Երևանի վարձակալած բնակարանի լուսավոր մի անկյունում 12-ամյա Անին է նստած նկարում։ Սեղանը գունավոր ներկերով ու թղթերով է լցված։ Ներս մտնողին աղջնակը ոգևորված դիմավորում է ու դեպի բազմոցը ուղեկցում, հետո մայրիկի թաքցրած կոնֆետները փորձում գտնել։
«Ինքն էդպես է, հյուրեր շատ է սիրում ու սիրած կոնֆետներով ուզում է հյուրի սիրտը շահել», — ասում է Վերոնիկայի մայրը՝ Անի Մխիթարյանը։
Որ Անիի ամենասիրելի զբաղմունքներից մեկը նկարելն է, պարզ է դառնում միանգամից, պատերին ձեռքերով արված գունավոր նկարներն են։
Անին մանկական ուղեղային կաթված ունի, մայրիկի հետ Երևան է տեղափոխվել Լոռու մարզի Հարթագյուղից, պատճառը պարզ է՝ գյուղում անհաղթահարելի դժվարություններ կային, անտանելի էր նաև մարդկանց վերաբերմունքը։
«Նախ ճանապարհներն են ահավոր, անհնար է սայլակով երեխային դուրս հանել, դրա պատճառով երեխաները տարիներով մնում են տանը փակված։ Ընտանիքի անդամներն էլ ամաչում են։ Երբ դուստրս դեռ փոքր էր, տատիկը դուրս տանելիս հանում էր օրթեզներն ու լսողական ապարատը, որ հարևանները չիմանային։ Իմ աղջիկը նաև էպիլեպսիա ուներ և մի օր հարևաններից մեկն ասաց, որ դա դիվային հիվանդություն է», — պատմում է Անին։ Նման վերաբերմունքի պատճառով շատերը պարզապես հաշմանդամություն ունեցող երեխային թաքցնում են հասարակությունից։
Խնդիրները մարզերում տարատեսակ են ու ամենուր, օրինակ ամբողջ գյուղում չկա ժեստերի լեզվին տիրապետող մասնագետ, չկա սուրդոմանկավարժ, նույնիսկ պոլիկլինիկաներում չգիտեն, թե ո՞րն է հաշմանդամություն ունեցող երեխային տրվող 3-րդ ձևը։
«Մարզում հաշմանդամություն ունեցողը միայնակ է իր խնդրի հետ։ Թեքահարթակների մասին խոսելը ծիծաղելի է, նույնիսկ ճանպարհ չկա, էլ ուր մնաց թեքահարթակ։ Ընդամենը մեկ գլխավոր փողոց է ասֆալտապատած, դրա համար էլ մարդիկ երեխաներին տնից դուրս չեն կարողանում հանել, քայլակով քայլել էլ հնարավոր չէ», — ասում է Անին, որ երեխային հատուկ դպրոց տանելու համար ստիպված է Երևանում վարձով բնակվել;
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Մեր մյուս զրուցակիցը՝ Սվետլաննա Մանասյանը Էջմիածնի Արագած գյուղից է, երեք երեխաների մայր։ Երեխաներից մեկը հաշմանդամություն ունի, ով 5-րդ դասարանում է սովորում։ Ի թիվս մի շարք խնդիրների, այդ թվում՝ ճանապարհների անմատչելիության, գյուղում հատուկ կենտրոնների բացակայության, նաև դպրոցում հատուկ մանկավարժի բացակայությունն է նշում, որ այս պահին ամենից շատն է իրեն մտահոգում։
«Նախկինում դպրոցում կար հատուկ մանկավարժ, բայց չգիտեմ ինչու դուրս է եկել և այս կիսամյակ չենք ունեցել մանկավարժ։ Երեխային տանում եմ, նստում է մյուսների հետ, ոչինչ չի սովորում ու էդպես տուն եմ բերում։ Հարցնում եմ, ե՞րբ կլինի նոր մանկավարժ, ասում են չգիտենք, դեռ պետք է քննություն հանձնեն, բայց այդպես երեխան սովորածն էլ կմոռանա։ Ես տանը որքան կարողանում եմ պարապում եմ իր հետ, բայց դա քիչ է», — դժգոհում է Սվետլաննան։
Միայն դստեր դասարանում 6 հաշմանդամություն ունեցող երեխա կա և նման վերաբերմունքը անընդունելի է համարում։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Ներառականության ապահովման համար շատ կարևոր է կրթությունը, որ մեր երկրում արդեն հաստատված է։ Իրականացման առումով մի շարք դժվարություններ կան, որոնք համատարած են։ Մարզերում ներառական կրթության արդյունավետ ապահովման համար 3 կարևոր գործողություն պետք է իրականացվի՝ անհրաժեշտ մասնագիտական կազմի առկայություն, նյութատեխնիկական բազայի հագեցվածություն և բարձր աշխատավարձ, որ կշահագրգռի ուսուցչին։ Բայց թե որքանով են սրանք իրականացվում՝ վիճելի հարց է, տեմպերը գոհացնող չեն, ասում է «Հավասար իրավուքններ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ ղեկավար Անուշ Ասլանյանը։
Մարզերում նաև մատչելիության խնդիրն է առկա, իսկ անձի ներառականության հարցում դա ամենակարևոր հարցն է։
«Եթե խոսում ենք ծառայություն ստանալուց՝ կրթություն, աշխատանքային հմտություն, մշակութային կյանքի մասնակցություն, կարևոր է, որ անձը կարողանա տանից դուրս գալ և հասնել այդ վայրը, հակառակ դեպքում անիմաստ է խոսել ծառայության որակից», — ասում է Անուշ Ասլանյանը։
Ըստ նրա, մարզերում ոչ թե անձի, այլ միջավայրի խնդիր կա։ Անձանց ձգտումներն ու ցանկությունները նույնն են, բայց միջավայրային հնարավորությունները թույլ չեն տալիս դրանք իրականացնել։ Մարզերում չկան կենտրոններ, ծառայություններ և այլն, ինչը թույլ չի տալիս հաշմանդամություն ունեցող անձանց ապրել լիարժեք կյանքով։
Ըստ Անուշ Ասլանյանի, որպես խնդրի կարգավորում կարող է լինել 1-2 նախարարության կամ դեսպանատան տեղափոխումը մարզեր։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական Միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան