Նեղ, խոնավ սենյակի մեջտեղում՝ փոքր աթոռին նստած է Աշոտը (անունը փոխված է)։ 15-ամյա
պատանին տետրերում հայերեն տառերն է գրում, փորձում նմանեցնել տպատառերին։ Ապա սկսում է նկարել կենդանիներ, կամ ներկել գծապատկերները։
Աշոտը սիրում է մենակությունը, երբեմն-երբեմն է զրուցում տատի հետ։ Նա չի սիրում խոսել, զրուցել, ծանոթանալ հյուրերի հետ։ Նախորդ տարի է ավարտել հիմնական դպրոցը։ Կրթությունը
շարունակելու ոչ հնարավորություն ունի, ոչ՝ ցանկություն։
Տատը շշնջալով պատմում է հաշմանդամություն ունցող թոռան մասին եւ ակամայից զայրանում, թե ինչպես 9 տարի շարունակ դպրոցը չի կարողացել Աշոտին սովորեցնել հայերեն տառերը, տալ
տարրական գիտելիքներ։ «Աուտիզմով հաշմանդամություն ունի, ներառական կրթություն ստացավ, բայց մինչեւ հիմա ոչ գրել գիտի, ոչ՝ կարդալ։ Չեմ հասկանում, թե դպրոցն ինչով է զբաղված եղել։
Ձեռքերը ծալել նստել են, ոչ էլ աշխատել են հետը, ամեն մեկն իր աշխատավարձն է ստացել»,-
ասում է Աշոտի տատը։
Տատը շատ է ցանկացել, որ Աշոտը կրթությունը շարունակի ուսումնարանում, բայց սովորելու
համար ոչ պայման կա, ոչ՝ ցանկություն։ «Ես ինչ անեմ, անգամ տառերը չգիտի»,-շարունակելով
զայրանալ՝ ավելացնում է տատը։
Ներկայում Աշոտը հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալականացման խնդիրներով
զբաղվող հասարակական կազմակերպություն է հաճախում։ Տատը անկեղծանում է՝ գոհ է
կազմակերպության մասնագետներից։ «Շաբաթական 1-2 անգամ կտանեմ, լոգոպեդի, հոգբանի ու
սոցիալական մանկավարժի հետ է աշխատում, ես գոհ եմ իրենց աշխատանքից»,-ասում է տատը։
Աշոտն ու մենակությունն իրար ընկերներ են։ Հաճախ է նստում բազմոցին ու երկար նայում տան
պատերին։ Մենակությունը հետաքրքրությամբ լցնելու նպատակով տատը մի քանի ամիս առաջ
ապառիկով հեռախոս է գնել, նվիրել թոռանը, որ զբաղվի ինտերներտով, գոնե այդպես շփվի։
«Թոշակիցս 5 հազար դրամ կհանեմ, ինտերնետի փող կվճարեմ, որ հեռախոսն առանց ինտերնետ
չմնա։ Հենց առանց ինտերնետ կմնա, լաց կեղնի»,-ասում է Աշոտի տատը։
Տատ ու թոռ ապրում են Գյումրու հանրակացարաններից մեկում՝ տարրական պայմաներից զուրկ
պայմաններում։ Պետական աջակցությունը ընդհանուր 66 հազար դրամ է, որից 36 հազար դրամը
տատի կենսաթոշակն է, մնացածը՝ Աշոտի հաշմանդամության թոշակը։
«Թոռս ամեն ինչի կարիք ունի, անգամ՝ ուշադրության։ Երբ փոքր էր, շատ էր ուզում, որ իրեն տանեի այգի, հիմա էլ տանում եմ այգի, ման բերում, մեկ-մեկ տանում եմ նաեւ հարսանիք»,-եզրափակում է նա։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան զեկույցներում անընդմեջ հրապարակում է, որ հանրակրթական դպրոցներում սովորող հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են առանձնացվել մյուս երեխաներից։ Նրանց սոցիալական ներառման խնդիրը Հայաստանում համակարգային լուծում է պահանջում։
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայել են
այն մասին, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն, այդ թվում՝ ներառական կրթություն
իրականացնող հանրակրթական դպրոցներում, հաճախ չեն ստանում որակյալ կրթություն
մյուսների հետ հավասար հիմունքներով: Մասնավորապես, խելամիտ հարմարեցումների
բացակայությունն, այդ թվում՝ շենքերի տարրական ֆիզիկական եւ տրանսպորտային միջոցների
մատչելիությունը, բավարար թվով վերապատրաստված աշխատակիցների՝ երեխաների
կրթության նկատմամբ անհատականացված մոտեցման եւ իրազեկման պակասը խոչընդոտում են
հաշմանդամություն ունեցող շատ երեխաների որակյալ կրթություն ստանալուն։
Բացի այդ, ներառական դպրոցներում անհրաժեշտ շենքային պայմաններ չկան.
հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցումները սահմանափակվում են
հիմնականում դպրոցների մուտքի մոտ կառուցված թեքահարթակով: Ավելին, ֆիզիկական
մատչելիության բացակայության պատճառով դպրոցներում երբեմն հաշմանդամություն ունեցող
երեխաների ուսումը կազմակերպում են առաջին հարկում: Բացի այդ, առկա է նաեւ ծրագրերի
մատչելիության հարցը։
Մինչդեռ 2010 թվականին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի
կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ-ը ստանձնել է միջազգային մի շարք պարտավորություններ, այդ
թվում՝ հավասար պայմաններում կրթության ապահովման իրավունքը, սակայն դրանք այդպես էլ
մինչեւ այժմ մնում են չլուծված։
Մասնավորապես, Կոնվենցիայի 24-րդ հոդվածի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձինք
չպիտի մեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից հաշմանդամության պատճառով, եւ որ
հաշմանդամություն ունեցող երեխաները չպիտի զրկվեն անվճար ու պարտադիր տարրական կամ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքից հաշմանդամության պատճառով, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պիտի լինի համակողմանի, որակյալ ու անվճար տարրական ու միջնակարգ կրթությունը համայնքի այլ անդամների հետ հավասար հիմունքներով, պիտի տրամադրվեն անհատի պահանջներին անհրաժեշտ հնարավորություններ,
ընդհանուր կրթական համակարգում հաշմանդամություն ունեցող անձինք պիտի ստանան
անհրաժեշտ աջակցություն` իրենց արդյունավետ ուսուցումն ապահովելու նպատակով եւ այյլն։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական
բարեփոխումների կոալիցիան, եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության
տեսակետները:
Անի Մկրտչյան