Սեփական տուն վերադառնալու ցանկությամբ Գայանե Ասատրյանն ապրում է արդեն մոտ 2 տասնամյակ:
«Կուզեմ ապրել իմ կյանքով, անձնական կյանքով, ինքս՝ ինձ». ասում է Գայանեն:
Հիմա Սպիտակի խնամքի տանն է, Հայաստանի տարբեր հաստատություններում է ապրել, ծանր օրեր ունեցել, բայց միշտ մտածել այն մասին, որ օրերից մի օր կվերադառնա տուն, կապրի ինքն իր ցանկությամբ, ինքնուրույն, իր տանը, այնպես, ինչպես երկար ժամանակ երազել է:
Դատարանը Գայանեին ճանաչել էր անգործունակ, մինչև բոլորովին վերջերս:
Լուսանկարը՝ Փիրուզա Խալափյան
Հիմա ավելի մանրամասն.
Ինչպես հիմա է արդեն հիշում ու պատմում է՝ քեռին անգործունակ է ճանաչում իրեն՝ դառնալով խնամակալ, վաճառում է երկու սենյականոց բնակարանը, մեկնում է արտերկիր, այնտեղ հանկարծամահ լինում, իսկ Գայանե Ասատրյանը, կրկին ազգականների միջամտությամբ հայնտվում է Սևանի հոգեկան առողջության կենտրոնում: Հետո, այդ բնակարանի փոխարեն, դատարանի միջնորդությամբ, քեռու կինը մեկ սենյականոց բնակարան է վերադարձնում, որը խարխուլ, անմխիթար վիճակում է:
«Հեշտ չէր, ծանր օրեր եմ ապրել, քեռիս ինձ խաբեց, քրոջս չեմ տեսել արդեն 22 տարի, ինքն ուզում էր երկու սենյականոց բնակարանի փոխարեն վերադարձված մեկ սենյականոցը վաճառել ու այդ նպատակով ինքն ինձ դարձավ խնամակալ, ես տեղյակ չէի, եկա տուն ու իմացա, որ նա այդ թղթերը սարքել է, ու այդ օրվանից ես իրեն չեմ տեսել: Ամենամոտ ազգականներս ինձ խաբեցին». պատմում է Գայանեն:
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի՝ Սպիտակի խնամքի տուն կատարած հերթական այցի շրջանակներում Գայանեն դիմում է կոալիցիայի անդամներին, օգնություն խնդրում գործունակության վերականգման մասով:
Շահադիտական նկատառումներով, կնոջ սեփականության ներքո գտնվող բնակարանը վաճառելու համար են ժամանակին հարազատները դատարան դիմել ու այդպիսով անգործունակ ճանաչել Գայանեին: Տարիներ շարունակ հոգեբուժարաններում, տարբեր խնամքի հասատատություններում է գտնվել Գայանեն, սակայն միշտ ձգտել է վերականգել իր, այսպես ասած, գործունակ կարգավիճակը, մեզ հետ զրույցում նշեց փաստաբան Հասմիկ Կարապետյանը:
«Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան որոշեց դատական կարգով վերականգնել Գայանե Ասատրյանի գործունակությունը: Մենք իրավաբաններով աշխատեցինք, բոլոր ապացույցներն ու հիմքերն հավաքեցինք, Սպիտակի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը նշանակեց դատաբժշկական փորձաքննություն, բժիշկների եզրակացությունն այն էր, որ Գայանեն ենթակա է գործունակ ճանաչման, դատավորը հիմք ընդունելով բժիշկների եզրակացությունը Գայանեին ճանաչեց գործունակ»,-նշում է գործով զբաղված փաստաբանը: Ստացվում է՝ կինը շուրջ 20 տարի զրկված է եղել տարրական կենսագործունեություն իրականացնելու, նաև իր գույքը տնօրինելու իրավունքից:
«Հասկանում եք, շատ ծանր է, երբ ուզում ես ինչ-որ բան անել, տարրական հարցեր լուծել, ապրել պարզապես, այնպես, ինչպես կարող ես, բայց չի ստացվում, որովհետեւ անգործունակ լինելը սահմանափակում էր ինձ: Ես այս տարիները վատնել եմ հենց դրա պատճառով, ինձ խաբել են հարազատներս, ու ես կորցրել եմ ինքնուրույն ապրելու իմ իրավունքը: Հիմա ցանկությունս շատ մեծ է իմ տանը ապրել, միայն թե վերանորոգման կարիք կա, եթե կարգավորվի այդ հարցերը կգնամ այնտեղ կապրեմ, կաշխատեմ»:
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի իրավական աշխատանքների համակարգող Անահիտ Չիլինգարյանն ասում է՝ խնամակալության համակարգը, ինքնին անձի իրավուքների խախտում է, միջամտում է անձի ազատությանը, ինքնավարությանը, իր վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությանը, վերջիվերջո՝ արժանապատվությանը և ոչ իրավաչափ կերպով սահմանափակում անձի բազմաթիվ իրավունքներ․
«Մյուս կողմից, հաճախ խնամակալների կողմից կարող են չարաշահվել հոգեկան առողջոււթյան խնդիրներ ունեցող անձանց իրավունքները, ներառյալ նաև սեփականության իրավունքները։ Խնամակալության համակարգը չի գործում ի շահ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի իրավուքների պաշտպանության: Ավելին, անհրաժեշտ է ոչ թե առաջնորդվել այն մոտեցմամբ, թե մենք ավելի լավ գիտենք, որն է այդ անձի կարիքն ու ցանկությունը, կամ մտածել, որ խնամակալը ավելի լավ գիտի, հակառակը՝ օգնել, որ անձը, անկախ իր հոգեկան առողջության վիճակից հնարավորինս լայն հնարավորություններ ունենա իր կամքին համապատասխան իրացնել իր իրավունքները, կայացնի իր վերաբերյալ որոշումներ։ Հնարավորություն և հարթակներ ունենա անհրաժեշտության դեպքում դիմել որոշումների կայացման համար օգնության և, երբ զգա, որ խախտվում ու չարաշահվում է իր իրավունքը՝ դիմի պաշտպանության և հրաժարվի այդ աջակցությունից». բացատրում է իրավաբան Անահիտ Չիլինգարյանը:
Խնամակալության, անգործունակ ճանաչման համակարգի վերացում և որոշումների կայացման աջակցության համակարգի ներդրում, մասնագետները մեր երկրում սրա անհրաժեշտության մասին արդեն վաղուց բարձրաձայնում են: Վերոնշյալ պատմության պես բազմաթիվ նախադեպեր կան, երբ անձի անգործունակ ճանաչումը լավագույն որոշումը չէ, մեղմ ասած և առհասարակ, անգործունակ ճանաչելու մոտեցումը ըստ վերոնշյալ պնդման լավագույն այլընտրանքներ ունի:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Տիգրանուհի Կուրղինյան