Արդեն 1 ամիս գործում է հաշմանդամության բազմակողմանի գնահատման չափորոշիչների նոր համակարգը, որը հիմնված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիաների դասակարգման սկզբունքների վրա։ Այն հաշմանդամության գնահատման սոցիալական նոր մոդել է ենթադրում․ հաշվի են առնվելու անձի կենսագործունեությունը սահմանափակող միջավայրային գործոնները, որոնք ազդում են նրա սոցիալական ներառման վրա:
Ոչ թե 1-ին, 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, այլ ֆունկցիոնալության «թեթև, միջին, ծանր և խորը աստիճանի» սահմանափակումներ: ՀՀ-ում փետրվարի 1-ից ներդրվել է անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման չափորոշիչների համակարգը: Անձի հաշմանդամությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիաների միջազգային դասակարգման կոդերով կգնահատի բազմամասնագիտական թիմը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանն ասում է՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող այս մոդելով հնարավոր կլինի ոչ միայն լիարժեք գնահատել անձի առողջական խնդիրները, այլև բազմակողմանի վերլուծել նրա կենսագործունեության սահմանափակումները՝ ավելի հասցեական դարձնելով սոցիալական ներառման ու կարիքներին ուղղված ծառայությունները. «Առաջին անգամ պետք է գնալ պոլիկլինիկա, դիմել, որ ուզում եք ուղեգրվել հաշմանդամության համար, իրենք armed.am էլեկտրոնային համակարգով ձևավորում են ուղեգիր, դրանից հետո մարդը գալիս է ՄՍԾ՝ դիմում ներկայացնելու: e-disability.am մեր նոր համակարգը armed.am առողջապահական համակարգից ուղեգիրը տեսնում է: Բազմամասնագիտական թիմը գնահատում է տարբեր կոմպոնենտներ, և էդ ամբողջի գնահատման մեջ է որոշվում մարդու խնդիրն ու դրան ուղղված ծառայությունները: Վերականգնողական անհատական ծրագիրը փոխարինվում է կարողությունների անհատական ծրագրով»:
Աննա Հակոբյանի դիտարկմամբ՝ ամենակարևորը հարբժշկական մասնագետների ներգրավումն է: Նախկինում առաջնորդվում էին միայն բժշկական մոդելով՝ բոլորին այսպես ասած՝ «չափելով նույն արշինով», որոշում էին՝ անձն ինչ առողջական խնդիրներ ունի ու ճանապարհում էին: Անձի ֆունկցիոնալության գնահատումն ավելի անհատականացված է լինելու: Գնահատումը միասնաբար իրականացնելու է բժիշկներից և հարբժիշկներից ձևավորված թիմը, որը չունի նախագահ, ինչպես հանձնաժողովների ժամանակ էր: Փորձաքննության եկածն անգամ տեղյակ չի լինելու՝ ովքեր են իրեն գնահատելու: Աննա Հակոբյանի խոսքով՝ սա նախկինում գործող կոռուպցիոն շղթան կտրելու և գործընթացի նկատմամբ վստահություն ձևավորելու նպատակ ունի. «Մասնագետների ցանկը 3-5 հոգի պետք է լինի՝ կախված ինչ խնդիր ունի մարդը, դա էլ է համակարգը ավտոմատ ընտրում, որովհետև մենք ախտորոշման ու ֆունկցիոնալության կոդերը կապել ենք իրար և համակարգը ավտոմատ կարողանում է ճանաչել մարդու առողջական խնդիրը: Մենք նոր մասնագիտություն ենք մշակել՝ ամփոփագիր մշակող, նա նայում է բոլոր փաստաթղթերը, հարակից փաստաթղթերը և որոշում, թե ինչպիսի մասնագետներ են պետք տվյալ մարդուն գնահատելու համար: Ունենք մասնագետների ռեեստր, որտեղ կան բոլոր մասնագետների անունները: Համակարգն ինքնաշխատ ընտրում է մասնագետներին: Այս ամբողջն արվել է, որ գնահատողը և գնահատվողն իրար մասին տեղեկություն չիմանան:»:
Էրգոթերապիստ Տաթև Ղազարյանը անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների է վերապատրաստել: Սոցիալական մոդելն, ասում է, բժշկականից շատ կարևոր մի տարբերություն ունի։ «Մենք գնահատում ենք ոչ թե անձին, այլ նրա այս կամ այն չափով պահպանված ֆունկցիոնալ կարողությունը, գնահատումը դարձնում խիստ անհատական ու կարիքահենք: Իսկ նախկինում հաշմանդամության խումբ կարող էին «ձեռք բերել» անգամ հաշմանդամություն չունեցողները»:
Մոդելը հնարավորություն է տալիս պարզել՝ ինչպես է միջավայրն ազդում անձի կենսագործունեության ու հանրային կյանքին մասնակցության վրա, օրինակ, երբ թեքահարթակի բացակայության պատճառով մարդը չի կարողանում մուտք գործել որևէ շինություն, գնալ աշխատանքի կամ թատրոն: Պարզապես լուծելով այդ խնդիրները՝ քաղաքացին կարող է լիարժեք ներգրավվել հանրային կյանքին: Տաթև Ղազարյանը մտավախություն ունի մասնագիտական ռեսուրսի առումով: Ասում է՝ մարզերում մասնագետների պակաս կունենանք.«Գուցե դա նաև ազդի ֆունկցիոնալ գնահատման որակի վրա: Ոչ միայն էրգոթերապիստների՝ և՛լոգոպեդների, և՛ կինեզիոլոգների, այո՛, մարզերում մասնագետների լրջագույն խնդիր ունենք, քանի որ բոլորը կենտրոնացված են Երևանում»:
2010-ին Հայաստանը միացել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, պարտավորվելով ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց լիիրավ մասնակցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում:
«Հարբժշկական ասոցիացիա» ՀԿ հիմնադիր նախագահ Հայկ Մկրտչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելը օրենսդրական մակարդակում քայլ առաջ է. «Անձի ֆունկցիոնալության գնահատումը միտված է ոչ թե նրա հիվանդությունը վերհանելու, այլև նրա կարողունակությունը գնահատելու, այսինքն՝ նրա հնարավորությունները, կարողությունները, և դրանց համապատասխան ծառայություններ երաշխավորելու: Նոր համակարգը հնարավորություն է տալիս ավելի լայն շրջանակով գնահատել անձին՝ հոգեբանի, լոգոպեդի, էրգոթերապիստի, տիֆլոմանկավարժի և մի շարք այլ մասնագետների կողմից»:
2023-ի փետրվարի 1-ից ներդրված նոր համակարգով գնահատվելու են առաջին անգամ փորձաքննության դիմած քաղաքացիները, 2024-ից՝ բոլորը, այդ թվում և՝ վերափորձաքննության դիմածները: Հաշմանդամության անժամկետ կարգավիճակ ստացած անձինք ազատ են ֆունկցիոնալ գնահատում անցնելու հարցում: Յուրաքանչուր հայտի համար e-disability.am կայքն ինքնաշխատ սկզբունքով կընտրի գնահատող մասնագետներից կազմված նոր թիմ:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Լուսինե Սարգսյան