«Ես շատ եմ անտերության մատնված եղել, էլ չեմ ուզե»․նշում է 205/276 հասցեում բնակվող, հաշմանդամություն ունեցող 82-ամյա Ոսկեհատ տատը, որի պատմությունը մի քանի օր առաջ տարածվեց համացանցում ու թվում էր, թե խնդիրները լուծում են ստանալու։
Արդեն մի քանի տարի է, միայնակ կինը կորցրել է տեսողությունն ու դուրս մնացել պետության կողմից տրամադրվող խնամքից։ Պատմում է՝ 88-ի երկրաշարժի հետևանքով բնակարան է կորցրել, ապա ստացել նորը, իսկ հետո ստիպված այն վաճառել է և տեղափոխվել սեփական ավտոտնակ։ Ոսկեհատ տատի խոսքով՝ ինքը ժամանակին ապրել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի մասնավոր ծերանոցում, հետո, ինչպես ինքն է նշում, մեկ այլ տարեցի են ընդունել և իրենից պահանջել հեռանալ, հաշվի չառնելով, որ կինը չտեսնող է 2-3 տարի առաջ էլ ստիպված վերադարձել է նախկին ավտոտնակ։
«Ամսական 28 հազար դրամ թոշակ կստանամ, միակ փրկությունս հարևաններս ու բարի մարդիկ են, վառելիք կբերեն, ով ինչով կռնա, կօգնե»,-նշում է Ոսկեհատ տատը։Հարևանուհին՝ Գայանեն, տեսնելով, որ այս մութ ու ցուրտ ավտոտնակում Ոսկեհատ Քուչիկյանը ստիպված է մենակ մնալ, այն էլ՝ առանց խնամքի, ինքն է որոշել հոգ տանել տիկնոջ մասին։ Այս օրերին դիմել է բարերարների՝ վառելափայտի համար, բայց տիրող իրավիճակը թույլ չի տալիս տարեց կնոջը թողնել տանը մենակ։
205/276 հասցեում բնակվող 82-ամյա կնոջ օգնության կարիք ունենալու լուրը տարածվելուց հետո արձագանքել են նաև ՇՄ մարզպետարանի աշխատակիցները, որոնց ձեռնարկած համապատասխան քայլերի արդյունքում տնայց է իրականացվել։
«Այդ ժամանակահատվածում ուղիղ կապի մեջ ենք եղել Միասնական սոցիալական ծառայություն Գյումրու տարածքային կենտրոնի հետ, և համապատասխան մասնագետների տնայց իրականացնելուց ու ուսումնասիրությունից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում 82- ամյա տիկնոջը առաջիկա օրերին կտեղափոխեն Գյումրու տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն»,-մեզ հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը։
Այս ընթացքում ծեր կնոջ հարևանուհու՝ Գայանեի խոսքով՝ ինքը ընտելացել է Ոսկեհատ տատին և դժվարությամբ է պատկերացնում առօրյան, ինչպես ինքն է նշում, առանց իր Ոսկու, բայց եթե ամենօրյա խնամք,տաք և բարվոք պայմաններ են սպասվում, ապա ինքը համաձայն է տարեց հարևանուհուն վստահել պետության խնամքին։
Մենք հետամուտ եղանք նաև պարզելու, թե մինչ այս պետությունը որքանո՞վ է կատարել իր պարտականությունը քաղաքացու հանդեպ։ Միասնական սոցիալական ծառայության Գյումրու մասնաճյուղից մեզ պատասխանեցին, որ իրենք տեղեկացել են 82-ամյա կնոջ կարգավիճակի մասին միայն հանրայնացումից հետո եւ ձեռնարկել են համապատասխան քայլերը՝ օրենքով սահմանված կարգով։
Կինը չունի հաշմանդամության կարգը հաստատող փաստաթուղթ, որովհետև փաստաթղթեր անձամբ չի ներկայացրել, ընտանիքի անդամներն ու հարազատները չեն զբաղվել խնդրով, սոցիալական աշխատողներն էլ խնդրի մասին տեղեկացել են լրատվականներից։
Միասնական սոցիալական ծառայության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանի խոսքով՝ վերջին պահին Տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն տեղափոխվելու գաղափարը մերժել է 82-ամյա Ոսկեհատ տատը։ Դա հաստատեց նաև տիկնոջ հարևանուհին՝ Գայանեն, չնշելով մերժման պատճառը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան