Թե ինչպիսին են զգացողությունները, երբ 57 տարեկան հասակում նոր սկսում ես ինքնուրույն քայլեր ու գործողություններ անել, բառերով բացատրելը դժվար է։ Այդուհանդերձ, Արամ Աբրահամյանը փորձեց դա անել․
«Երբ երկու օր ծարավ ես եղել և քեզ ջուր են տալիս, երբ հաց չես կերել ու քեզ հաց են տալիս, երբ աչք չունես ու քեզ տեսողություն են տալիս։ Զգացողությունները այդպիսին են։ Ես 57 տարեկանում դարձա ավելի ինքնավստահ, սովորեցի կյանքին նոր աչքերով ու գույներով նայել, սկսեցի ապրել այնպես, ինչպես պետք է վաղուց ապրեի, բայց կյանքն ինձ ընկճել էր և ես չէի պայքարում։ Հիմա ամեն ինչ այլ է, սկսում եմ նոր կետից ու նոր հնարավորություններով», — ասում է Արամ Աբրահամյանը։
Պատահաբար իմանալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ 2020թ-ից «Լիարժեք կյանք» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում. դեպի անկախ կյանք» ծրագրի մասին, որին արդեն շուրջ 50 տեսողության խնդիր ունեցող անձ է մասնակցել, Արամ Աբրահամյանը հերթագրվել է ու մասնակցել դասընթացներին։ Նախ ինքնուրույնության, կողմնորոշման, հետո նաև հեռախոսից հատուկ ծրագրերի միջոցով օգտվեու դասընթացներին է մասնակցել։
«Արդեն երկու ամիս է, որ սմարթֆոն եմ վերցրել ձեռքս ու օգտվում եմ դրանից։ Շրջապատում չէին հավատում, որ կկարողանամ, որովհետև մինչ այդ միայն կնոպկաներով հեռախոսից էի կարողանում օգտվել, միայն զանգում էի ու վերջ։ Հիմա կարողանում եմ նաև հաղորդագրություն ուղարկել, ինտերնետից օգտվել։ Շուտով նաև սոցցանցերում իմ անձնական էջերը կբացեմ։ Բացի այդ ես նաև ինքնուրույն տեղաշարժվում եմ։ Վերջին անգամ երևի 8 տարի առաջ էի ինքնուրույն դուրս եկել տնից, երբ դեռ տեսողությունս լրիվ չէի կորցրել, իսկ հիմա երբ ինձ մեկ անգամ ցույց տվեցին ու սովորեցրեցին, թե ինչպես կողմնորոշվեմ տարածքում, ինքնուրույն դպրոց եմ գնում։ Ուզում եմ ինքնուրույն նաև քաղաք իջնել, բայց դեռ չեն թողնում, ասում են շուտ է», — ծիծաղում է 57-ամյա տղամարդը ու կրկին փորձում փոխանցել այն զգացողությունները, որ ունենում է երկար տարիների դադարից հետո միայնակ տեղաշարժվելիս։
Արամ Աբրահամյանը ի ծնե մեկ աչքի կուրություն է ունեցել, ժամանակի ընթացքում վատացել է նաև մյուս աչքի տեսողությունն ու արդեն 8 տարի է չի տեսնում։ Խորհրդային տարիներին աշխատել է, սովորել է, բայց տեսողությունը կորցնելուց հետո միայն մեկ տարի է կարողացել աշխատել։ Հատուկ ծրագրով ընդունվել էր փայտամշակման արտադրամաս, 2 տարվա աշխատանքային պայմանագրով, բայց հեղափոխությունից հետո աշխատանքից ազատել էին՝ չսպասելով մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, նույնիսկ վերջնահաշվարկ չէին արել։ Դրանից հետո ոչ էլ փորձել էր աշխատանք գտնել, ասում է իրենց չեն վստահում։ Մտածում են, որ չի տեսնում, նաև չի էլ կարող աշխատել, առանց կարողություններին ծանոթանալու։
Արամը հիմա կյանքին այլ կերպ է նայում, նաև իր ժամանցն է կարողանում ապահովել։ Սովորել է շախմատ ու նարդի խաղալ առանց տեսնելու։ Ասում է, որդուն նույնիսկ հաղթում է։ Սրանք փոքրիկ թվացող հաղթանակներ են, բայց իրականում այնքան մեծ ձեռքբերումներ են, որ 57-ամյա տղամարդուն նորից ապրելու ու արարելու հույս են ներշնչել։ Ասում է ինքը թվերի հետ լավ է, հաշվապահությունից հասկանում է, առաջիկայում նախատեսում է սեփական բիզնեսը սկսել, ուզում է առևտրով զբաղվել։ Հիմա ինտերնետի միջոցով փորձում է օգտակար տեղեկություններ հավաքել, պատրաստվել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նոր գործ սկսի։
«Բոլորի համար էլ կյանքը ինչ-որ դժվարություններ ստեղծում է։ Ես չեմ տեսնում, մյուսը չի լսում, երրորդը տեսնում ու լսում է, բայց շատ հարցերում ավելի քիչ բան կարող է անել, քան մենք», — ասում է Արամն ու ուզում իր կյանքի վերջին 8 տարիների մասին մոռանալ, քանի որ հիմա հասկանում է, որ հիասթափվելով ու թևաթափ լինելով կյանքի տարիները կորցրել է։ Հիմա բոլորին էլ խորհուրդ է տալիս ուժ գտնել ու դժվարությունները հաղթահարել՝ առաջ շարժվելու համար։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան