Երգ-երաժշտություն, պար, ձեռագործ աշխատանքներ. ամենը հաշմանդամություն ունեցող անձանց կատարմամբ:
Հունիսի 29-ին Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում «Կարիտաս Արեգակ» հիմնադրամի «Էմիլի Արեգակ» կենտրոնում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների վերաբերյալ մշակութային միջոցառում։
Միջոցառման մեկնարկը տրվեց երաժշտական կատարումներով, այդ թվում էին հաշմանդամություն ունեցող անձանց ծնողների երգչախմբի կատարումները, որոնց հաջորդեց հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը։
Երկու մասից բաղկացած միջոցառման առաջին հատվածում մասնագետները կարպետագործության, գոբելենագործության, կավագործության, այգեգործության, էտյուդների բեմադրության և հայկական պարերի ուսուցման վարպետաց դասեր անցկացրեցին, իսկ երկրորդ հատվածում մասնակիցները ներկայացրեցին ուսուցման արդյունքները:
Մարինե Աթայանը «Կարիտաս Արեգակ» հիմնադրամի երիտասարդական կորպուսի համակարգողն է ու միջոցառման կազմակերպիչը, վերջինիս խոսքով միջոցառման մասնակիցների թիվը սպասվածից շատ էր, բոլորի կողմից մասնակցության ոգևորությունը՝ մեծ:
«Արվեստը բոլորին հասանելի է ու հավասարության դրսևորման լավագույն հարթակ է: Մեր թիմի կողմից իրականացվող մշակութային միջոցառումներն, հատկապես, ապահովում են հավասար պայմաններ, որովհետև մշակված է համապատասխան գործիքակազմ, կան համապատասխան մասնագետներ:
Տարիներ շարունակ կենտրոնում եկել ենք այն եզրահանգման, որ հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքի անձինք մեծ սիրով ուզում են մասնակցել արվեստին վերաբերող տարբեր միջոցառումների, հետաքրքրվածությունը շատ մեծ է:
Այս միոցառումը հատկապես ներառականության ապահովման կարևոր հարթակ է, արվեստը հնարավորություն է տալիս մտքի ճկունությունը օգտագործելու: Շուրջ 120 գրանցված մասնակիցներ ունենք, որոնք իրենց ցանկությամբ մասնակցում են միջոցառմանը»:
Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունեցին «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը, «Կարիտաս Արեգակ» հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանն ու «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի համայնքների հզորացման խմբի համակարգող Հայկ Մկրտչյանը։
Գայանե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրի շրջանակներում առաջնային նպատակ է՝ անդամ կազմակերպությունների կողմից իրականացվող տարբեր միջոցառումներով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների և հնարավորությունների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը, ներառականության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, հավասար մասնակցության խթանմանը։
«Ներկայացված աշխատանքները, բեմադրությունը, պարերի և արվեստի այլ ճյուղերի ուսուցումը հաշմանդամություն ունեցող երիտասարդների ստեղծագործական երևակայության, աշխատանքային ներուժի, անկախ կյանքի ձգտման արտացոլումն է։ Մենք նաև հանրությանը ցույց ենք տալիս հաշմանդամություն ունեցող անձանց ներուժն ու ներառականության կարևորությունը, ինչպես տեսնում եք ամբողջ աշխատանքները կատարում են հաշմանդամություն ունեցող և չունեցող երիտասարդներն ու նրանց ծնողները»,- նշեց «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Տիգրանուհի Կուրղինյան