27-ամյա Լարիսան (անունը փոխված է) միայնակ մայր է։ Խնամքին ունի հաշմանդամություն ունեցող 9 տարեկան երեխա։ Նա ծնվել է մանկական ուղեղային կաթվածով, ունի միայն հենաշարժողական խնդիրներ։
Լարիսան երեխայի, ծնողների, ծեր պապի եւ հաշմանդամություն ունեցող եղբոր հետ ապրում է Գյումրիում՝ վարձով։
Երեխան ստանում է սոցիալական նպաստ՝ ամսական 23 հազար 500 դրամ եւ հաշմանդամության թոշակ՝ 39 հազար րամ։ Ինչպես պատմում է մայրը, շուրջ երկու տարի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բռնագանձել է երեխայի հաշմանդամության թոշակը։
«Երկու տարի գանձվել է ԴԱՀԿ-ի կողմից, նոր եմ սկսել ստանալ։ Պարտքեր եմ ունեցել, իմ անունով ապառիկ եմ ունեցել՝ հեռախոս, բան, այդ է մարվել, դատարան էլ ենք դիմել, թուղթ է եկել ծանուցումով, ասացին՝ եթե քո անունով է, գանձվում է»,-պատմում է Լարիսան։
Մայրն անկեղծանում է՝ ամսական 62 հազար 500 դրամը բավարար չէ երեխայի ծախսերը հոգալու համար։ Տեղաշարժում են տաքսիներով, երեխան մշտապես քայլակով է։
Երեխան դպրոց է հաճախում։ Դպրոցից տուն ու տնից դպրոց ճանապարհն անցնելիս եւս օգտվում են տաքսի ծառայություններից եւ վճարում անձնական գրպանից։
Մայրը գոհ է, դպրոցն ուշադրության կենտրոնում է պահում երեխային, իսկ երեխայի՝ բաց թողնված դասերի դեպքում մասնագետներն են տուն այցելում, դասապատրաստում կազմակերպում։ Ասում է՝ դպրոց հաճախելու օգնությամբ երեխան դարձել է ակտիվ, շփվող։
Մեկ տարի առաջ երեխան վիրահատվել է, բժշկի ցուցումով երկրորդ վիրահատությունը կազմակերպվելու է մեկ շաբաթ հետո՝ Երեւանում։
«Այդ վիրահատություններն անվճար են, մենք չենք վճարելու»,-ասում է Լարիսան։
Լարիսան աշխատել է խանութում․ հիվանդության ի հայտ գալուց հետո դարձել է գործազուրկ։ «Մեկ տարի է՝ ես վահանաձեւ գեղձի քաղցկեղ ունեմ, քիմիաթերապիաներ եմ ստանում Վրաստանում, արտերկրում»,-պատմում է նա։ Ներկայում Լարիսան երբեմն է տնից դուրս գալիս, ասում է՝ բուժումը շարունակվում է։
88-ի երկրաշարժից հետո նրա ընտանիքն ապրել է Գյումրու Ավտոկայան 104 տնակային ավանում։ Տնակի պայմանները շատ վատն են եղել, իսկ 2020 թվականի հուլիսին Գյումրիում ուժեղ հեղեղի հետեւանքով ընտանիքի միակ կացարանը փլուզվել է։ Արդեն մեկ տարուց ավելի է՝ նրանք ստիպված ապրում են վարձով, տան ամսական վճարը 50 հազար դրամ է։ Տան միակ աշխատողը Լարիսայի հայրն է։
Լարիսան պատմում է, որ փլուզված տնակը գտնվել է տնակային ավանի ամենավտանգավոր հատվածում։ Հեղեղից հետո խոստացել են սոցիալական բնակարան հատկացնել, սակայն այդպես էլ չեն տրամադրել։ «Ասացին՝ ներկա պահին չկա։ ․․․․ Քաղաքապետարանին դիմել եմ, որ օգնեն վառելափայտով, եկան, տեսան, բայց մինչեւ հիմա չենք ստացել»,-եզրափակում է նա։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Անի Մկրտչյան