Գյումրու գրեթե ոչ մի դպրոց ներառական կրթության բոլոր բաղադրիչներին համապատասխան չէ: Հիմնականում բացերն առկա են շենքային պայմանների, համապատասխան հարմարեցումների և անվտանգ միջավայր ունենալու հարցում:
Մանվել Ղազարյանը 13 տարեկան է, Գյումրու թիվ 9 դպրոցի սան: Տղան մանկական ուղեղային կաթված ունի : Տեղաշարժվում է քայլակով:
Մանկապարտեզ չի գնացել: Մայրն ասում է՝ չեն ընդունում նման խնդիրներ ունեցող երեխաներին: Այդ բացը լրացվել է «Էմիլի արեգակ» կենտրոն հաճախելով:
Դպրոցի ընտրության հարցում ընտանիքը փնտրտուքների մեջ չի եղել: Քաղաքում չկա ընտրության հնարավորություն: Բոլոր դպրոցների պայմանները նույնն են: Նրանց կողմնորոշել է տղայի լողի մարզիչը:
«Մեր մարզիչը, որը համատեղությամբ նաև 9-րդ դպրոցում է աշխատում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, առաջարկեց գնալ ու ծանոթանալ դպրոցի պայմաններին ու աշխատակազմին: Մենք էլ գնացինք ու չենք փոշմանել:
Անհարմարությունների հետ դեռ շատ չենք բախվել: Տնօրենի որոշմամբ, տղայիս դասասենյակն առաջին հարկում է գտնվել, դռներն էլ հարմարեցված են քայլակին և նա կարողանում է ազատ տեղաշարժվել»,-ասում է Մանվելի մայրը՝ Լուսինեն:
Դպրոցն իսկապես հարմարեցումների կարիք ունի: Տնօրեն Ջուլյա Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասում է՝ Մանվելից բացի այլ երեխաներ էլ կան դպրոցում, որոնք ֆիզիկական խնդիրներ ունեն, և համարեցումների համար փորձել են տարբեր ելքեր գտնել:
«Հնարավորինս փորձում ենք ապահովել նրանց տեղաշարժը` մարդկային ռեսուրսներ կիրառելով։ Ինչպես նաև ունենք քայլակ, որն օգնում է տեղից տեղ տեղաշարժվել։
Փորձեցինք աստիճանների վրա շարժական սարքավորում ամրացնել, որը կօգներ սայլակով բարձրանալ, բայց աստիճանների թեքությունը թույլ չտվեց: Երեխաների նկատմամբ առավելագույն ուշադրություն է ցուցաբերվում»,-ասում է տիկին Մովսիսյանը:
Ուշադրության պակասից նաև Մանվելի ընտանիքը չի դժգոհում: Դրանով է պայմանավորված, որ Մանվելն արդեն կարողանում է դասամիջոցներին ինքնուրույն մասնակցել, վստահությամբ դուրս գալ միջանցք: Նաև դասընկերներն են շատ ուշադիր:
Այս դպրոցում նաև կա մեկը, ով ինքնակամ և մեծ պատրաստակամությամբ է օգնում Մանվելին: Վարազդատ պապն է, դպրոցի պահակը: Նա տղային օգնում է սանհանգույցից օգտվելիս: Դրանք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների համար:
Տնօրենն ասում է պետք է մեկը, որն իրենց կօգնի և սանհանգույցների հարմարեցումների, և թեքահարթակների կառուցման հարցում: Խոսքը ֆինանսական օգնության մասին է:
Դպրոցից դուրս էլ տեղաշարժի խնդիրներ կան: Սակայն, այն, որ քաղաքային իշխանությունն անընդհատ հայտարարում է, թե հաշմանդամություն ունեցողների համար երթուղայիններ կան, իրականության հետ կապ չունի:
Մանվելի մայրը միակը չէ, ով Գյումրիում երբեք չի հանդիպել այդ երթուղայիններին:
«Հուսանք մի օր մեր քաղաքն էլ լիարժեք կդառնա»,-ասում է Լուսինեն՝ միաժամանակ ընդգծելով, որ աստիճանաբար Գյումրիում այս հարցում դրական դինամիկա է նկատում: Քաղաքում թեքահարթակներ են ավելանում, ժամանցային ծրագրերում նաև հաշմանդամություն ունեցողներն ընդգրկվելու հնարավորություններ ունեն:
Անկախ Մանվելի ունեցած խնդրից մայրը վստահ է, որ որդին իրեն հասարակության լիարժեք անդամ է զգում:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Արմենուհի Մինասյան