«Եթե խելամիտ հարմարեցումների մեխանիզմը գործեր նախկինում, միգուցե այսօր ես բժշկուհի լինեի: Բժշկական համալսարան չդիմեցի, որովհետև ինձ այնտեղ շատ դժվարություններ էին սպասվում: Բարձրագույն կրթություն ստացա Վանաձորում»,-32 ամյա Անուշ Ասլանյանն է ասում: Մասնագիտությամբ կենսաբան է Անուշը: Հաշմանդամների հարցերով զբաղվող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» կազմակերպությունն է ղեկավարում: Հիշում է, որ բուհում շատ դժվարությունների է բախվել: Լավ կլիներ` ասում է, որ շենք- շինությունները նախապես հարմարեցվեին հաշմանդամություն ունեցող անձանց, որ հաշմանդամություն ունեցողներն էլ հանրային ակտիվ կյանքին մասնակցության ու ներառման հնարավորություն ունենային, ոչ թե սպասեին՝ հաշմանդամություն ունեցող անձը կդիմի՞ իրենց՝ աշխատելու, սովորելու կամ այլ նպատակով, նոր միայն մտածեին հարմարեցումների մասին: Սեփական փորձից դրվագներ է պատմում.
2023 թվականի հունվարից հաշմանդամություն ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող են դիմել գործատուին կամ ուսումնական հաստատության ղեկավարին՝ աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների նպատակով: Նոր օրենքի պահանջը վերաբերում է այն անձանց, ովքեր, հաշմանդամությամբ պայմանավորված, ֆունկցիոնալության սահմանափակում ունեն, ինչի պատճառով էլ չունեն իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու կամ ուսումնական գործընթացում հավասարապես ներգրավվելու հնարավորություն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանն ասում է՝ խելամիտ հարմարեցումների այս օրենսդրական քայլը բխում է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի տրամաբանությունից: Համակարգը կներդրվի այս տարվա փետրվարից։ Կիրականացվի անձի կարիքների բազմակողմանի գնահատում և անհատապես կորոշվի սոցիալական ծառայության այն տեսակը, որի կարիքն ունի հաշմանդամություն ունեցող անձը: Նախարարության ներկայացուցիչը հույս է հայտնում, որ նոր օրենքը նաև սոցիալական պատասխանատվության մշակույթ կձևավորի հանրության շրջանում .
«Կարծում եմ՝ հաշմանդամություն ունեցող անձինք էլ պիտի իրենց հերթին նպաստեն դրան, որովհետև խելամիտ հարմարեցումների կարգի համաձայն հաշմանդամություն ունեցող անձը պետք է դիմում ներկայացնի գործատուին կամ կրթական հաստատության ղեկավարին խելամիտ հարմարեցումների հետ կապված և դիմումից հետո երկուստեք սկսվում է ինտերակտիվ երկխոսություն: Այդ երկխոսության արդյունքում լսում են միմյանց, հաշմանդամություն ունեցող մարդը թվարկում է այն կարիքները որ ինքն ունի»:
Լուսանկարում՝ Աննա Հակոբյան
Եթե խելամիտ հարմարեցումն անհարկի բեռ է առաջացնում գործատուի կամ կրթական հաստատության ղեկավարի համար, նրանք կարող են հիմնավորել և չանել, -ասում է Աննա Հակոբյանը: Անիրականանալի պարտավորություն նրանց առջև չի կարող դրվել: Օրենքով նախատեսված է, որ այդ նպատակի համար գործատուն կամ կրթական հաստատության ղեկավարը կարող է տրամադրել իր տարեկան ընդհանուր ծախսերից ոչ ավելի, քան 5 տոկոսը: Չանելու պարագայում, հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դատական կարգով պաշտպանել իրենց զբաղվածության կամ կրթության իրավունքը: Սա է նաև վերահսկման մեխանիզմը:
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի շահերի պաշտպանության համակարգող Վահան Սարգսյանը coalition.am-իհետ զրույցում մտավախություն հայտնեց. «Մենք լավ օրենքներ գրում ենք, բայց իրագործումը լավ չենք պատկերացնում»: Թերահավատ է խելամիտ հարմարեցումների օրենսդրական պահանջի մասով, առավել ևս՝ բողոքարկման: «Չեմ կարծում,- ասում է, — թե հաշմանդամություն ունեցող անձը դիմի դատարան: Նրանք այնքան խնդիրների են բախվում ամենօրյա ռեժիմով, որ դատարան դիմելու ժամանակ ու ցանկություն առանձնապես չի մնում»: Նա նաև անվերահսկելի բյուրակրատական քաշքշուկների ռիսկեր է տեսնում նոր օրենքը կյանքի կոչելու հարցում.
«Աշխատող հաշմանդամություն ունեցող անձինք, այսպես, թե այնպես, շատ քիչ են: Կարելի է ենթադրել, որ ինչպես մյուս հարցերը, որ օրենսդրական մակարդակում շատ գոհացուցիչ են, իրականում կամ չեն կիրառվում, կամ կիրառվում են կիսատ-պռատ: Խելամիտ հարմարեցում չտրամադրելը հիմնավորելու համար, գործատուն միշտ էլ կարող է ուրիշ պատճառներ նշել, զուտ հաշմանդամություն ունեցող անձին գործի չընդունելու համար, խուսափելը շատ հեշտ է»: Փոքր ծախսերի դեպքում, միգուցե, համաձայնի, բայց մեծ ծախսերի դեպքում, գործատուն պիտի սոցապ նախարարություն հիմնավորված նախահաշիվ ներկայացնի, որ այս -այս բաների համար այսքան գումար է պետք, պատկերացնո՞ւմ եք ինչ թղթաբանություն ու ինչ բյուրոկրատիա է լինելու ու անվերահսկելի»:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը համարվում է հաշմանդամության հիմքով խտրականություն, ինչը արգելված է օրենքով,- Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանն է ասում: Կառավարության որոշմամբ խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը հաշմանդամություն ունեցող անձին մերժելիս, պարտավոր է հիմնավորել ինչո՞ւ, ներառյալ անհարկի բեռի առկայությունը։ Անհարկի բեռը, ասում է, այն ծախսն է, որը գերազանցում է տվյալ աշխատավայրի կամ ուսումնական հաստատության տարեկան ընդհանուր ծախսերի 5%-ը.
«Կառավարության որոշման մեջ ամբողջությամբ արտացոլված չեն այն կարևոր տարրերը, որոնք այդ հարմարեցումները դարձնում են խելամիտ: Օրենքը մի քանի հիմքեր է թվարկում, որոնց հիման վրա կարելի է մերժել խելամիտ հարմարեցումների տրամադրումը: Օրինակ, եթե գործատուի մոտ մարդը ընդունվել է աշխատանքի կարճ ժամանակով, իսկ խելամիտ հարմարեցում ապահովելու համար որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ, ժամանակի առումով գործատուն գուցե չկարողանա դա ապահովել, դա ևս մերժման հիմք է ըստ օրենքի»:
Մուշեղ Հովսեփյանի խոսքով՝ հստակեցված չէ նաև կառավարության դերն ու մասնակցությունը խելամիտ հարմարեցումները կյանքի կոչելու հարցում: ԱՄՆ-ի օրինակն է բերում, ուր պետության հովանու ներքո բազմաթիվ խորհրդատվական կառույցներ աջակցում են գործատուներին ու կրթական հաստատություններին՝ միջավայրը մատչելի դարձնելու և համընդհանուր դիզայն ապահովելու հարցում: Սա նաև պետության պոզիտիվ պարտավորությունը պիտի լինի, մեր օրենքում, մինչդեռ, միայն երկուստեք պարտականություններ են սահմանված: Ժամանակ է պետք հասկանալու՝ մեր երկրում միջինը որքա՞ն կարժենան խելամիտ հարմարեցումները: Մինչ այդ, հաշմանդամություն ունեցող անձինք ևս պիտի շահագրգիռ լինեն խելամիտ հարմարեցումների օրենսդրական պահանջի կատարման հարցում: Մերժման պարագայում էլ վստահ, որ շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների օգնությամբ կարող են դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Լուսինե Սարգսյան