«Նախքան կխոսեմ այլ մարդկանց կարծրատիպային մոտեցումների մասին, կուզեմ խոսել իմ կարծրատիպերի մասին, որ կոտրել եմ աշխատելուս ընթացքում: Հիմա մի ընկեր ունեմ, որի հետ երկար ժամանակ շփվել վախենում ու խուսափում էի, որովհետև նրա հետ շփվում էին հիմնականում մեծահասակները, բարդ ժամանակահատված էր, ասում էի՝ մարդիկ ի՞նչ կմտածեն, բայց հիմա ունեմ մի հիանալի ընկեր և դա իմ ձեռնափայտն է»:
Մեր զրուցակիցն այս անգամ Վանաձորում ապրող Հասմիկ Մխիթարյանն է, 24 տարեկան: Երիտասարդ աղջիկը, որ ակտիվ գործունեությամբ է զբաղվում հարազատ քաղաքում, այսօր մեկ կարևոր նկատառում ունի՝ հաշմադամություն ունեցող անձը զգում է, որ ինքը հաշմանդամություն ունի առաջին հերթին այն ժամանակ, երբ բախվում է միջավայրի անմատչելիության:
«Միջավայրն անմատչելի է հաշմանդամություն ունեցողի համար. խնդիրն այն չէ, որ անձն ունի հաշմանդամություն, խնդիրն այն է , որ միջավայրն է անմատչելի, մարդիկ սրանով պայմանավորված հետ են կանգնում իրենց կարևոր նպատակներից: Ես ունեմ հենաշարժողական խնդիր ու խոսում եմ իմ տեսանկյունից, բայց կարող եմ պնդել, որ բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցողներն ունեն միջավայրի հասանելության խնդիրներ, պետք է լուծվեն այս խնդիրները, պետք է ի վերջո հասնենք դրան». պնդում է Հասմիկը:
Կարծրացած պատկերացում է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց մեր հասարակությունը դժվար է ընդունում, այլ կերպ ասած, հաշմանդամություն ունեցողը ինչ-որ փուլում զգում է, որ տարբեր է, կամ հավասար չէ մյուսներին, այս առումով մեր զրուցակիցն իր սյուբեկտիվ դիտարկումն ունի:
«Ի սկզբանե, ցանկացած նոր միջավայր մտնելիս մտածում էի՝ մարդիկ ի՞նչ կմտածեն իմ մասին, երբ տեսնեն, որ հաշմանդամություն ունեմ, բայց մեծանալուս զուգընթաց հասկացա, որ ամենը կախված է նրանից, թե ինքս ինչպես կներկայացնեմ ու ինչպես կզգամ ինձ այդ միջավայրում, հետո արդեն սկսեցի ինձ դրսևորել ինչպես բոլոր մարդիկ՝ լինել անկախ ու ինտեգրված, և պարզապես սովորեցնել բոլորին, որ նույնիսկ եթե մենք իրենցից մի փոքր տարբեր ենք, միևնույնն է՝ լիարժեք մարդիկ ենք, հավասար ենք, այնպես որ միանշանակ ասել, թե հասարակությունը մեզ չի ընդունում ՝ սխալ է, մենք ինքներս էլ պիտի դրան հասնենք մեր ինքնուրույնությամբ»:
Հայտնի հանգամանք է, որ բազմաթիվ դեպքերում հաշմանդամությունը ձևավորում է կամք ու առաջ գնալու ձգտում, իհարկե, կան նաև հակառակ դեպքերը, երբ հաշմանդամությունը կոտրում է, կամ տարբեր ոլորտներում գործելու համար խոչընդոտներ առաջացնում, բարեբախտաբար, մեր այս հերոսը առաջին խմբում է, հաշմանդամությունը Հասմիկին դարձրեց ուժեղ, միունույն ժամանակ դարձրեց հաջողակ ու պայքարող իր ոլորտում:
«Ես ունեմ հաշմանդամություն, հենաշարժողական խնդիր, բժշկական տեսանկյունից՝ մանկական ուղեղային կաթված, չգիտեմ, չեմ կարող ասել՝ որտեղ կլինեի, կամ ինչով կզբաղվեի, եթե հաշմանդամություն չունենայի, բայց մի համոզմունք ունեմ, հաշմանդամությունն իմ կյանքում իր կարևոր ու դրական հետքը թողել է այնքանով, որ գուցե, եթե չլիներ հաշմանդամությունը ես չէի հասնի այն ամենին, ինչին հասել եմ, կամ այն նպատակներին ու հաջողություններին, որոնք ունեմ այսօր»:
Վանաձորի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության բաժինն է ավարտել Հասմիկը, բայց ընտրել բոլորովին այլ ուղի, հետաքրքիր է, որ երիտասարդ աղջիկն այսօր կանգնած է բազմաթիվ մարդկանց կողքին: Աշխատել մարդկանց համար, որոնք գուցե չեն հաղթահարել այն բարդությունները, որոնք հասցրել է հաղթել, ու անցնել առաջ Հասմիկ Մխիթարյանը:
«Ես ավելի շատ հետաքրքված եմ հասրակական կազմակերպություններով, այս ոլորտն ինձ ավելի շատ է դուր գալիս: EREO անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի տեղեկատվության տրամադրման, ուղղորդման համակագողն եմ: Օգնել մարդկանց, օգնել հաշմանդամություն ունեցող մարդականց, սա է իմ ու գործընկերներիս հիմնական աշխատանքը: Մեր կենտրոնում մենք անում ենք ամեն ինչ, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ լինեն անկախ, հասկանան իրենց խնդիրերը, մենք օգնում ենք գտնել այն ճիշտ տեղերը, որտեղ պետք է դիմեն խնդրի դեպքում: Բացի սրանից, ես բազմաթիվ այլ սեմինարների եմ մասնակցում ու դասընթացների, ցանկություն ունեմ հասնելու իմ գերնպատակին՝ այն է՝ հաշմանդամություն չունեցող մարդիկ ընդունեն, որ մենք իրենց հավասար ենք»:
Հավասարություն ու պայքար, կամք ու հավատ սեփական ուժերի հանդեպ. սրանք են այն կարևոր որակները, որոնցով հաշմանդամություն ունեցող անձը կզգա լիարժեքություն: «Բնավորությամբ ես պայքարող եմ, չհանձնվող, նպատակասլաց, կես կատակ կես լուրջ՝ խենթ եմ, սիրում եմ ասմունքել, մեծ բավականություն եմ ստանում գեղասահքից, չնայած այդ սպորտաձևով զբաղվել չեմ կարող հայտնի պատճառներով: Ոչինչ խոչընդոտ չի կարող հանդիսանալ, եթե դու ունես նպատակ ու ցանկություն հասնել քո ցանկություններին, պայքարիր մինչև նպատակակետդ». եզրափակում է զրուցակիցս։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Տիգրանուհի Կուրղինյան