Հաշմանդամություն ունեցող անձինք առօրյա կյանքում բազմիցս են հանդիպում խտրականության դրսևորման դեպքերի, իրավունքների իրացման դժվարությունների:
Նրանք Հայաստանում հաճախ են բարձրաձայնում, որ խախտվում են իրենց կրթության, աշխատանքային, մշակութային կյանքին մասնակցելու, սոցիալական պաշպանությունից օգտվելու, ազատ տեղաշարժի և այլ իրավունքներ:
31-ամյա Տաթևիկ Մինասյանն արդեն երրորդ տարին է՝ աշխատանք է փնտրում, թեպետև ունի երեք մասնագիտություն։ Ինչպես պատմում է, դպրոցն ավարտելուց հետո Եվրոպական կրթական տարածաշրջանային քոլեջում է ուսանել, ստացել համակարգչային օպերատորի մասնագիտություն, այնուհետ ավարտել է նույն հաստատության ակադեմիան ու ստացել իրավագետի որակավորում։ Երրորդ մասնագիտությունը ձեռք է բերել ԵՊՀ-ի հեռավար լաբորատորիայում՝ որպես սոցիալական աշխատող։
«Չեմ կարող հստակ ասել, թե աշխատանքի չընդունելը հենց հաշմանդամություն ունենալու հետ է կապված, բայց այնպես էլ չէ, որ գործատուները աչք են փակում հաշմանդամության վրա։ Մարդիկ մտածում են՝ եթե այս գործը տամ այս աղջկան, բա որ չկարողանա աշխատել, բա որ չկարողանա համակարգչից օգտվել․․․որպեսզի այդ գործատուն էլ ինձ չնեղացնի, կարճ ասում է՝ աշխատանք չկա, լինելու դեպքում մենք ձեզ կզանգենք։ Պարզ է, որ չեն էլ զանգելու»,-դժգոհում է նա։
Տաթևիկն ապրում է Իջևանում,ունի հաշմանդամության 2-րդ կարգ, պետությունից ամսական ստանում է 31 հազար 600 դրամ թոշակ։
«Այսօր պետությունից հաշմանդամություն ունեցող անձը ստանում է չնչին գումար։ Ինձ ստաժ էր հարկավոր, որպեսզի մի փոքր բարձրանար այդ թոշակի չափը։ Եթե 4 տարուց ավելի աշխատանքային ստաժ էլ ունենամ, միևնույն է՝ ամսական մոտ 500-1000 դրամ է ավելանալու»,-ասում է նա։
Տաթևիկը վերհիշում է՝ դպրոցական տարիներին խտրական վերաբերմունքի ենթարկվել է հիմնականում ուսուցիչների կողմից։ Անընդունելի այս մոտեցումը նա նկատում է նաև այսօր։
Այս խնդրից բացի, հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասը, ցավոք, այսօր ֆինանսապես անկախ չէ։ Նրանք ծնողների, բարեկամների հետ են ապրում, որովհետև սոցիալապես անկախ չեն։
«Հաշմանդամություն ունեցող անձը, երեխան, տղամարդը ինչպես պետք է ապրեն, եթե նրանց համար չկա խնամակալ, ուղեկցող։ Այսօր մարդիկ ապրում են իրենց ընտանիքի անդամի, ծնողի հետ, բայց հասկանում ենք, որ դա հավերժ չէ»,-ասում է նա։
Տաթևիկը նաև դժգոհ է առողջապահական համակարգից։ Ասում է՝ երբ բուժանձնակազմը տեղեկանում է, որ ծառայությունը մատուցելու է պետական պատվերի շրջանակում, անտարբեր է դառնում և խնդրին «մատների արանքով» նայում։
«Բժիշկների համար անցանկալի է դառնում, երբ իմանում են, որ ծառայությունը պիտի մատուցեն պետպատվերի շրջանակում։ Իրենց դեմքի արտահայտությունից զգացվում է, որ մատների արանքով են նայում հարցին։ Այդ կառույցներում կոռուպցիան չի վերացել և մարդիկ իրենց վերաբերմունքով առաջ են գնում․ փողը տուր՝ լավ անեմ, փողը տուր՝ աշխատանքի ընդունեմ, արդյունավետ լինեմ և այլն»։
Տաթևիկը ՀՀ կառավարությունից և ԱԺ-ից ակնկալում է աշխատատեղերի ստեղծում, երբ հաշմանդամություն ունեցող ցանկացած անձ կկարողանա աշխատանք ունենալ եւ ապրել ինքնուրույն կյանքով։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Անի Մկրտչյան