ մի քաղաքացի, որն ուներ հաշմանդամության կարգ ու թոշակի հարցը չկարգավորվեց։ Ճիշտ է՝ ստացան հաշմանդամության կարգ, բայց դրանից հետո ինչ-որ որոշման փոփոխության հիմքով կարգային փոփոխություն տեղի ունեցավ, այսինքն՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձը տեղափոխվեց երկրորդ կարգ, երկրորդը՝ երրորդ, իսկ երրորդը ընդհանրապես հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվեց։ Ըստ էության՝ սա որոշման փոփոխության արդյունքում տեղի ունեցավ, բայց չեմ կարող ասել՝ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը աճե՞ց դրանցից, փոխվե՞ց գնահատման ընթացակարգը, թե՞ ոչ, բայց խնդիրը հենց որոշման ու դրա մեկնաբանության հետ կապված է։ Ասում են՝ մեկն արդեն պրոթեզավորել են, մյուսին ձախ ձեռքը կամ մատները պետք չեն կամ համապատասխան կարգի համար այդ առողջական խնդիրը այդքան էլ բնորոշ չէ և այլն»։
Անձը հաշմանդամության կարգը ճանաչելու գործընթաց միայն մեկ անգամ չէ, որ անցնում է, ըստ մասնագետների՝ անտեղի ընթացակարգի բարդացում է կատարվել, և գործընթացը ամենաբարդը դառնում է հենց հաշմանդամություն ի ծնե ունեցող կամ ձեռք բերած անձի համար. պարզաբանում է իրավաբանը։
«Հաշմանդամություն ունեցող անձը ամեն տարի պետք է հաշմադնամության կարգը հաստատելու համար վերափորձաքննություն անցնի, ու դա էլ, ըստ էության, ճանաչվում կամ չի ճանաչվում։ Երկրորդ տարբերակի՝ չճանաչվելու դեպքում որոշումը պարտադիր, որպես վերադասության կարգով վարչական ակտ, բողոքարկման առարկա պետք է դառնա, այդ ժամանակ ևս մեկ փորձաքննություն է տեղի ունենում։ Եթե անձի հաշմանդամության կարգը չի ճանաչվում, ըստ ընթացակարգի՝ հաջորդ քայլը դատարան դիմելն է կամ այդ ժամանակ ևս մեկ փորձաքննություն անձը կատարում ու արդյունքը ներկայացնում է դատարան կամ դատարանի միջոցով է այն նշանակվում»։
Բայց սա դեռ ամենը չէ. անձը կարող է նախորդ տարի հաշմանդամություն ունեցող ճանաչվի, հաջորդ տարի՝ ոչ, և դա այն դեպքում, երբ, օրինակ, ձեռքի մատները կտրված են ու պրոթեզավորել այլևս հնարավոր չէ. նշում է իրավաբան Ռիմա Կոշտոյանը։
«Բացի համակարգային խնդրից կամ օրենքի բացից, պետական կառույցներում պետք է վերանայվի նաև աշխատակիցների մոտեցումը, իմ պրակտիկայում դեպք է եղել, երբ հաշմանդամություն ունեցող անձը կարգը վերականգնելու համար դիմել է՝ փաստաթուղթ տրամադրեն, որը կօգնի կարգի հաստատման գործում, պատասխանել են՝ հիմա, որ եկել տեղեկանքի կռիվ ես տալիս, ոտքդ պիտի աճի՞»։
Ամեն մարդ իրավագիտակցության իր մակարդակն ունի, բայց այս խնդրի լուծումը իրավաբանները տեսնում են օրենքում հաշմանդամության կարգի համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան