Փաղաքշական արտահայտություններ, հիացական վերաբերմուք ու ջերմ խոսքեր, որ ոչ թոռներին, ոչ էլ դուստրերին է ուղղված, այլ թելից կյանք ստացած այն խաղալիքներին, որ 57-ամյա կնոջն այդ տարիքում նորից ապրելու հույս տվեցին։
Կյանքը փոխվեց 10 տարի առաջ։ Գայանե Աղասյանը 43 տարեկան էր, երբ ավտոբուսի մեջ, կտրուկ արգելակելու հետևանքով, ընկավ ու ողնաշարի կոտրվածք ստացավ։ Հաշմանդամություն ձեռք բերեց և սկսեց տեղաշարժվել սայլակով։ Երկար տարիներ տնից դուրս չէր գալիս, շփվել չէր ուզում․ կարճ ասած՝ կյանքն անիմաստ էր թվում։
«Ամբողջ օրը պառկած էի, թևերս թույլ էին, չէի կարողանում ինքնուրույն ոչինչ անել։ Սթրեսից մազերս թափվեցին, ես շատ նիհարեցի։ Ոչ մի տեղ չէի գնում։ Երեք դուստր ունեմ, նրանք էին ինձ խնամում։ Մոտ 2-3 տարի առաջ էր, դուստրս 3-րդ բալիկին էր սպասում։ Որոշեցի փորձել, շյուղերը ձեռքս առա ու երեխայի համար հագուստ գործեցի։ Ստացվեց, կարողացա ձեռքերս աշխատացնել։ Ես 7տարեկանից շյուղերով գործել եմ, բայց դեպքից հետո, որ ձեռքերս թույլ էին չէի էլ փորձել, փաստորեն նորից կարողացա գործել», — պատմում է տիկին Գայանեն։
Գործեց ու դրանից ոգևորված սկսեց նոր աշխատանքներ անել։ Ինքնուրույն սովորեց նաև հելունով գործել, դա էլ ստացվեց ու այնքան լավ, որ երբեմն ինքն էլ էր զարմանում արդյունքի վրա։
«Երբ գործում եմ, լրիվ կտրվում եմ աշխարհից, իրականությունից, ցավերից ու դժվարություններից։ Նոր մարդ եմ դառնում, հասկանու՞մ եք։ Էս թելերի աշխարհը ինձ թույլ տվեց նորից ապրել, նորից ուզենալ ապրել։ Ես 2 ամիս առաջ նաև բարեգործական ընկերության կողմից էլեկտրական սայլակ ստացա։ Պետության տվածը մեխանիկական էր, ես չէի կարողանում դրանից օգտվել, իսկ այս նոր սայլակը շատ հարմար է։ Ես անգամ սկսեցի տնից դուրս գալ, առիթների մասնակցել»,- մեծ ոգևորությամբ ու ժպիտը դեմքին պատմում է տիկին Գայանեն։ Խոսքի հնչեղությունն ու երանգը միանգամից մատնում են, որ տիկին Գայանեն տարիներ առաջ աշխույժ կյանքով ապրող, կենսուրախ կին է եղել։ Այդպիսին է նաև հիմա, իր բնորոշմամբ՝ երկրորդ կյանք ստանալուց հետո։
Տիկին Գայանեի բնակարանը 2-րդ հարկում է, վերելակ չկա։ Միայնակ տնից դուրս գալ չի կարողանում։ Հիմա նոր երազանքներ ունի՝ ուզում է տունը վաճառել, սեփական տուն գնել, որ կարողանա ինքնուրույն իր հարցերը լուծել, իր նպատակներին հասնել, իսկ նպատակներ հիմա շատ ունի։ Ուզում է մի տեղ գտնել, որտեղ կկարողանա իր գործածները վաճառքի դնել, ուզում է ցուցահանդեսների մասնակցել։ Արդեն նոր լոգո էլ ունի, համացանցով մեկը իր համար լոգո է պատրաստել։ Ամեն ինչ դեռ առջևում է, ասում է։
«Ես ուժեղ մարդ եմ, որ կարողացա այս ամենը հաղթահարել։ Հիմա հասկանում եմ, որ ինչ էլ որ լինի, կյանքը քաղցր է, պետք չէ՛ հուսահատվել, հիասթափվել։ Պարզապես պետք է ապրելու նոր իմաստ ու ուժ գտնել։ Ես հիմա անդադար գործում եմ, պառկած եմ գործում, երկար նստել չեմ կարողանում, բայց մինչև գիշերը ժամը 4-ը գործում եմ, 2-3 ժամ եմ քնում, բայց լավ եմ քնում։ Առաջ դեղերով էլ չէի կարողանում հանգիստ քնել։ Հիմա, որ ինձ ծաղկեփունջ են նվիրում, թելերից կազմված ծաղկեփունջ են նվիրում, սա՛ է իմ նոր աշխարհը։ 57 տարեկանում սկսեցի խաղալիքներով ուրախանալ, ո՞վ կմտածեր», — ծիծաղելով ասում է տիկին Գայանեն։
Նա նաև աշակերտներ ունի, նրանց գործել է սովորեցնում։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան