Հաշմանդամություն ունեցող երեխայի մայրը հայտնվել է անելանելի իրավիճակում։ Ահազանգում է այն մասին, որ մեծ դժվարություններով է կարողանում ապահովել երեխայի վերականգնողական բուժումը, քանի որ Հանրապետական վերականգնողական կենտրոնում գրեթե անհնարին է դարձել ծառայություններից օգտվելը։
«Մենք ուղեգրով գնում ենք, երեխաս երկրորդ կարգի ցմահ հաշմանդամություն ունի։ Բժշկուհին ասում է՝ ավելի ծանր երեխաներ կան, որոնք ունեն բուժման կարիք։ Իմ երեխան էլ ունի բուժման կարիք, ես ոչ մի երեխայի փոխարեն չեմ գնում, իմ երեխան ունի բուժման իրավունք։ Ես գնում եմ ուղեգրով, ամեն ինչը օրինական գնում եմ, ինչ է նշանակո՞ւմ՝ քո երեխան թեթև վիճակում է, իրենից ծանր երեխաներ կան։ Իմ երեխան անպայման պետք է սայլակ օգտագորի՞, որ իրեն ընդունեն վերականգնողական կենտրոն»,-ասաց մայրն՝ այս փուլում ցանկանալով, որ խնդիրը լուսաբանվի անանուն, քանի որ, ըստ նրա, անձի նույնականացման դեպքում վերականգնողական կենտրոնում նոր խնդիրներ կառաջանան։
Նորագյուղում գտնվող Հանրապետական վերականգնողական կենտրոնը միակն է, որը պետպատվերով սպասարկում է 18-ից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց։ Մեզ ահազանգած քաղաքացու երեխան այդ խմբի անձանցից է։ Նշում է՝ ստիպված է այս հաստատության ծառայություններից օգտվել, քանի որ ֆինանսական խնդիրներ ունի։
«Երեխաս սրտի արատով է ծնվել, կյանքին վտանգ էր սպառնում։ Վիրահատել են 10 ամսականում։ Հիմա ֆիզոթերապիաների կարիք ունի, քանի որ ողնաշարի խնդիրներ ունի։ Լոգոպետի, հոգեբանի և այլ մասնագետի կարիք ունի։ Ամեն տարի ինչու՞ պետք է դժվար գնամ վերականգնողական խնդիր։ Այսինքն, եթե իմ երեխան սայլակ չի օգտագործում, ուրեմն խնդիր չունի՞»,-ասաց մայրը։
Հաշմանդամություն ունեցող երեխայի մայրը ուշդրություն է հրավիրում նաև այն խնդրի վրա, որ չափահաս դառնալուց հետո նրանք զրկվում են առողջարանային կենտրոններ այցելելու պետական ծրագրերից, ինչն էլ ավելի բարդացնում առկա խնդիրները։
«Երեխան ուզում է իր հասակակիցների հետ շփվի։ Ամբողջ օրը ինձ հետ է, մեծերի մեջ է, ուզում է իր տարիքի անձանց հետ շփվի, բայց միայնակ չի կարողանում, պետք է գնա առողջարան, պետք է նման տեղ գնա, որ իր հասակակիցները լինեն։ 18-ից բարձրների համար ոչ մի տեղ չկա»,-ասաց նա։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան