Մրցելու հնարավորություն ու սպորտային հարթակ՝ մեկ հարկի տակ. Հունիսի 15-ին, Գյումրիի «Էմիլի Արեգակ» կենտրոնում մեկնարկեց «Մրցելու հնարավորություն» թեմայով սպորտային միջոցառումը։
Նախքան սպորտային անցուդարձը կմեկնարկեր՝ իրենց խոսքով ներկաներին ողջունեցին «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանն ու «Կարիտաս Արեգակ» հիմնադրամի նախագահ Տիգրանուհի Հակոբյանը։
Վերջիններիս խոսքով կարևոր ու առանձնահատուկ նշանակություն ունի հասարակության իրազեկվածությունը բարձրացնելը՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների ու հմտությունների մասին, որպես միջոցառման մյուս բաղադրիչ կարևորվեց նաև ադապտիվ սպորտաձևերի զարգացումն ու տարածումը հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում:
«Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրն իրականացնում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
«Նշեմ, որ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների միություն է, այս պահին 16 կազմակերպություններով և 6 անհատներով: Վերջիններս իրենց գործունեությունն են ծավալում Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում: Այս ծրագրի նպատակն էր ոչ միայն զարգացնել կոալիցիայի և իր անդամների ինստիտուցիոնալ կարողությունները և հզորացնել կոալիցիան, այլ նաև այն դարձնել այն կառույցը, որ կկարողանա մեծ ջատագովություն իրականացնել և իր ձեռագիրը թողնել ոչ միայն օրենսդրական դաշտում փոփոխություններ իրականացնելով,այլև աշխատանքներ տանել հասարակության հետ՝ մեծացնելով իրազեկվածության մակարդակը։»:
Ծրագրի շրջանակում իրականացվող սպորտային միջոցառման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն պատմեցին բոչիայի, կույր ֆուտբոլի, ադապտիվ վազքի մասին, այլ նաև թիմերի բաժանվեցին և մրցաշարային խաղեր ունեցան։
«Ծրագրի այս հատվածում մենք ցանկություն ունենք, որ հանրությունը տեսնի, թե որքան կարևոր են ադապտիվ սպորտաձևերը և ինչպես կարող են միասին մրցել հաշմանդամություն ունեցող և չունեցող անձինք և ամենակարևորը՝ ցույց տանք, որ մենք պետք է ամեն ինչ մեր երկրում դարձնենք ներառական, ոչ միայն միջավայրը այլ նաև սպորտը: Եթե խոսենք ադապտիվ սպորտաձևի մասին, ապա այն մեր երկրում տարածում են հասարակական կազմակերպությունները և շատ քիչ ադապտիվ սպորտաձևեր կան, որ պետության աջակցության ներքո են:
Ծրագրի ղեկավարի խոսքով՝ նաև էական նշանակություն ունի տարբեր կառույցների, այդ թվում մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների մսսնակցությունն այս միջոցառումներին, ներառականության գաղափարի ամրապնդման, արժևորման տեսանկյունից:
Միջոցառումը երկօրյա է, դրա շրջանակներում մասնակիցները ոչ միայն մրցեցին տարբեր ադապտիվ սպորտաձևերում, այլ նաև մասնակցեցին դասընթացների՝ տեղեկանալով առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգի, տարբեր սպորտաձևերի մասին: :
Ինչպես ամբողջ օրվա ընթացքում բոլորը համահավասար հնարավորություն ունեցան մրցելու, այնպես էլ օրվա վերջում բոլորը պարգևատրվեցին՝ ստանալով մասնակցության վկայականներ։
Միջոցառման երկորորդ, եզրափակիչ օրը՝ հունիսի 16-ին միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել հանդիպել ադապտիվ սպորտում հաջողություններ գրանցած մարզիկների հետ, ովքեր կիսվել են իրենց փորձով և հաջողության պատմություններով։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Տիգրանուհի Կուրղինյան