20-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը միշտ երազել է կրել զինվորական համազգեստ, բայց հաշմանդամության կարգի հետ այն անհամատեղելի է եղել։ Արտյոմի երազանքն իրականություն դարձավ «Հայկական Կարիտասի» «Կարի կենտրոն կանանց համար» ծրագրի շրջանակներում կայացած ծրագրի շրջանավարտների կողմից կարված հագուստների հերթական ցուցադրության ժամանակ։
«Ես միշտ երազել եմ գնալ ծառայության ու կրել զինվորական համազգեստ, բայց ինչ-ինչ պատճառներով դա չեղավ, փոխարենն այսօր ես ներկայացա կենտրոնի կողմից կարված հագուստով: Սա իսկապես ինձ համար շատ կարևոր միջոցառում էր»,-նշում է Արտյոմն ու հավելում, որ շուկայում ադապտիվ հագուստ գտնելը բարդ է։
Այս մտքի հետ համամիտ է նաև ծրագրի փորձագետ Աննա Հակոբյանը: Իր խոսքով՝ իհարկե, հագուստը չէ, որ գեղեցկացնում է մարդուն, բայց երբեմն հագուստի տեսակ կա, որի կարիքը զգացվում է. դա այս դեպքում ադապտիվ հագուստն է։
«Մենք որոշեցինք փորձնական այսպիսի ցուցադրություն կազմակերպել։ Մեր ուղերձն է, որ գեղեցիկ կարող են լինել բոլորը՝ անկախ սեռից, տարիքից և ֆիզիկական ու մտավոր կարգավիճակից։ Իսկ ադապտիվ հագուստի կարիքը ավելի քան զգացվում է տեղի շուկայում. այն Գյումրիում դժվար է գտնելը, ավելի կոնկրետ՝ չկա, և մեր ուղերձն այս դեպքում տեղի ներկրողներին և արտադրողներին է ուղղված նաև: Այն օգնում է հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներին հեշտորեն կազմակերպել իրենց երեխայի խնամքը, մասնավորապես այն ծնողների, որոնց երեխաները անվասայլակից են օգտվում։ Մենք այս ցուցադրող հագուստից ունենք երկու նմուշ. մեկը նվիրելու ենք հաշմանդամություն ունեցող անձանց, մյուսը պահելու ենք որպես ցուցադրության նմուշ»,- նշում է Աննան:
Նշենք, որ ադապտիվ հագուստը կարող են հագնել նաև այն մարդիկ, որոնք հաշմանդամություն չունեն։ Ցուցադրությանը ներկա էին նաև գյումրեցի ներկրողներն ու դերձակները: Կազմակերպիչների խոսքով՝ միգուցե սա առիթ ու գաղափար դառնա ադապտիվ հագուստի ներկրման համար։
«Հայկական Կարիտաս» ԲԿՀ ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանի խոսքով՝ ցուցադրության նպատակն է ընդգծել ներառականության գաղափարի կարևորությունը, այս անգամ՝ նորաձևության միջոցով։
«Ադապտիվ հագուստի ստեղծման գործում մասնակցություն են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց ծնողները։ Սա ուղերձ է հանրությանը, որ հաշմանդամություն ունեցողների և չունեցողների իրավունքները հավասար են։ Միջոցառման նպատակն էր ընդգծել ներառականության գաղափարի կարևորությունը նորաձևության ոլորտում և ևս մեկ անգամ փաստել, որ գեղեցկությունը բազմազանության մեջ է»,- նշում է Գայանե Նորիկյանը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան