«…խնդիրը հաշմանդամությունը չէ, այլ իրական խնդիրները. դրանք բացասական վերաբերմունքն ու միջավայրի արգելքներն են, որ ամեն օր հաշմանդմություն ունեցող մարդիկ բախվում են և բախվելու են իրենց ամբողջ կյանքում».
Մեր հարցազրույցների ընթացքում, առաջին անգամ չէ, որ հաշմանդամություն ունեցող անձը հիմնական ու անհաղթահարելի խնդիր համարում է ոչ թե բուն հաշմանդամությունը, որն ինքն ունի, այլ միջավայրի անհասանելիությունն ու կարծրատիպային և, որ առավել վատ է՝ բացասական, խոցելի վերաբերմունքը իր նկատմամբ:
Այս անգամ զրուցել ենք ՝ 29-ամյա երևանաբնակ Արման Գրիգորյանի հետ: Մանկական ուղեղային կաթվածը Արմանին խոցելի դարձրել է դեռ դպրոցական տարիներից, զրուցակիցս հիշում է՝ դպրոցում գնդակին հարվածելը անհասանելի, բայց շատ ցանկալի մի բան էր, հատկապես այն ժամանակ, երբ ոտքի վիրահատություն Արմանը նոր էր տարել:
«Ես չէի կարող խաղալ, ուզում էի մասնակցել ֆիզկուլտուրայի դասընթացներին, անընդհատ ուզում էի խաղալ ընկերներիս հետ, շփվել, բայց դա ոչ միշտ էր արժանանում դասընկերներիս, նույնիսկ ֆիզկուլտուրայիս ու մնացած ուսուցիչներիս կողմից դրական արձագանքի: Դպրոցական տարիներին, երբ նոր էի թղթակցում «Արևածագ» մանկական ամսաթերթին, այդտեղ կար մի բաժին, որ նվիրված էր հաշմանդամություն ունեցող անձանց հաջողված պատմություններին, սկսեցի հաճախ թերթել այդ պատմությունները, ծանոթանալ դրանց՝ հասկացա, որ միակը չեմ այս աշխարհում, մենակ ես չեմ, որ բախվել է խնդիրների, այդ օրվանից սկսկեցի մտածել իմ ապագա հաջողությունների մասին, այդ օրվանից ունեցա մոտիվացիա»:
Մոտիվացիայի արդյունքների ու Արմանի լավագույն ձգտումների մասին դեռ կպատմենք, մինչ այդ խոսենք այն բացերի ու խնդիրների մասին, որոնք այսօր կան մեզանում, որոնք տեսանելի ու զգալի են տարբեր հաշմանդամություններ ունեցող մարդկանց համար և լրացուցիչ դժվարություն են առօրյա կենցաղային հարցերի լուծման համար, բայցևայնպես փաստենք, դրանք հիմնականում լուծելի, տեխնիկական հարցեր են, և դրանց լուծումը բոլորիցս է կախված. «Երևանի այն թաղամասում, որտեղ ես եմ ապրում կան բազմաթիվ գեղեցկության սրահներ, սուպերմարկետներ, խանութներ, ռեստորաններ ու բանկեր, սակայն, դրանք մեծամասամբ չունեն թեքահարթակներ, կամ եթե կառուցված են, ապա դրանց 80 տոկոսը կառուցված է կոպիտ շինարարական խախտումներով: Բանկերում, երբեմն հրաժարվում են սպասարկել հաշմանդամություն ունեցող անձանց, նույնիսկ վարկեր չեն տրամադրում, բանկոմատները չունեն Բրայլյան համակարգ, ինչը խնդիր է տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար, իսկ սուպերմարկտներում ամեն ինչ դասավորված է շատ խիտ, հատկապես դարակները և բաժինները, որ հաշմանդամություն ունեցող անձը, որ օգտագործում է սայլակ, կամ քայլակ, դժվար թե կարողանա գնում կատարել այդտեղից:
Վերջերս մեր թաղամասի կանգառներից մեկում նկատեցի ձայնային լուսացույց, որ նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար, որպեսսզի անվտանգ անցնեն փողոցը, դա ուրախալի է». նշում է Արման Գրիգորյանը:
Արման Գրիգորյանը ուսանողական տարիներից բազմաթիվ պատվոգրեր ունի, ակտիվ տարիներ էին, հիշում է Արմանը, որ չնայած բազմաթիվ խոչընդոտներին, կանգ չի առել: Երիտասարդը հիմա անգլերեն է սովորւմ, լրագրություն ուսումնասիրում է կարիերայի դպրոցում, իսկ բոլորովին վերջերս ստացել է աշխատանքային առաջարկ մի կազմակերպությունից: Կարծրատիպային մոտեցումներն, այո, շատ են, լուծումները՞. Արմանը դրանք տեսնում է հասարաության կրթման միջոցով.
«Այս հարցում մեծ դեր ունեն մեր հայ լրագրողները, հայկական մեդիան, եթե դու քո խոսքը, քո նյութը կառուցելիս կարծրատիպային բառ ու խոսք ես օգտագործում, ապա մարդիկ դրանով վատ վերաբերմունք են ձևավորում, նույնը հակառակն է, եթե կառուցում ես ճիշտ խոսույթով, ապա մարդկանց վերաբերմունքը փոխվում է դեպի լավը»:
Արմանի հաջողության գրավականը հավատն է սեփական ուժերի նկատմաբ, որքան էլ դժվարություն տեսնես, պետք է միշտ առաջ նայել, պետք է հաղթահարել բոլոր փոթորիկները, անպարտ լինել, հասարակությունն էլ կարող է դեմ լինել, բայց պետք է ուժեղ լինել, առաջարկում է Արման Գրիգորյանը: Ի դեպ, Արմանը այժմ փնտրում է աշխատանք, բացի լրագրությունից, բիզնեսի և ձեռնարկատիրության ոլորտում ևս գիտելիքները քիչ չեն:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Տիգրանուհի Կուրղինյան